Բաժիններ՝

Պարտադիր բաղադրիչի պատճառով ՏՏ ոլորտից արտագաղթ չի լինի. ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ

Կենսաթոշակային բարեփոխումների պատճառով առավել շատ ընդզվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները, որոնց աշխատավարձն անհամեմատ բարձր է ՀՀ-ում միջին աշխատավարձից և պահվող տոկոսագումարը նույնպես մեծ թիվ է ստացվում:

Արդյոք հնարավոր չէ՞ր սահմանափակել պահումները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պետությունն իր մասնակցության համար վերին շեմ է սահմանել՝ 25 հազար դրամ: Այս հարցերին ի պատասխան 168.am-ի հետ զրույցում ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը նշեց, որ խաղի կաննոները բոլորի համար են և սկզբունքն այն է եղել, որ համահավասարեցված մոտեցում չի ցուցաբերվել, այսինքն՝ բարձր վարձատրվողների մոտ կուտակումներն ավելի շատ են ստացվում, քան ցածր վարձատրվողների մոտ և պետությունը կիսում է պատասխանատվությունը համեմատաբար քիչ վարձատրվողների հետ:

Ըստ Ղազարյանի՝ կառավարությունն իր մասնակցության համար 25 հազարի շեմ է սահմանել տարբեր վերլուծությունների արդյունքում, հաշվի առնելով բյուջետային հնարավորությունները. «Եթե բյուջեի հնարավորությունները մեծանան, գուցե այդ շեմը փոխվի»:

Ա.Ղազարյանի կարծիքով՝ ՏՏ ոլորտից արտագաղթ չի լինի և լուծում կգտնվի. «Ամբողջ աշխարհում նման դեպքում աշխատողներին օգնության են գալիս գործատուները, որովհետև բազմաթիվ արտոնություններ կան, օրինակ՝ գործատուներն իրենց աշխատողների համար կենսաթոշակային կամավոր սխեմաներ գնելու դեպքում, շահութահարկի 5% նվազեցում են ստանում: Պարտադիրի դեպքում դա չի գործում, բայց երբ համակարգն ուժի մեջ մտնի, կարծում եմ, այլ առավելություններ կլինեն և մարդիկ կզգան»:

Ա.Ղազարյանը չհամաձայնեց, որ եթե գործատուներն իրենք ստանձնեն 5%-ի բեռը, ապա կսնանկանան. «Հաջորդ տարվանից բարձրացվում են պետական բյուջեից վճարվող աշխատավարձերը, և դա ուղերձ է մասնավոր սեկտորին, որը, կարծում եմ, կարձագանքի: Խելամիտ գործատուները կգնան այդ քայլին ու կբարձրացնեն աշխատավարձը: Համենայն դեպս՝ աշխատուժի ստվերային շուկան կնվազի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս