Հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվել են թերծանրաբեռնվածության պատճառով. ԱՆ
Հայաստանի կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ փակվել են Արտաշատի, Արմավիրի, Ապարանի, Գավառի եւ Իջեւանի հիվանդանոցների հակատուբերկուլյոզային բաժանմունքները։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել , որ փակվում են նաեւ Գյումրիի եւ Վանաձորի բաժանմունքները, բայց դա սխալ տեղեկատվություն է, NEWS.am Medicine-ին ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության հակատուբերկուլյոզային Ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Նա պարզաբանել է, որ Գավառի եւ Իջեւանի բաժանմունքները, որոնք բացվել էին 2006 թվականին, ստեղծման օրվանից իրականում չեն աշխատել ։ Այսինքն, փաստացի, փակվել է երեք հակատուբերկուլյոզային բաժանմունք՝ Արտաշատում, Արմավիրում եւ Ապարանում։
«Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2006 թվականից տուբերկուլյոզի հիվանդացիությունը Հայաստանում նվազում է, եւ նշված բաժանմունքները աշխատում էին թերծանրաբեռնված։ Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ հոսպիտալացվող հիվանդների մի մասը կարող է բուժումը ստանալ առաջնային օղակում, պոլիկլինիկաներում», – ասել է Ա. Հայրապետյանը, հավաստիացնելով, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում կան տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներ։
Մանրամասները կարդացեք այստեղ`