Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է և անցաթուղթ. ամեն վայրկյան պատրաստ եմ հրաժարվել. Բագրատ Սրբազան

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելել էր Ժուռնալիստների միություն։ Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ հանդիպման ընթացքում՝ մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ, Բագրատ սրբազանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ շարժումը լուսաբանելու համար: Եվ չնայած այս ողջ շարժման ընթացքում լրագրողները Սրբազանին անթիվ-անհամար հարցեր տալու շատ մեծ հնարավորություն են ունեցել, այստեղ էլ բազմաթիվ հարցեր հնչեցին:

Հարց ուղղեց նաև Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ հնարավո՞ր է, որ Բագրատ սրբազանը հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից։

Բագրատ սրբազանը պատասխանեց՝ պարզաբանելով.

«Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է և վկայություն է, որ ես այդ երկրում ապրել եմ։ Եվ շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Նաև այս վկայականը կամ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու որպես հոգևոր առաջնորդ՝ պահանջված բոլոր օրինական ճանապարհներով։ Մեր երկրի նման «ախպերությամբ» չի տրվում ոչ մի բան։ Կանադայի քաղաքացիությունն ինձ համար միայն այդ արժեքն ունի, թեպետ ես մեծ գնահատանք ու շնորհակալություն ունեմ, այդ երկրում բազմաթիվ ընկերներ ունեմ, մտերիմներ ունեմ թե հայ համայնքում, թե կանադական հասարակական-քաղաքական ու կրոնական շրջանակներում։ Ամեն վայրկյան, այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին՝ ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով այսօր դարձավ մեզ համար հեռավորություն, ինչ անհրաժեշտ է, որը կծառայի այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու՝ ինչն այսօր անում եմ փողոցում։ Չտեսնված ու չլսված է ձեզ համար, որ եպիսկոպոսն ու արքեպիսկոպոսը կարող է դուրս գալ փողոց»։

Կարդացեք նաև

Ժամանակին Բագրատ սրբազանը մի երգ է գրել, ինչի մասին նա հայտնեց այսօր՝ Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ, և ասաց, որ երգի խոսքերն իր կյանքի համոզմունքն է. «Ողջույն Հայաստան, դու իմ սեր, իմ կյանքից առավել ես միշտ քեզ եմ սիրել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս