Արմեն Ռուստամյան. Բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման ու նվաստացման հետ
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի և «գազային» համաձայնագրերի դեմ միասնական պայքարն արդեն իսկ հաջողություն են համարում: Տևական ժամանակ՝ ընդդիմադիր գործիչները հավաստիացնում էին, որ արդյունքի հնարավոր կլինի հասնել միայն ընդդիմադիր ճակատի միավորման պարագայում, սակայն միավորում տեղի չէր ունենում: Հատկապես ի՞նչը պատճառ դարձավ, որ այս անգամ նրանց հաջողվեց համախմբվել:
«Դե որովհետև արդեն բանը բանից անցնում է, ամեն ինչ չափ ունի»,- 168.am-ի հետ զրույցում՝ ի պատասխան մեր հարցադրմանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ իշխանություններն իրենց քայլերը կատարում են՝ հաշվի չնստելով որևէ մեկի հետ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ «ակնհայտ կոպիտ և պատմական առումով սխալներ են թույլ տրվում»:
«Այդ սխալները շտկելու ցանկությունն արդեն խթան է, որպեսզի համախբվեն ուժերը և չփորձեն նորից գտնել` ով է ավելի ընդդիմադիր, ով` պակաս, ով` ավելի ազնիվ, ով` քիչ ազնիվ… այ, երբ նման խոսակցությունները վերանում են, գլխավոր խնդիրը դառնում է ավելի գերակա, միավորվելն էլ հեշտ է լինում»,- նկատեց պատգամավորը:
Ըստ Ա. Ռուստամյանի, «գազային» համաձայնագրերը կոպիտ սխալ են, որովհետև համաձայնագրում բանակցող չի երևում, փոխշահավետության մասին խոսք չի գնում. «Այստեղ 0 է փոխշահավետությունը, եթե անդրադառնանք, թե Հայաստանն ինչ է շահում: Եթե ճիշտ է, ճշտին պետք է վերաբերվել համապատասխան ձևով` անկախ նրանից, թե ով է ասում, և սա նպաստում է, ոչ թե խանգարում: Տարաձայնություններ գտնելը հեշտ է, ընդհանուր նմանություններ գտնելն է, որ պահանջում է քաղաքական ուժերից հասունություն և հմտություն: Այս մթնոլորտը հիմք է տալիս մտածելու, որ վաղն էլ նույն տրամաբանությունը կարող է գործել. բոլորը հասկանան, որ միայնակ չեն կարող ոչինչ փոխել»:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է «գազային» համաձայնագրից հետո վերանայեք ձեր մոտեցումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե դրանք միմյանց հետո որևէ առնչություն չունեն:
«Չէ, դա դրա հետ կապված չէ… մենք չենք թույլ տա մեր մոտեցումներով, ստորացուցիչ պայմաններով որևէ միության մեջ մտնել, դու պիտի կարողանաս քո շահը գնահատել: Ես միշտ եվրաինտեգրմանը կողմ եմ եղել, բայց դեմ եմ եղել դա արտահայտել մեր ազգային արժեքների ոտնահարման հաշվին: Ես այո, չեմ ընդունում, որ երկու սեռը պիտի դառնա վեց սեռ, ոչ ես երկու սեռի կողմնակից եմ: Ոչ մի տեղ իդեալական չէ, ոչ մի տեղ ամեն ինչ սկուտեղի վրա չեն մատուցելու, դու պիտի այնքան հմտություն ունենաս, որ ինչը քեզ ձեռք է տալիս՝ վերցնես, ինչը չէ` հնարավորինս խուսափես»,- վստահեցրեց նա:
Արմեն Ռուստամյանն ասաց, թե ինքը հասկանում է՝ բոլոր երկրներն էլ ցանկանում են հնարավորինս ավելին ստանալ, և սա, ըստ նրա, աշխարհի օրենքն է, բայց Հայաստանն էլ դրա դեմն առնելու քայլեր պիտի կատարի.
«Սա է հարցը, տեղ կա որ պիտի ասես՝ ոչ, և դա մենք արել ենք, այնպես չէ, որ չենք արել: Եթե ռուսները պիտի մեզ հետ խոսեն «Куда денитса Армения» սկզբունքով, սա կործանարար մոտեցում է, սա պիտի բացատրենք նույն ռուսներին, որ մեր բարեկամությունը չամրապնդող երևույթ է: Մենք հանդիպում ենք ռուսների հետ, բացատրում, որ եթե իրար հետ եղբայր ենք, դուք մեծ եղբայր եք, մենք փոքր եղբայրն ենք, պիտի այդ հարաբերությունների մեջ մարդկային, նորմալ, բարեկամական ֆակտորը կարևորվի, չի կարող բարեկամությունը ստորացման ու նվաստացման հետ համատեղվել. դա հնարավոր չէ:
Բա որ ասում էինք՝ իշխանության մոլուցքով տառապելու վերջը բերելու էր նման բաների… մենք դրա ականատեսն ենք լինում: Բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման ու նվաստացման հետ, նվաստացնելով, ստորացնելով բարեկամությունն ամրապնդվո՞ւմ է: Իսկ մենք փաստեցինք, որ այդ համաձայանգրով հենց դա էր տեղի ունենում»: