Ինչո՞ւ է գազը պակաս ջերմացնում

Խստաշունչ ձմեռն ավելացրել է բնական գազի սպառումը: Սակայն, բացի ցածր ջերմաստիճանի հետևանքով գազի ծախսի ավելացումից, բնակիչները բողոքում են նաև կապույտ վառելիքի ոչ արդյունավետությունից: Այսինքն՝ «շատ վառում ենք, քիչ տաքանում», կամ սուրճն ավելի ուշ է եփվում, և այլն, ու մարդիկ սարսափով են սպասում, թե հունվարին ինչ մեծություններ են ներկայացվելու իրենց՝ որպես գազի դիմաց վճարի չափ:

Որպես գազի անորակության պատճառ՝ նշվում է նաև այն, որ ժամանակ առ ժամանակ թարմացվում է Աբովյանի գազի պահեստարանը, և, «երբ այն դատարկվում է, այսինքն՝ մղվում է սպառողներին, այնտեղ մնացած գազը, ոչ մասնագիտական լեզվով ասած, ծանրացած գազ է, բարձր խոնավությամբ, նման գազի ՕԳԳ-ն շատ ցածր է»:

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գազապահեստարանի հետ կապված իրավիճակից տեղյակ չէ, բայց իր կարծիքով, և որպես սպառող էլ զգում է, որ կալորիականությունը կարծես քիչ է. «Այն գազը, որ ծախսում ենք, դրան համապատասխան ջերմություն չի ստեղծվում: Ես դա ավելի շատ կապում եմ գազի որակի հետ, որովհետև, ըստ իս, Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է ավելի ցածր որակի գազ»:

 

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ «ՀայՌուսգազարդը» պարբերաբար հրապարակում է կալորիականության ցուցանիշները, որոնք միշտ նորմայից (1 խմ=7900կկալորիա) բարձր են (1 խմ=8000կկալորիայից ավելի), Ա. Գրիգորյանը պատախանեց, որ «ՀայՌուսգազարդը» սահմանի վրա միշտ ստուգում է, բայց խնդիրն այն է, որ ստուգողն էլ են իրենք, հայտարարողն էլ:

«Մի խնդիր էլ կա. մենք նաև Իրանից ենք գազ ստանում նույն համակարգով, որն էլեկտրականության է վերածվում և Իրան գնում: Բայց համակարգը նույնն է, իսկ իրանական գազի կալորիականությունը փոքր է և, հնարավոր է, որ այդ երկու գազերը խառնում են, կալորիականությունը փոքրանում է, և դա հիմք է հանդիսանում, որ ջերմատվությունը քիչ լինի,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ մի խնդիր էլ կա ճնշման հետ կապված,- Ես միշտ ասել եմ, բայց չկարողացա առաջ տանել այդ թեզը, որ ստուգումներ իրականացնեն: Խնդիրն այն է, որ երբ ճնշումն իջեցնում են, գազի ծավալը մեծանում է, որովհետև ճնշման և ծավալի հարաբերակցությունը փոխկապակցված են: Այդ դեպքում հաշվիչը նույն ծավալն է հաշվում, բայց այդ ծավալի դեպքում ջերմունակությունն ավելի փոքր է լինում: Այսինքն՝ գազը նոսրանում է: Այդ խնդիրը մշտապես կա, բայց դրա հսկողությունը տեխնիկապես բարդ է, պետք է արվի «ՀայՌուսգազարդի» մասնագետների հետ կամ նրանց միջոցով, բայց այդ դեպքում հայտարարում են, որ նորմայի մեջ է»:

«ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ գազի որակի, կալորիականության հետ կապված խնդիր չկա, ամեն օր ընկերության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում: Նա նաև հերքեց, որ վառելիքի որակի վրա կարող է ազդել Աբովյանի գազապահեստարան-կայանի գազը: Շ.Սարդարյանի խոսքով՝ ջեռուցման սեզոնին, քանի որ պահանջարկը մեծանում է, նաև պիկերը կարգավորելու համար, որովհետև գիշերը կարող է պահանջարկն ավելանալ միանգամից 50 հազար խմ-ով, այդ նպատակով գազ է մատակարարվում նաև գազապահեստարան-կայանից: Միաժամանակ, Սարդարյանը ժխտեց տեսակետը, որ պահեստարանի գազի որակն ընկնում է, և դա կարող է գործոն լինել:

Անդրադառնալով իրանական գազի կալորիականության խնդրին՝ Շ.Սարդարյանը նշեց, որ ընկերությունը գազ ստանում է միայն Ռուսաստանից. «Մեր պայմանագիրը «Գազպրոմի» հետ է, և կարող եմ խոսել միայն ռուսական գազի մասին: Իրանական գազի մասին հարցրեք Երևան ՋԷԿ-ից»:

Ամեն դեպքում նա հաստատեց, որ իրանական և ռուսական գազն ինչ-որ տեղ նույն գազատրանսպորտային համակարգով են գալիս: Բայց հարցին՝ արդյո՞ք իրանական գազը հասնում է բնակչին, Սարդարյանը պատասխանեց. «Ո՛չ, չի հասնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս