
Ղրղզստանը հետ է կանչել Տաջիկստանում իր դեսպանին

K-News-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանը հետ է կանչել հարևան Տաջիկստանում իր դեսպանին: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ԱԳՆ-ը: Դիվանագետը հետ է կանչվել խորհրդակցության նպատակով: Ընդգծվում է, որ դրա պատճառն այն է, որ ոչ վաղ անցյալում երկու երկրների սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Կողմերը դրա համար մեղադրում են միմյանց: Ղրղզստանի կառավարությունը հայտարարել է, որ տաջիկ զինծառայողները մուտք են գործել Ղրղզստանի տարածք, և որ առաջինը հենց նրանք են կրակ բացել: Բիշքեկը պնդում է, որ խոսքը գնում է ոչ միայն հրաձգային զենքից կրակելու, այլև՝ ականանետերի ու նռնականետերի կիրառման մասին:
Տաջիկստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ սահմանը խախտել են Ղրղզստանի ներկայացուցիչները, որոնք հետո փոխհրաձգություն են սադրել: Հունվարի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված՝ երկու երկրներում էլ հարուցվել են քրեական գործեր: