«Արժեքներ կան, որոնք նույնիսկ պարտադրաբար պետք է հրամցվեն ժողովրդին» (լուսանկարներ)
Նկարիչ Գագիկ Սիրավյանի ծառերի նկարների շարքը մարդկության և բնության կապի, ներդաշնակության արտացոլանքն են, որոնք գեղարվեստականության ուժով նրբորեն ընդգծում են մարդկային հույզերն ու շեշտադրում են բնության անսահմանությունը: Ինքը՝ նկարիչը, սիրում է երկար շփվել ծառերի հետ, խորասուզվել դրանց էսթետիկայի և աներևակայելի պլաստիկայի մեջ, ուսումնասիրել անվերջանալի զգացմունքայնությունն ու տեսնել ծառերի մեջ բազում նկարներ, նկարների մեջ` բազում ծառեր:
«Ծառի կերպարն ինձ աննկարագրելի ոգեշնչում, ոգևորում, գերում է, և որքան նկարում եմ, այնքան բացահայտումների շերտերն ավելանում են: Ծառի միջոցով ես փորձում եմ բացահայտել ինձ, մարդուն, հետևաբար` նրանց նույնացնում եմ մարդկանց հետ: Լինելով բնության մեջ` կարող եմ որևէ ծառի նայելով` կախարդվել դրա գեղեցկությամբ, լուսավորությամբ: Ինձ համար ծառերն անչափ խորհրդավոր են»,- ասում է Գ. Սիրավյանը՝ հավաստիացնելով, որ ուշադիր դիտարկելիս կարող ենք ծառերի ամբողջական պատկերների մեջ բացահայտել մարդու նյարդային համակարգը, զգացմունքները՝ տառապանքները, կիրքը: Վերջինս ծառերին որակում է` որպես ինքնատիպ դիմանկարներ, բայց կտավի սպիտակ մակերեսի առջև կանգնելով` ինքն է փորձում ամբողջանալ, մաքրվել ծառի հետ, և այդ բազմաշերտ պատկերը ստանալով` նաև իր ինքնանկարն է որսում:
«Ինքնադիմանկարներից բացի, ծառերի իմ պատկերների մեջ հաճախ այն կանայք կամ մարդիկ են, որոնց ճկունությունը, բնավորության գծերը՝ հպարտությունը, ուժը, կիրքը, այնքան նման են այդ ճյուղավորումների էմոցիոնալ դաշտին, և այնքան զուգահեռներ կան, որ կարելի է շշմել: Իմ նկարներում ծառերից շատերը չոր են, բայց մեռած չեն, դրանք առավելապես ընդգծում են պլաստիկայի, շարժման գեղեցկությունն ու ուժը»,- ասում է Գ. Սիրավյանը, ով 2004-ին Նորվեգիայում անհատական ցուցահանդես է ունեցել և լինելով Հայաստանի Նկարիչների միության անդամ` այնտեղ նույնպես ցուցադրվել է: Վերջին շրջանում նաև զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ և առաջիկայում հանդես կգա լուսանկարչության և գեղանկարչության իր ստեղծագործությունների համատեղ մի ցուցահանդեսով:
– Բնության հետ նույնացնելով` մարդուն մի տեսակ «մաքրում», սրբացնում եք, մինչդեռ ընդունված է համարել, որ մարդն ամենագիշատիչն է` անգամ կենդանական աշխարհի համեմատ:
– Դրա համար ասացի՝ նկարում ես, որ մաքրվես, օգնում է, որ մաքրվես: Ճիշտ է, մարդը գիշատիչ է, բայց արդյոք դա՞ է մեր սիրելի մարդը: Անշուշտ, գիշատիչներն ու դահիճները շատ են մեր կյանքում, բայց արդյոք նրա՞նք են մեր հենարանը: Չեմ կարծում` Կոմիտասը գիշատիչների մարդկային դասին կամ ցեղին է պատկանումգ Ծառերին մարդկանց հետ նույնացնելով` ես մարդկային այլ կերպարներ եմ տեսնում: Ում էլ օրինակ բերեմ, նրանք մարդկային իրենց էությունները կերտել են արժեքների հիման վրա, այլ հարց է, թե որ տեսակն է այսօր գերիշխում կամ ճնշում: Չէ՞ որ մարդկության պատմության ողջ ընթացքում մարդու մեջ երկու հոգի կռիվ են տալիս, ու ինքդ ես որոշում` ո՞վ է քո հերոսը, որի՞ վրա ես հենվում, որի՞ն ես արդարացնում, նմանվում, օրինակ վերցնում: Ի դեպ, ես շատ մեծ կապ եմ տեսնում մարդու և ծառի միջև, թեև համարում եմ, որ մարդը շատ բան ունի ծառից սովորելու՝ վեհությունը, ուժը, դեպի վեր ձգտելու հատկությունը: Երբ անկեղծորեն հիանում ես, միտքդ ազատ ես թողնում, որ քեզ տանի, մխրճվի խորությունների մեջ՝ շատ հորիզոններ, տարածություններ ես բացահայտում:
– Ինչպիսի՞ն եք տեսնում ժամանակակից մարդուն: Ի՞նչ տրանսֆորմացիաների է ենթարկվել մարդը, որն, ինչպես նկատում ենք, բնությունից հեռանալով` հեռանում է:
– Դժվար է ասելգ Ինչքան` մարդ, այնքան՝ ժամանակակից մարդ: Ինքս ժամանակակից մարդ եմ, չգիտեմ` որ թվի մեջ եմ մնացել, որքանով եմ ժամանակակից: Ժամանակակից են նաև իմ ընկերները, ինչպես նաև ժամանակակից են նույն պարազիտները, դահիճները: Կարող եմ ասել ինչպես կցանկանայի տեսնել ժամանակակից մարդուն` որպես օրինակ մատնանշելով Մոցարտի նման աստվածային կերպարին: Մարդկանց մեջ շատ պակասում է այդ տեսակը:
Այսօր սերիալները ներարկելով մարդկանց մեջ՝ ենթագիտակցորեն մարդկային վատ տեսակներ են պատրաստում, բայց կարծում եմ՝ մարդկանց ինչպես պատվաստում են հիվանդության դեմ, այնպես էլ՝ պետք է «պատվաստել» «մոցարտներով», արժեքներով: Հեռուստատեսությունն անգամ ստիպողաբար պետք է արժեքների, հերոսների մասին խոսի, որ մարդկանց հոգու վրա ազդելու, դաստիարակելու խնդիր դնի և արդյունք արձանագրի: Չի կարելի ամբողջ մի հասարակության ներարկել սերիալ և իբրև արդարացում` պատճառաբանել, թե դա մեր իրականությունն է: Էլ չեմ ասում, որ այդ արտադրանքն արվեստի հետ ոչ մի կապ չունի: Կարող եմ զուգահեռներ անցկացնել «Կնքահայրը» ֆիլմի հետ, որն արտացոլում էր այն ժամանակվա Ամերիկայի իրականությունը, բայց արվեստի մեծագույն դրսևորում էր:
Այնպես որ, արժեքների մասին ստիպողաբար, «դաժանաբար» պետք է մարդկանց պարտադրել լսել: Շատերը երբեք չեն լսել Մոցարտ, Կոմիտաս, և գուցե կարծում են` իրենց պետք չէ այդ երաժշտությունը, բայց, հավատացե՛ք, իրենք չեն էլ հասկանում, որ դա իրենց պետք է: Եթե մարդն ինչ-որ բանից չի հասկանում, ապա նրան պետք է պարտադրի նա, ով հասկանում է, գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Արժեքներ կան, որոնք, թեկուզ պարտադրաբար, պետք է հրամցվեն ժողովրդին:
– Ձեր կտավները փակել եք արվեստանոցում, մասնավորապես, ծառերի շարքը Հայաստանում չեք ցուցադրել, ինչո՞ւ անհատական ցուցահանդեսով հանդես չեք գալիս:
– Կարևոր հարց է, և դրա անհրաժեշտությունը կա: Ցուցահանդեսով ներկայանալու համար պետք է պահը հասունանա, և կարծում եմ` ժամանակն է: Անշուշտ, պետք է եզրահանգման գալ, ի մի բերել, քանի որ ինչքան էլ արվեստանոցում նայում ես նկարներիդ, միևնույն է՝ անհրաժեշտություն կա դրանք տեսնել մեծ պատերի վրա, այլ աչքով, դիտողների հայացքները որսալ, մարդկանց կարծիքները, գնահատականները լսել: Անկախ նրանից` մարդիկ կհավանե՞ն, թե՞ ոչ, միևնույն է՝ նկարիչը շարունակելու է իր ձևով նկարել, այլ ոչ թե այնպես, որ ուրիշներին դուր գա, բայց, անշուշտ, կարծիքներ լսելը կարևոր է: Հայրս՝ Հենրիկ Սիրավյանը, 65 տարեկանում իր կյանքի առաջին և վերջին միակ ցուցահանդեսն ունեցավ:
Ոչ ոք չէր հավատում, որ բավականին հայտնի և սիրված նկարչի անհատական առաջին ցուցահանդեսն է: Հորս օրինակը պետք է ինձ ստիպեր այլ կերպ վարվել, բայցգ Նաև չեմ ընդունում ինքնանպատակ ցուցահանդեսները: Այժմ նույնիսկ ներքին կռիվ կա մեջս` լուսանկարներիս հետ համատեղ` նկարներիս ցուցահանդեսը ներկայացնելու: Լուսանկարչությամբ վերջերս շատ լուրջ զբաղվում եմ և անչափ ուրախ եմ, որ դրանք մեծ տարածքում ներկայացնելու հասարակական պահանջ է ձևավորվել:
– Ի դեպ, գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսներ մեզ մոտ շատ հազվադեպ են ներկայացվում:
– Այո, լուսանկարչական ցուցահանդեսների կուլտուրան դեռ ձևավորված չէ, բայց որ մարդիկ սիրում են, կսիրեն և լուսանկար նայելու պահանջ ունեն՝ միանշանակ է:
– Դուք նո՞ւյնպես կարծում եք` հասարակությունն իներտ է մշակութային իրադարձությունների նկատմամբ, և այդ միջոցառումներին մեծամասամբ մասնակցում են արվեստագետները, ցուցահանդեսներին՝ նկարիչները, համերգներին՝ երաժիշտները, ներկայացումներին՝ թատրոնի մարդիկգ
– Գուցե հասարակության մեծ տոկոսն արվեստին մոտ չի գալիս, բայց չեմ հանդգնի միանշանակ ասել՝ հասարակությունը հետաքրքրված չէ արվեստով, որովհետև այդպես չէ: Հասարակության մեջ մի որոշ հատված կա, որին օդ ու ջրի պես անհրաժեշտ է արվեստը: Շատ-շատ մարդիկ կան, որոնք սիրում, ոգևորվում են գրականությամբ, երաժշտությամբ, նկարչությամբ, բայց նորից եմ կրկնում՝ շատ դեպքերում մարդկանց պետք է հեռուստատեսությամբ ստիպողաբար քարոզել մշակութային տեղեկատվություն:
Օրինակ, փողոցներով քայլում ես՝ լացդ գալիս է, անթիվ խանութներ, որոնց գեղեցիկ, լուսավոր ցուցափեղկերում այդ անիմաստ շորերի, կոշիկների` մեկը մյուսին կրկնող անվերջանալի շարան է: Հաճախ մտովի պատկերացնում եմ, որ այդ խանութների փոխարեն` մեկ ու մեջ գալերեաներ լինեին ու ներսից նկարներ շողշողային: Նայում, մտածում ես՝ գալերեայի, ցուցահանդես ներկայացնելու ինչ հրաշք տարածք է: Երիտասարդները կողքով անցնելիս` զուտ հետաքրքրությունից կայցելեին, հաջորդ անգամ մեծ ցանկությամբ կայցելեին, և ցուցահանդես այցելելը կդառնար քաղաքային մշակույթ: Մեր քաղաքում խանութների քանակն անիմաստ ծայրահեղության է հասնում:
– Այսօրվա քաղաքում Ձեզ հարմարավե՞տ եք զգում:
– Քաղաքում այսօր մի քանի շերտեր կան, և չգիտես` դո՞ւ ես այլմոլորակային, թե՞ իրենք, որոնց հետ շատ անգամ աշխատում եմ չհարաբերվել: Եթե ամեն օր հարաբերվես մյուս անհասկանալի շերտերի հետ, կարող է պատերազմ լինի, որովհետև հասարակության որոշ շերտեր, չգիտես` ինչպե՞ս և ինչո՞ւ հայտնվեցին ու դարձան «հերոսներ»: Քաղաքում միաժամանակ առկա են մի քանի իրականություններ, և անխուսափելիորեն հարաբերվում ես, բայց ամեն ինչ անում ես, որ շփումը հնարավորինս քիչ լինի: Այդ տարբեր իրականությունների մեջ ապրող գոյությունները բնավ կապ չունեն մյուս իրականության հետ: Քաղաքում սև հոգով, սև մեքենաներով, անգրագետ, անհասկանալի գոյությունները շատ են, որոնք վատ հերոսներ են: Շատ ակտիվ, լուսավոր երիտասարդություն կա, որով ես հիանում եմ, բայց, այնուամենայնիվ, անհարմարավետության զգացում կա: Դրա համար ես հաճախ փախնում եմ բնության մեջ: