Ֆինլանդիայի նախագահը խոսել է Հելսինկիի կողմից Պաղեստինի ճանաչման հավանականության մասին

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ երկրի կառավարության կողմից համապատասխան առաջարկի դեպքում, Հելսինկին կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Այս մասին Ստուբը հայտարարել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ներկայացնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և Պաղեստինի ճանաչման շուրջ Ֆինլանդիայի ղեկավարության ներսում առկա տարաձայնությունները:

«Իմ դիրքորոշումը միշտ էլ եղել է այն, որ ես ոչ թե Իսրայելի կամ Պաղեստինի կողմնակից եմ, այլ խաղաղության կողմնակից: Եվ այդ դեպքում մենք՝ Ֆինլանդիան, պետք է որոշենք, թե երբ է եկել այս խաղաղությունը առաջ մղելու ճիշտ պահը»,-նշել է Ֆինլանդիայի նախագահը:

Ստուբի խոսքով՝ Ֆինլանդիայի վաղեմի դիրքորոշումը շատ հստակ է եղել և աջակցել է երկու պետությունների մոդելին, որի արդյունքը Պաղեստինի ճանաչումն է:

Ֆինլանդիայի նախագահի բնորոշմամբ՝ Իսրայելը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը՝ Գազայի հատվածում ռազմական գործողությամբ:

«Այստեղ կան բազմաթիվ շարժական տարրեր, և Ֆինլանդիայի տեսանկյունից, երբ գործընկեր երկրները սկսում են շարժվել դեպի ճանաչում, մենք պետք է մտածենք նաև այն մասին, թե որ խմբում ենք գտնվում»,-շեշտել է նա։

Ստուբի խոսքով՝ Ֆինլանդիայի սահմանադրությունը շատ հստակ է պետության ճանաչման հարցի վերաբերյալ, և այն պահանջում է կառավարության առաջարկ։

«Ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և մեր քննարկումները կառավարության հետ այս հարցի շուրջ շատ հանգիստ և չափավոր են եղել։ Կարծում եմ, որ Ֆինլանդիան ինչ-որ պահի կճանաչի Պաղեստինը։ Հուսով եմ, որ կառավարությունը կգտնի փոխըմբռնում իրենց միջև, և սահմանադրությունը կհարգվի»,-հայտարարել է Ալեքսանդր Ստուբը։

Տեսանյութեր

Լրահոս