ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է համարում
Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Իեն Բորջի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է։
Այս մասին Իեն Բորջը նշել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Հայաստանի հետ սահմանագծման մասին վերջերս հայտարարված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Երկու երկրներին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների դինամիկան՝ ի շահ ժողովուրդների»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը և հավելել, որ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին՝ մտքեր փոխանակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ ջանքերի վերաբերյալ։
Նա իր գրառման մեջ նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Մալթայի հանձնառությունը՝ կազմակերպության ճկունությունն ամրապնդելու և համագործակցության ոլորտների ուսումնասիրությանը Բաքվում COP29-ի (Կլիմայի փոփոխության գագաթնաժողով) նախաշեմին։