Գյուղացուն միամիտի տեղ են դրե՞լ
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում երեկոյան ներկայացվում է հայտարարություն այն մասին, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերման մարզի ֆերմերներից լիտրը 160 դրամով կաթ է ընդունում:
Ներկայումս մարզի անասնատերերի կողմից մթերային խանութներում վաճառքի հանված կաթը վաճառվում է լիտրը 250 դրամով: Զանգահարեցինք մարզային հեռուստաընկերության հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով:
Կայքին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբերտ Նավասարդյանը հայտնել է, որ իրենք բնակչությունից կաթ են ընդունում պանիր արտադրելու համար, տեղեկացնելով, որ ֆերմերները քիչ քանակություն հանձնելու դեպքում նրանք են կատարում մթերվող կաթի Լուսաձոր տեղափոխումը: Ռոբերտ Նավասարդյանի վկայությամբ՝ անասնատերերը դեռեւս քիչ քանակությամբ են կաթ հանձնում իրենց: Նրան հարցրի, թե արդյոք 160 դրամը կաթի ընդունման համար ցածր գին չէ՞:
-Ինչո՞ւ է ցածր, «Աշտարակ կաթը» լիտրը 130-140 դրամով է ընդունում,-առարկել է Ռոբերտ Նավասարդյանը:
Տավուշի մարզի խանութներում 1 լիտր հանքային ջուրը վաճառվում է 180-200 դրամով: Փաստորեն կաթն ընդունվում է ջրից ավելի էժան գնով: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թվականի մայիսի 22-ին Իջեւանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի եւ Տավուշի մարզի միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով:
Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:
Մանրամասները այստեղ`