Բաժիններ՝

Սիրիական հակամարտությունն ընթանում է 1915 թվականին սպանված հայերի ոսկորների վրա. The Independent

Դեկտեմբերի 1-ին բրիտանական The Independent թերթում հրապարակվել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի «Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց այդ ժողովրդին շարունակում են ոչնչացնել Սիրիայում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ընդամենն ավելի քան 30 տարի առաջ էր, երբ ես Սիրիայում՝ Խաբուր գետի ափին ընկած բլրի լանջին փորելով հայտնաբերեցի Հայոց ցեղասպանության զոհերի ոսկորներ ու գանգեր: Դրանք երիտասարդ անձինք էին, ատամները չէին քայքայվել: Նրանք այն մեկուկես միլիոն քրիստոնյա հայերի միայն մի մասն են, որոնք հանդիսացել են 20-րդ դարի առաջին Հոլոքոսթի՝ 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից պլանավորված հայ ժողովրդի զանգվածային ոչնչացման զոհեր:

Դժվար էր հայտնաբերել այդ ոսկորները, քանի որ Խաբուր գետը Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր-Էզ-Զոր քաղաքից հյուսիս փոխել է իր հունը՝ թեքվելով դեպի արևելք: Այնքան շատ դիակ է նետվել գետը, որ ջրի հոսքը թեքվել է դեպի արևելք, գետը փոխել է իր հոււնը:

Ինձ հետ գտնվող հայ ընկերները վերցրին այդ ոսկորները և հանձնեցին Դեյր-Էզ-Զորի հայկական եկեղեցուն, որը նվիրված է սպանված հայերի հիշատակին և մատնանշում է «ժամանակակից» թուրքական պետության խայտառակությունը, որը ցայժմ հերքում է այդ Հոլոքոսթը:

Իսկ այժմ, ԶԼՄ-ների կողմից գրեթե մոռացված այդ սպանությունների վայրում մղվում է նոր պատերազմ: Սիրիական հակամարտությունն ընթանում է սպանված հայերի ոսկորների վրա: Փրկված քրիստոնյա հայերի սերունդները, որոնք ապաստան էին գտել սիրիական հին հողերում, ստիպված են եղել վերստին փախչել՝ Լիբանան, Եվրոպա ու Ամերիկա:

Ինքը՝ Դեյր-Էզ-Զորի եկեղեցին, ուր թվում էր, թե սպանված հայերի ոսկորները գտել են իրենց վերջին հանգրվանը, վնասվել է նոր պատերազմի ժամանակ, թեև հայտնի չէ, թե ով է մեղավոր դրանում: Երեկ ես զանգահարեցի Դամասկոս՝ եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանին, ով ինձ հայտնեց, որ Դեյր-Էզ-Զորի եկեղեցին իսկապես վնասված է, սակայն սրբավայրը մնացել է անվնաս:

Նրա կարծիքով՝ բուն եկեղեցին ավելի պակաս կարևոր էր, քան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, և հենց այդ հիշատակը կարող է ոչնչացվել: Նա իրավացի է: Թեև եկեղեցին շատ գեղեցիկ շինություն չէ, այնուամենայնիվ, հայերի Հոլոքոսթի այդ վկան սրբության հարցում ոչնչով չի զիջում Իսրայելում Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված Յադ Վաշեմ հուշահամալիրին:

Եվ չնայած նրան, որ Իսրայել պետությունը թուրքերի նման անամոթաբար հայտարարում է, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն չէր՝ իսրայելցիներն իրենք հայերի սպանության համար օգտագործում են Շոա բառը՝ Հոլոքոսթ:  Հալեպի հայկական եկեղեցին ենթարկվել է Սիրիական ազատ բանակի վանդալիզմի ակտերին:

Սիրիական ազատ բանակը «լավ» ապստամբներն են, որոնք պայքարում են Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ, որոնց կազմակերպել ու սպառազինել են ամերիկացիները, ինչպես նաև Պարսից ծոցի սուննի արաբները: Իսկ Ռաքքայում՝ Սիրիայի միակ մարզկենտրոնում, որն ամբողջովին գրավված է ընդդիմության կողմից, սալաֆի զինյալներն ավերել են հայկական «Սուրբ նահատակների» կաթոլիկ եկեղեցին և այրել են նրա գույքը:

Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ այս մտքից. հարյուրավոր թուրք զինյալներ, այն նույն թուրքերի սերունդները, որոնք 1915 թվականին միացել են հայերին ոչնչացնելու մրցավազքին, արդեն իսկ միացել են «Ալ-Քաիդայի» (սիրիական) մասնաճյուղերի զինյալներին, որոնք հարձակում են գործել հայկական եկեղեցու վրա: Եկեղեցու գմբեթի խաչը հանվել և փոխարինվել է («Ալ-Քաիդայի» հետ կապված) «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման դրոշով:

Սակայն սա դեռ ամենը չէ: Նոյեմբերի 11-ին ականանետի արկը Դամասկոսում ընկավ հայկական Ազգային Սուրբ Թարգմանչաց ճեմարանի մոտ, և երկու այլ արկեր էլ ընկան դպրոցական ավտոբուսների վրա: Դրա հետևանքով զոհվեցին հայ դպրոցականներ Հովհաննես Ատոկանյանը և Վանեսա Պետրոսը:

Մեկ օր անց ատրճանակի սպառնալիքի ներքով թալանվեց Հալեպից Բեյրութ հայերին փոխադրող ավտոբուսը: Երկու օր անց Հալեպում ականանետային արկի հետևանքով սպանվեց Գևորգ Բոգասյանը: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է 65 հայ, սակայն ես կարծում եմ, որ մենք դա կարող ենք ներկայացնել որպես 1.500.065: Ավելի քան 100 հայ առևանգվել է:

Հայերը, Սիրիայի մյուս քրիստոնյաներից շատերի նման չեն աջակցում Ասադի վարչակարգի դեմ ուղղված հեղափոխությանը, թեև նրանց հազիվ թե կարելի է անվանել Ասադի կողմնակիցներ: Երկու տարի անց նրանք (հայերը) կնշեն իրենց Հոլոքոսթի 100-րդ տարելիցը: Ես հանդիպել եմ շատ փրկվածների, նրանք բոլորն էլ արդեն իսկ մահացել են:

Սակայն թուրքական պետությունը, որն աջակցում է Սիրիայում ներկայիս հեղափոխությանը, նույն թվականին նշելու է Գալիպոլիում (Դարդանել, 1915) իր տարած հաղթանակը, որը մի հերոսական ճակատամարտ էր, որում Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն իր երկիրը փրկեց դաշնակիցների օկուպացումից:

Հայերը նույնպես մասնակցել են այդ ճակատամարտին՝ բնականաբար, թուրքական բանակի կազմում (այս թեմայով կարելի է կարդալ նույն պարբերականում Ռոբերտ Ֆիսկի` «Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել» խորագրով հոդվածը – 168.am) , սակայն ես կարող եմ գրազ գալ այնպիսի թվով, որքանով որ կցանկանաք Դուք, որ 2015 թվականին նրանց չի հիշի թուրքական պետությունը, որը դրանից շատ չանցած՝ սկսեց ոչնչացնել նրանց ընտանիքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս