Բաժիններ՝

Շաքարային դիաբետ` աճի հորմոնի ազդեցությունը

Նախաճաշից, ճաշից, ընթրիքից կամ ցանկացած այլ ժամերի ուտելուց հետո ենթաստամոքսային գեղձը, ըստ մարդուն ի վերուստ տրված գենետիկ ծրագրի, «պարտավոր» է արտադրել ինսուլին հորմոնը։ Ինսուլինը տրոհում է ածխաջրերը սակայն չի նվազեցնում ճարպերի քանակությունն օրգանիզմում։ Եթե գեղձն ինչ-որ պատճառներով չի արտադրում բավարար քանակության ինսուլին կամ արտադրում է, սակայն ինսուլինը չի սպառվում, ապա համապատասխանորեն ախտորոշվում է առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ։
Երբ օրգանիզմը, ըստ իր կենսաբանական ժամացույցի, անցնում է հանգստի` գիշերային ժամերին ուղեղը ստանում է ազդանշան այն մասին, որ օրգանիզմում բացակայում է ինսուլինը, և անհրաժեշտ էներգիա ստանալու համար հարկավոր է տրոհել պահեստավորված ճարպը։
Ուղեղի վրա գտնվող հիպոֆիզ գեղձը կատարում է բազմաթիվ ֆունկցիաներ, որոնցից մեկն «աճի հորմոնի» արտադրությունն է։ Աճի հորմոնը մասնակցում է ճարպերի տրոհման գործընթացին, ամրացնում է հյուսվածքները, խթանում է բջիջների բաժանումը և նպաստում գլիկոգենի կուտակմանը լյարդում և մկաններում։
Աճի հորմոնը առաջին անգամ սինթեզվել է 1958թ. մարդու հիպոֆիզից, այն շատ քիչ տարածում է ունեցել և օգտագործվել է մանկական գաճաճության բուժման համար։ Սակայն նման եղանակով ստացված հորմոնը հաճախ հանգեցրել է ուղեղի ծանր հիվանդության։ Գենային ինժեներիայի զարգացումը թույլ է տալիս ստանալ աճի հորմոնը վիրուսների և բակտերիաների ԴՆԹ-ից։
Ամերիկայի գիտնականները սինթեզել են աճի հորմոնը և կատարել հետազոտություններ կամավորների խմբի ներգրավմամբ։ Արդյունքներն ավելի քան տպավորիչ են` վեց ամիս աճի հորմոն խմող մարդկանց մոտ նկատվել են բազմաթիվ փոփոխություններ.
– տրոհվել է ավելորդ ճարպը` առանց որևիցե լրացուցիչ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների,
– ավելացել է մկանային զանգվածը։
Հետևությունն ակնհայտ է, ուժ ժամերին ուտելը հանգեցնում է ինսուլինի արտադրությանը և գոյություն ունեցող բացասական կապի հետևանքով արգելափակվում է աճի հորմոնի գոյացումը։ Օրեցօր կրկնվող նման սննդակարգը հանգեցնում է ճարպերի նորանոր շերտերի կուտակմանը։ Մեծ հաշվով հետևությունը չի վերաբերվում երեխաներին և պատանիներին։
Ճարպը սկսում է կուտակվել գոտկատեղի շուրջ (աբդոմինալ գոտու), ինչի հետևանքով զգալիորեն նվազեցնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ` զարգանում է երկրորդ կարգի շաքարային դիաբետ։ Հայտնի է, որ ճարպի աբդոմինալ գոտու առկայությունը զգալիորեն ավելացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ավելանում է ճարպաթթուների քանակությունն արյան մեջ. նվազում է բարձր խտություն ունեցող ճարպապրոտեինների (լավ խոլեստերին) բաղադրությունը և աճում է ցածր խտություն ունեցող ճարպապրոտեինների (վատ խոլեստերին) քանակն արյան մեջ։ Բարձր խտության ճարպապրոտեինները սպիտակուցներ են, որոնց միջոցով խոլեստերինը շրջանառվում է արյան մեջ, ինչի շնորհիվ դուրս է բերվում դրա ավելցուկն արյան հոսքից։
Հետևություն։ Աճի հորմոնը «պեղում» է ճարպի բջիջները և հեռացնում դրանցից ճարպաթթուները։
Վերոգրյալից պարզ դարձավ, որ աճի հորմոնը և ինսուլինը հակադիր են.
– ինսուլինը տրոհում է ածխաջրերը, որոնք կարող են նաև վերածվել ճարպերի` ինսուլինն ինչ-որ չափով նպաստում է ճարպի պահպանմանը,
– աճի հորմոնը տրոհում է ճարպը, քանի դեռ արյան մեջ կան բավարար քանակի գլյուկոզա և ինսուլին, նվազում է այդ հորմոնի արտադրությունը` աճի հորմոնը կարծես խնայում է օրգանիզմին էներգիայով ապահովող գլյուկոզան։
Սպիտակուցների յուրացման գործընթացն ընթանում է այլ սցենարով. սպիտակուցների յուրացման և օրգանիզմի համաչափ ֆիզիկական աճի համար անհրաժեշտ են և՛ ինսուլինը, և՛ աճի հորմոնը։
Այդ իսկ պատճառով առաջին տիպի դիաբետով հիվանդ երեխաների մոտ նկատվում է թերաճ ինսուլինի ոչ բավարար կոմպենսանցիայի դեպքում։
Աճի հորմոնի գոյացումը խթանում է արգինին, լիզին, օրնիտոն և գլուտամին` ամինաթթուները և գլյուկոզայի սակավությունը արյան մեջ։
գ Աճի հորմոնի գոյացմանը խոչընդոտում են վահանագեղձի հիպոտիրեոզ հիվանդությունը, կորտիզոլ հորմոնը, սեռական խանգարւմները։ Հիպոտերիոզի դեպքում աճում է կորտիզոլի պարունակությունն արյան մեջ։ Շաքարային դիաբետով հիվանդների և գեր մարդկանց մոտ այդ հորմոնի պարունակությունը նույնպես բարձր է։

Սննդակարգերի մասին

Դրանք բավականին բազմազան են, սակայն հաճախ բոլոր փորձերն անցնում են ապարդյուն, և քաշը չի նվազում։ Որոնք են հնարավոր խոչընդոտները։
– Պատճառ առաջին. Եթե շարունակաբար (7 օր և ավելի) 4-7 ժամից քիչ եք քնում, ապա օրգանիզմում բարձրանում է գլյուկոզայի քանակը և արդեն մեզ հայտնի պատճառներով սկսում է պատհեստավորվել ճարպը։
– Պատճառ երկրորդ. Քչերն են պահպանում ուտելու կարևորագույն օրենքը` սնունդը հարկավոր է երկար ծամել։ Այլ կերպ կշտանալու մասին ազդակն ուշ է հասնում ուղեղին։
– Պատճառ երրորդ. Արդյո՞ք հետևում եք Արևելքի իմաստունների խորհրդին` «հեղուկը պետք է ուտել»։ Դա նշանակում է, որ ուտելուց առաջ խորհուրդ է տրվում խմել ջուր կամ բուսական թեյեր, ինչի շնորհիվ ավելի քիչ կուտեք։ Դա նշանակում է նաև, որ պետք է ծամել սննդամթերքը շատ երկար` մինչ ստացվի շիլայանման հեղուկ զանգված։
– Պատճառ չորրորդ։ Մեր սննդակարգում շատ է վերամշակված մթերքը, որը զուրկ է բջջանքից։ Բջջանքի սննդային արժեքը չնչին է, սակայն այն ակտիվացնում է մարսողությունը, կարգավորում է շաքարի և ինսուլինի մակարդակն արյան մեջ, ստեղծում է սննդից հագեցման պատրանք։ Բջջանքից զուրկ է հացաբուլկեղենը, այն շատ է մրգերում, բանջարեղենում, կանաչեղենում, լոբեղենում։
-Պատճառ հինգերորդ։ Գրեթե բոլոր սննդակարգերը ենթադրում են էներգետիկ արժեքի զգալի նվազում։ Կարևոր է, որ դա չարվի սպիտակուցների հաշվին, քանի որ սպիտակուցների սակավության դեպքում օրգանիզմը սկսում է կուտակել ճարպը, և նվազում է մկանային զանգվածը։ Բոլոր դեպքերում սննդի էներգետիկ արժեքը պետք է լինի ոչ պակաս 1500-1800 կկալ-ից։
ՌԴ Բժշկական ակադեմիայի սննդի ինստիտուտի մասնագետները մշակել են սննդակարգ, որում հաշվի է առնված սննդաբանական գիտության կուտակած փորձը. այն կօգնի ավելի լավ պատկերացնել ճիշտ սնվելու կանոնները և անվերադարձորեն ազատվել «ճնշող» կիլոգրամներից.
Առաջին նախաճաշ. Ձվածեղ` երկու ձվից, աղցան սպիտակ կաղամբով, 1 գավաթ թեյ անյուղ կաթի հետ։
Երկրորդ նախաճաշ. Անյուղ կաթնաշոռ, 1 գավաթ թեյ կամ մասուրի եփուկ։
Ճաշ. Բանջարեղենային աղցան, թթու կաղամբապուր, խաշած հավ (մաշկը պետք է հեռացնել), 1 բաժակ կոմպոտ կամ մասուրի եփուկ։
Ետճաշիկ. Մեկ բաժակ անյուղ կաթ, թարմ հյութ կամ մասուրի եփուկ։
Ընթրիք. Հարյուր գրամ եփած անյուղ ձուկ, բանջարեղենով ճուտ, 1 գավաթ թեյ,
Քնելուց առաջ. Մեկ բաժակ կեֆիր։
Փորձը ցույց է տալիս, որ նման ձևով սնվելու դեպքում քաշը նվազում է 8-10 կգ` 1 ամսում։ Թույլատրվում է օգտագործել օրն առավելագույնը 1,5 լ ջուր` ներառյալ սննդի մեջ պարունակող հեղուկը (պտուղ-բանջարեղեն` 80-90 տոկոս, միս և ձուկ` 70-80 տոկոս, հաց` 30-40 տոկոս)։
Աղի չափաբաժինը սահմանափակվում է օրը 5 գրամով, պետք է օգտագործել պատրաստի ուտեստի հետ, իսկ լավագույն լուծումը կլինի, եթե ուտելուց հետո լեզվի վրա դնեք 1 գ աղ և կուլ տաք, երբ այն ամբողջովին լուծվի։ Խորհուրդ է տրվում սահմանափակել հացաբուլկեղենը։ Խուսափեք օսլա պարունակող պտուղ-բանջարեղենից, կերեք վարունգ, լոլիկ, ամսաբողկ, մարոլ և այլ կանաչեղեն, թթվաշ խնձոր և հատապտուղներ։ Խստորեն պահպանեք ուտելու ժամանակացույցը և քնեք 8 ժամից ոչ պակաս։

Շաքարային դիաբետ` խորհուրդներ և դեղատոմսեր

Շաքարային դիաբետի զարգացումը հաճախ կապվում է տարիքի հետ. կա նույնիսկ «տարիքային դիաբետ» ախտորոշում։ Ցավոք, մեր ժամանակներում հիվանդությունը անհամեմատ երիտասարդացել է։ Հիվանդության զարգացմանը նպաստող հանգամանքներն են. ցածր շարժունակությունը, ճարպակալումը, արտերիալ հիպերտոնիան, խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ, աճի հորմոնի գոյացման նվազումը տարիքի հետ։ Շաքարային դիաբետը ժամանակի ընթացքում խաթարում է սրտի, նյարդային համակարգի, երիկամների և այլ օրգանների ու համակարգերի բնական գործունեությունը, վատանում է տեսողությունը, հաճախ առաջանում են դժվար բուժվող վերքեր։
Սակայն միանշանակ հնարավոր է դանդաղեցնել հիվանդության ընթացքը։ Այժմ որոշ ոչ կոռեկտ պատկերացումների մասին, որոնք արմատացել են ժողովրդի մեջ։
Օրինակ, կարևոր է իմանալ, որ թարմ հյութերի (պահածոյացվածինն` առավել ևս) հլիկեմիկ ինդեքսն անհամեմատ բարձր է, քան համապատասխան պտուղ-բանջարեղենինը։ Բացի այդ, շաքարային դիաբետի դեպքում ավելի նախընտրելի է բանջարեղենը, քանի որ դրանց մեջ մեծ հաշվով ավելի քիչ է գլյուկոզան։ Հատկապես օգտակար են մի փոքր խաշած գազարը, խնձորի թթու տեսակները և այլն` դրանց մեջ պարունակվող բջջանքը դանդաղեցնում է շաքարների ներհոսքն արյան մեջ, ինչի շնորհիվ չի ծանրաբեռնվում ենթաստամոքսային գեղձը։
Սակայն կան բանջարեղենի տեսակներ, որոնք առավել օգտակար են դիաբետի դեպքում։ Հատկապես գետնախնձորը պարունակում է ոչ թե օսլա, այլ բարդ շաքար ինուլին, որը չի տրոհվում մարդու ստամոքսում։ Գետնախնձորը կարելի է օգտագործել թարմ եփած, նույնիսկ տապակած վիճակում, չորացնել և խմել փոշին` ուտելուց 30 րոպե առաջ։
Ինուլինը կլանում է ստամոքսում մարսվող այլ սննդամթերքի մեջ պարունակվող գլյուկոզան։ Ինուլինը տրոհվում է հաստ աղիում և շատ օգտակար է նաև դիսբակտերիոզի դեպքում, քանի որ որպես կեր է ծառայում աղիների օգտակար բակտերիալ միկրոֆլորայի համար։ Նման հատկություն ունի նաև մատուտակի արմատը, որի փոշին վաճառում է դեղատներում և խանութներում։
Վիճարկելի է նաև այն պատկերացումը, որ դիաբետով հիվանդին թույլատրվում է ուտել օրը 100 գ մեղր։ Արդյո՞ք դա կարող է ճիշտ լինել, եթե այդ քանակի մեղրում կա մոտ 50 գ ֆրուկտոզա և գլյուկոզա։ Նման քանակը կարող է առաջացնել դիաբետիկ կոմա։
Մեղրի թույլատրելի չափն է` 1 թ/գ, օրը 2 անգամ` պայմանով, որ սննդակարգում չի պարունակվում այլ քաղցրավենիք։ Ինչևէ, խնդիրը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։
Մոտավորապես նույն ձևով պետք է մոտենալ ջրեղենին։ Ծիրանի, թզի, խուրմայի ջրերում պարունակվում է մոտ 50 տոկոս գլյուկոզա, որի յուրացման համար պահանջվում է ինսուլինի լրացուցիչ չափաբաժին։
Արդյո՞ք կարելի է ուտել կարմիր գույնի պտուղներ և հատապտուղներ։ «Առողջություն» խորագրի նախորդ համարում (տե՛ս, Ջ. Սահակյան, «168 Ժամ», 05.12.2013թ.) գրել ենք, որ կարմիր պտուղ-բանջարեղենի հյութերն օգտակար են փայծաղին։ Շաքարային դիաբետի դեպքում օգտակար են թթվահամ կարմիր գույնի պտուղներ, և հատապտուղները, որոնք (ինչպես և լոլիկը) նպաստում են գլյուկոզայի մակարդակի իջեցմանն արյան մեջ։
Շաքարային դիաբետով հիվանդներին օգտակար են վուշի յուղը` օրը 1 թ/գ, թարմ և թթու դրած սպիտակ կաղամբը (թթվի ջուրը` մինչև 100 մլ), սոխը և սխտորը, դանդուռը, նեխուրը, մարոլը, եղինջ երկտունի և եղերդակի կանաչ զանգվածները, ջղախոտի տերևը, ապուզան նեղատերևը։

Դեղատոմսեր

Ինուլին է պարունակում նաև խատուտիկի արմատը, 1 ճ/գ մանրացրած չոր հումքը (2 ճ/գ թարմը) լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Եփուկն ունի նաև լեղամուղ հատկություն և նվազեցնում է ցածր խտության ճարպապրոտեինների` «վատ» խոլեստերինի բաղադրությունը։

Վարսակի ցորենում պարունակվում է ճարպ (4-6,5 տոկոս), սպիտակուց (11-18 տոկոս), օսլա (մոտ 40 տոկոս), B խմբի վիտամիններ։ Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խմել վարսակի եփուկը. 50 գ ցորենը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 3 ժամ թրմեք, քամեք, հումքը մզեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Դիաբետի դեպքում օգտակար է նաև վարսակի խոտը, որը պետք է հավաքել հասկավորման շրջանում, այն խառնեք հապալաս սևի տերևի և կանաչ լոբու պատիճների հետ (1։1։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Կարելի է օգտագործել շարունակաբար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս