Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում մայիսի 13-ին փոշու փոթորիկի ժամանակ մետաղե գովազդային վահանակի ընկնելու հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, շուրջ 80 մարդ վիրավորվել է։
BBC-ն հաղորդում է, որ 70մ-50մ չափերի վահանակն, ըստ ոստիկանության, ընկել է շենքերի և ավտոլցակայանի վրա։
Արտակարգ ծառայությունները հաղորդել են, որ մի քանի մարդ դեռ գտնվում է վահանակի տակ․ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Մենք մոտ 80 մարդու ենք փրկել։ Կա մի կարմիր մեքենա, որը մեծապես վնասվել է, և մենք կասկածում ենք, որ ներսում մարդիկ կան», – ասել է պաշտոնյաներից մեկը ANI գործակալությանը։
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ 30 մետր բարձրությամբ գովազդային վահանակը տեղադրվել է առանց լիցենզիայի և թույլատրելի չափերի գերազանցմամբ։
Հանկարծահաս փոթորիկը ցնցել է կոնստրուկցիան, որից հետո այն փլվել է լցակայանի վրա, որտեղ մարդիկ ու մեքենաներ են եղել։
Կայծակներով և վայրկյանում մինչև 14 մետր քամու պոռթկումներով ուղեկցվող հորդառատ անձրևը մայիսի 13-ին մոլեգնում էր Մումբայում։ Անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի ավիաչվերթեր, ընդհատվել է գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ վերգետնյա մետրոյի։