
Արթուր Դալալոյանն առանց դրոշի հանդես չի գա միջազգային ասպարեզում

Օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը չի պատրաստվում մրցումներին հանդես գալ չեզոք կարգավիճակով, քանի որ կարևոր գործոն է համարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես գալը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Միջազգային մրցաշարերում դժվար թե հայտնվեմ։ Այսօրվա դրությամբ մեզ այդպես էլ թույլ չեն տալիս հանդես գալ մեր դրոշի ներքո, ինձ համար դա առանցքային գործոն է»,- ասել է մարզիկը՝ հավելելով, որ չեզոք կարգավիճակ ստանալու հայտ չի ներկայացրել։
2023 թվականի հուլիսին Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարեց, որ ռուսաստանցիները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են միջազգային մրցաշարերին մասնակցել չեզոք կարգավիճակով։ 2025 թվականի հուլիսին FIG-ը մեղմացրեց չեզոք կարգավիճակ ստանալու կանոնները ռուսաստանցիների համար։
Դալալոյանը 29 տարեկան է։ Նա Տոկիոյի խաղերի օլիմպիական չեմպիոն է թիմային բազմամարտում, աշխարհի եռակի, ինչպես նաև Եվրոպայի հնգակի չեմպիոն է։