Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
«2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ.Աբովյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: