Գազի պարտքի գաղտնիքը բացահայտվել է դեռ մայիսին (տեսանյութ)
Ինչպե՞ս առաջացավ 300 միլիոն դոլարի պարտքը` գազի դիմաց։ Եվ ինչպե՞ս դրանից 155 միլիոնը դարձավ Հայաստանի Հանրապետության պարտքը` ռուսական «Գազպրոմին», որի դիմաց Հայաստանը զիջեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասը։ Այս հարցերը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի շնորհիվ, դարձան տնտեսական լրահոսի ամենաքննարկվող թեմաները։
Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, այդ «գաղտնիքը» բացահայտվել էր այս տարվա մայիսին, երբ արդեն պաշտոնապես հայտարարվել էր, որ Ռուսաստանից գնվող գազի գինը դառնում է 270 դոլար` 1000խմ-ի դիմաց։ Այդ օրերին «Արմենիա» հեռուստաընկերության «ՌԷվոլյուցիա» հաղորդման հյուրն էր «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը։
Պատասխանելով հարցին, թե այս պահին Հայաստանն ի՞նչ գնով է գազ գնում Ռուսաստանից` Վ. Հարությունյանը հայտարարեց` 1000 խորանարդ մետրի համար վճարում ենք 180 դոլար։
Ճշտող հարցին ի պատասխան, թե ՊԵԿ-ի տվյալներով այդ գինը 240 դոլար է, և ինչպե՞ս կարելի է բացատրել այդ հակասությունը, Վարդան Հարությունյանն ասաց` այդ հակասության բացատրությունը կտրվի 2 շաբաթից, և կրկին շեշտեց` գազի համար վճարում ենք 180 դոլար։ Ոչ թե ասում էր` գազն ԱՐԺԵ 180 դոլար, այլ ասում էր` ՎՃԱՐՈՒՄ ենք 180 դոլար։
Այսօր արդեն պարզ է դառնում, որ «ՀայՌուսգազարդը» գազը գնել է ավելի թանկ գնով, բայց վճարել է քիչ։ Այսինքն` պարտք է մնացել։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով` Ռուսաստանից գնվող գազը թանկացել է 2011-ի կեսից` դառնալով 240 դոլար` 1000 խմ-ի դիմաց։ Եվ այդ ժամանակվանից ի վեր էլ պարտքը սկսել է մեծանալ։ Ու արդեն իսկ ձեռքի տակ եղած տվյալներով` կարելի է հստակ տեսնել, թե ինչպես է ձևավորվել այդ պարտքը։
Այսպես, 2011 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ներմուծվել է 776.5 մլն խմ գազ: Ու քանի որ 240 դոլարի փոխարեն փաստացի վճարվել է 180 դոլար, կուտակվել է ավելի քան 46.6 միլիոն դոլարի պարտք։ Եվ այդ ողջ ընթացքում` դեմքի անվրդով արտահայտությամբ, հայտարարվել է, որ գազի գինը չի փոխվել։ Այսինքն` խաբեության հիմքը դրվել է 2011-ի կեսերին։
2012-ը եղել է ամբողջությամբ խաբեության տարի։ Հայտարարվել է, որ գազի գինը 180 դոլար է, այդքան էլ վճարվել է, և արդյունքում կուտակվել է շուրջ 118 միլիոն դոլարի պարտք։
Խաբեությունը շարունակվել է մինչև 2013-ի ապրիլը։ Այս տարվա առաջին եռամսյակում 667.7 միլիոն խմ գազը կրկին գնվել է 240 դոլարով, սակայն վճարվել է 180 դոլար։ Առաջին եռամսյակում կուտակվել է 40 միլիոն դոլարի պարտք։ Ապրիլից սկսած` խաբեությունը կանգ է առնում։ Հայտարարվում է, որ գազի գինը սահմանի վրա դառնում է 270 դոլար։ Սակայն, ըստ ամենայնի, «ՀայՌուսգազարդը» շարունակում է վճարել 189 դոլար։
Մնացած մասը պետք է սուբսիդավորվեր կառավարության կողմից, սակայն փաստացի չի սուբսիդավորվել (մարդիկ բանակցում էին)։ Եվ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում կուտակվել է 49 միլիոն դոլարի պարտք։
Այսինքն` 2011-ի ապրիլից մինչև 2013-ի սեպտեմբերը ներառյալ` «ՀայՌուսգազարդը» կուտակել է 253 միլիոն դոլարի պարտք։
Եթե սրան էլ գումարենք նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին գնված գազի ծավալները (դրանք դեռ հրապարակված չեն, բայց նախորդ տարիների դինամիկան հաշվի առնելով` այն կկազմի մոտ 350-400 մլն խմ), ապա կստանանք, որ «ՀայՌուսգազարդի» պարտքը «Գազպրոմին» այս պահի դրությամբ կազմում է շուրջ 290 միլիոն դոլար։ Մոտավորապես այնքան, որքան հայտարարել է Արմեն Մովսիսյանը։
Հիմա պրն Մովսիսյանը, եթե կարդա այս տողերը, երևի կասի` բա ե՞ս ինչ էի ասում։ Ես էլ էի ասում` մոտավորապես այդքան է պարտքը (300 միլիոն), որը կուտակվել է 2011-ի կեսերից։ Ասել է թե` ինձանից ի՞նչ եք ուզում, ես ասում եմ ճիշտը։ Բայց դե հո՞ մենք գիտենք, որ Արմեն Մովսիսյանը 2011-ի երկրորդ կեսից սկսած համառորեն թաքցնում էր, որ գազը սահմանի վրա թանկացել է, և ժամանակ չէր գտնում ծանոթանալ մաքսային տվյալներին։
Սակայն այսօր առաջանում է ոչ պակաս կարևոր մի հարց։ Վերը նշված պարտքի մի մասը կարելի է համարել Հայաստանի պարտք։ Ավելի կոնկրետ` այս տարվա ապրիլից սկսած, որովհետև գազի գինը պաշտոնապես հայտարարվել է 270 դոլար, և կառավարությունը հանձն է առել սուբսիդավորել այն։ Սակայն 2011-ի կեսից մինչև 2013 թվականի ապրիլը ոչ ոք չի հայտարարել գազի թանկացման, հետևաբար նաև` պարտքի կուտակման մասին։ Այսինքն` այդ պարտքը «ՀայՌուսգազարդի» պարտքն է` «Գազպրոմին»։
Ինչպե՞ս դարձավ դա Հայաստանի, այսինքն` մեր բոլորիս պարտքը։ Հիշեցնենք, խոսքն ավելի քան 204.5 միլիոնի մասին է։ Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ տնտեսական բլոկի պատասխանատուները 204.5 միլիոն փաթաթեցին բանից անտեղյակ հարկատուների վզին։ Եվ դրա դիմաց զիջեցին «ՀայՌուսգազարդի» 20%-ը։ Առանց փաստաթղթերի, առանց քննարկման, բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը չի պարզվի, թե, ասենք, Բելառուսին պարտք ենք մի 200 միլիոն, ու էլի ինչ-որ բան զիջենք։
Ընդ որում, «ՀայՌուսգազարդն» այս պատմության մեջ մեղքի բաժին չունի։ Այս խառնաշփոթի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Նույն մեխանիզմով «ՀայՌուսգազարդի» տեղում կարող էր լինել ցանկացած ընկերություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի։ Եվ կուլիսային խաղերի արդյունքում չի բացառվում`մի գեղեցիկ օր պարզվի, որ ուրիշ պարտքեր էլ կան և ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն։
Ուշագրավն այն է, որ ՀՀ տնտեսական բլոկի մյուս պաշտոնյաներն այս տհաճ հարցերին չեն պատասխանում և հասցեագրում են դրանք Արմեն Մովսիսյանին։ Այսինքն` ով այս ճաշը եփել է, թող նա էլ ուտի։
Իրականում, տեղի ունեցածը լուրջ սկանդալ է։ Ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական սկանդալ, որովհետև այս ամենը կապված էր 2012-ի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Այդուհանդերձ, ճշմարտության բացահայտվելուց հետո ցանկացած նորմալ երկրում նման սկանդալին կհետևեր հրաժարականը կամ պաշտոնազրկումը։ Բայց բոլորն էլ գիտեն, որ ոչ Արմեն Մովսիսյանը, ոչ էլ գազի գործարքը թաքցնող մյուսները ոչ հրաժարական կտան, ոչ էլ նրանց կազատեն աշխատանքից։ Միակ «օգուտն» այն է, որ գոնե հանրությունն իմանում է ճշմարտությունը։ Իսկ մենք, երևի, սկսենք այսուհետ գովաբանել պրն Մովսիսյանին և ճշմարտությունը հասարակությունից թաքցնող մյուս պաշտոնյաներին։ Ինչպես ասում են` «հավատանք, որ փոխենք»։