Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սուր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«2024 թվականի մայիսի 11-ին ժամը 18։20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: