Լոմոնոսովն ու միկիտանները
Կրթության որակի բարձրացման ու բուհական համակարգի բարեփոխման մասին խոսակցությունները ձանձրացրել են բոլորին: Նույնիսկ նրանց, ովքեր որևէ աղերս չունեն այդ համակարգերի հետ: Հավանաբար` այն պատճառով, որ ոլորտի կառավարիչներն ավելի շատ խոսում են, քան գործում:
Վերջին շրջանում մեր վարչապետն ու կրթության նախարարը խոսում էին բուհերի խոշորացման անհրաժեշտության մասին: Նրանց համար կրթության որակի բարձրացումը, հավանաբար, բուհերի միավորումն է: Ինչպես նաև` մասնավոր փոքր բուհերի «փակումը»: 2008/09 ուստարում Հայաստանում ռեկորդային քանակության բուհեր էին գործում` թվով 90: 2009/10 ուստարում մնացին միայն 77-ը: Հաջորդ տարում կրճատվեցին ևս երեքը: 2011/12 ուստարում բարձրագույն կրթության փաստաթղթեր` դիպլոմներ էր բաժանում բուհ կոչվող 68 հիմնարկություն: 2012/13 ուսումնական տարում նրանց թիվը կրճատվելով` հասավ 65-ի: Դրանցից 51-ը գործում է մայրաքաղաքում: Հայաստանյան 90 հազար 145 ուսանողից 74 հազար 726-ը սովորում է Երևանում: Իսկապես անհավանական քանակություն է: Եվ իսկապես նկատելի է կրճատվելու միտումը` բուհերի քանակի առումով:
Բայց իշխանությունների երկրորդ` կրթության որակի բարձրացման խոստումը թվաբանական կամ քանակական ոչ մի ապացույց չունի: Մի շտապեք եզրակացնել, որ կրթության որակը քանակական ցուցանիշներով չի արտահայտվում: 2012/13 ուստարում հայաստանյան բուհերում սովորող արտասահմանցի ուսանողների թիվը քառորդ չափով (նույնիսկ մի փոքր ավելի) կրճատվել է: Դժվար թե որևէ մասնագետ պնդի, որ սա կրթության որակի անկման չափանիշ չէ:
Ավելին, դատելով բուհական համակարգում կատարվող փոփոխությունների մասին մեր կառավարության անդամների ելույթներից, կարելի է ենթադրել, որ այն շարունակական բնույթ է կրելու: Մեր վարչապետի պատկերացրած մրցունակ բուհական համակարգը, հավանաբար, որևէ աղերս չունի հայաստանյան բուհերի աշխատանքի բարելավման հետ: Հիմա ակնհայտ է, որ կրթության որակի բարձրացումը կապվում է Ռուսաստանի հետ: Մաքսային միության անդամակցության հետ խոսվեց նախ` ռուսական գիմնազիա հիմնելու, հետո` Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ բացելու մասին: Այս երկրորդն աննախադեպ է համաշխարհային կրթության ոլորտում: Հեռավոր 11-րդ դարում Հռոմի պապն արտոնեց Եվրոպայի առաջին աշխարհիկ` Բոլոնիայի համալսարանի գործունեությունը: Մի քանի դար այնտեղ ուսանում էին ուսանողներ եվրոպական տարբեր երկրներից: Ոչ մի երկրի մտքով չանցավ մասնաճյուղ բացել: Ավելին, բոլոր երկրներում դարերի ընթացքում սեփական համալսարաններ բացվեցին: Չնայած, որ միջնադարում գիտության լեզուն մեկն էր` լատիներենը:
Ամեն երկիր իր կրթական համակարգը ստեղծեց` իր մշակույթին, տնտեսությանը, լեզվին ու արժեհամակարգին հարիր: Նույնիսկ հիմա գլոբալիզացիայի այս շրջանում ոչ մի երկիր չի ձգտում հեղինակավոր Օքսֆորդի, Հարվարդի կամ որևէ այլ համալսարանի մասնաճյուղ բացել իր տարածքում: Տասնամյակներ շարունակ մենք հպարտանում էինք, որ Եղեռնից մազապուրծ մեր պապերը Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարան բացեցին: Ու հիմա անկախության 23-րդ տարում մեր համալսարանի վրա «տղա ենք բերում»: Ֆիլիալի տեսքով: Մոսկվայի, կարծեմ, Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիլիալի:
Միջազգային տարբեր կազմակերպություններ ամեն տարի հրապարակում են համաշխարհային հռչակ ունեցող բուհերի վարկանիշները: Մոսկվայի վերոհիշյալ համալսարանը մեկ-երկու անգամ հայտնվել է 100-ից բարձր դիրքում, բայց սովորաբար առաջին հարյուրյակ չի մտնում: Եթե այս որակին ենք ձգտում, ապա ամեն ինչ պարզ է: Իսկ եթե խոսում ենք մրցունակ կրթահամակարգի մասին, ապա միանգամայն անհասկանալի է, թե ի՞նչ մասնաճյուղի մասին է խոսքը:
Մասնաճյուղերի դասավանդման որակի մասին մեր իսկ փորձով կարող ենք հստակ եզրակացության հանգել: Ոչ ոքի մտքով իսկ չի անցնի համեմատել Երևանի պետական համալսարանի կրթության որակը նույն համալսարանի, ասենք, Գավառի մասնաճյուղի հետ: Կամ` Իջևանի: Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մասնաճյուղերի ուսանողները «լավ օրից» չէ, որ կրթությունը ծննդավայրում են ստանում: Բոլորս էլ գիտենք, որ ոչ մի առաջնակարգ դասախոս ու մասնագետ երկար ժամանակով դասախոսելու` Երևանից չի մեկնում որևէ մասնաճյուղ: Բոլորս էլ հրաշալի գիտենք, որ մասնաճյուղի ոչ մի շրջանավարտ մայրաքաղաքի աշխատուժի շուկայում մրցունակ չէ:
Գիտենք, բայց կրթության որակի բարձրացումն արտասահմանյան բուհի ֆիլիալի հետ ենք կապում: Մոսկովյան պրոֆեսորադասախոսական կազմի ծաղիկը դասավանդելու չի գա Հայաստան: Կգան մեկ-երկու «խոպանչիներ»: Փոխարենը` կաշխուժանա ռուսախոս հայ քաղքենին: Նա, ում ոչ միայն հայերենին, այլև սեփական մասնագիտությանը պատշաճ որակով չտիրապետելու համար հեռացրել են բուհական համակարգից: Կաշխուժանա ու ֆիլիալում դասավանդելով` կլուծի իր վրեժը մեր երեխաներից: Դե, մեր չինովնիկներն էլ կօգնեն` քաղաքական որոշումը կայացված է: Հետևաբար, այդ անհավասար պայքարում ԵՊՀ-ի ու մյուս հայկական բուհերի վարկանիշը կընկնի:
Հ.Գ. Հետաքրքիր է, մեր վարչապետը, կրթության նախարարը և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտորը տեղյա՞կ են, որ իրենք առաջինը չեն: Մի քանի տարի առաջ Հրազդան քաղաքում Մոսկվայի համալսարանի մասնաճյուղ կար: Մի «գործարար» (դրանց առաջ միկիտան էին ասում) նրանցից շուտ Ծթձ-ի ֆիլիալ էր դրել ու փող էր աշխատում` ՌԴ պետական նմուշի դիպլոմներ վաճառելով: Իսկ դուք հավատում եք կրթության որակի բարձրացման հեքիաթներին: