Բելգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում անցկացված բանակցությունները

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիում կայացած բանակցությունները։

Այս մասին Բելգիայի ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը, որը տեղի է ունեցել մայիսի 10-ին և 11-ին, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև քննարկումները շարունակելու նրանց ջանքերը՝ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով»,-նշված է նախարարության գրառման մեջ։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:

Տեսանյութեր

Լրահոս