Արտահերթ մարտահրավեր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համար

Այսօր ԱԺ-ում արտահերթ նստաշրջան է հրավիրված՝  ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին միջպետական պայմանագիրը վավերացնելու նպատակով: Այս պայմանագիրը ծանր դրության մեջ է դրել խորհրդարանական ընդդիմությանը և այլընտրանքային ԲՀԿ-ին:

Բոլորի համար պարզ է, որ նման պայմանագրի գոյությունն ինքնին ծաղր է Հայաստանի պետության նկատմամբ, իսկ դրա վավերացումը Հայաստանի խորհրդարանում՝ պետական հանցագործություն: Այդ պայմանագրով ռուսական «Գազպրոմ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են ավելի լայն լիազորություններ, քան ունեն Հայաստանի իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները՝ միասին վերցրած: Հայաստանի իշխող կուսակցության`ՀՀԿ-ի, որոշ ներկայացուցիչներ երեկ կայացած խորհրդարանական քննարկման ժամանակ արտահայտել են իրենց դիրքորոշումը` նրանք կողմ են այս պայմանագրին: Այնպես որ, պայմանագիրը կվավերացվի: Բայց ինչպե՞ս իրենց կդրսևորեն ոչ իշխանական խմբակցությունները:

Խորհրդարանական քննարկմանը ներկա ՀԱԿ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներն ամենասուր քննադատության ենթարկեցին այս պայմանագիրը՝ հայտարարելով, որ այն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, որ այդ պայմանագրով Ռուսաստանին է փոխանցվում Հայաստան պետության գույքը, որի իրավունքը Հայաստանի իշխանությունը չունի, որ դրանով խախտվում են բազմաթիվ այլ օրենքներ ևս: Թվում է, թե նման միանշանակ  բացասական դիրոքորոշում արտահայտելով՝ խմբակցությունները պետք է արդեն որոշած լինեին՝ միաձայն դեմ քվեարկել այս պայմանագրի վավերացմանը, ցույց տալով, որ խորհրդարանի գրեթե կեսը դեմ է նման պայմանագրի վավերացմանը: Բայց պարզվում է, որ չնայած նման միանշանակ գնահատականներին, խորհրդարանական երեք խմբակցությունները դեռևս չեն որոշել, թե ինչպես պետք է քվեարկեն:

Միակ խմբակցությունը, որը միանշանակ դեմ է այդ պայմանագրի վավերացմանը, «Ժառանգությունն» է: Այս խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս հարցում նույնիսկ լուրջ քննարկման կարիք էլ չկա: «Սա ՔեմալԱթաթուրք-Ուլյանով Լենին պայմանագրի շարունակությունն է, ո՞նց կարելի է նման պայմանագրին կողմ լինել»,- ասաց նա: Քանի որ «Ժառանգության» ներսում հաճախ են տարաձայնություններ լինում, Փոստանջյանին հարցրեցինք, թե արդյո՞ք խմբակցության բոլոր չորս անդամները դեմ կքվեարկեն, թե՞  դա իր անձնական կարծիքն է: Տիկին Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ բոլորն էլ կողմ են իր դիրքորոշմանը:

ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ իրենք որոշում են կայացնելու միայն վաղը` արտահերթ նստաշրջանից ընդամեն կես ժամ առաջ հրավիրված խմբակցությունների նիստի ժամանակ: «Պետք է լսենք բոլոր պատգամավորների տեսակետը, որից հետո խմբակցությունը որոշում կկայացնի»,- ասում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Գրեթե նույնը տարբեր ձևակերպումներով կրկնում են ՀՅԴ և ՀԱԿ պատգամավորները:

Իսկ ինչո՞ւ այս երեք խմբակցությունները մինչև այժմ չեն կարողացել որոշում կայացնել և ամեն ինչ թողել են վերջին օրվան: Պատճառն առավել քան ակնհայտ է. այս խմբակցությունները որքան էլ հասկանան այդ պայմանագրի վտանգավորությունը, Հայաստանի համար դրա ստորացուցիչ և նվաստացուցիչ լինելը, չեն կարող դեմ քվեարկել, քանի որ իրենք «հայ-ռուսական դարավոր բարեկամության ջատագով» են: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող անել այնպիսի քայլեր, որով կարող են հարուցել Ռուսաստանի իշխանության դժգոհությունը և ցույց տալ, որ Հայաստանի իշխանությունն ավելի ռուսամետ է, քան իրենք, որ իշխանությունն ավելի լավ է ծառայում Ռուսաստանին, քան կծառայեին իրենք, եթե լինեին իշխանության: Բայց կողմ քվեարկել այս պայմանագրին՝  կնշանակի՝ հանցակցել իշխանության հետ, զրկվել հասարակական այն չնչին աջակցությունից, որ դեռևս ունեն:

Մնում է միայն մի տարբերակ` լինել կոմպլեմենտար. քվեարկել ձեռնպահ կամ ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Կոմպլեմենտարիզմը մանյովրի մեծ հնարավորություն է ստեղծում. ռուսներին կարելի է ասել, որ իրենք դեմ չէին այդ պայմանագրի վավերացմանը, իսկ եվրոպական դեսպանների և պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մատնացույց անել, որ ընդդիմադիր վարք են դրսևորել՝ կողմ չքվեարկելով ռուսական պարտադրանքին: Այս խմբակցությունների համար սա կոմպլեմենտարիզմի առաջին դրսևորումը չի լինի. նրանք այդպես էլ պաշտոնապես վերաբերմունք չարտահայտեցին Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման առիթով:

Տեսանյութեր

Լրահոս