Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել. The Independent

Բրիտանական The Independent թերթում երեկ հրապարակվել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի` «Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2015 թվականին նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-րդ ամյակը՝ դրա հետ մեկտեղ մարդկանց ուշադրությունը շեղելով նույն թվականին օսմանյան թուրքերի կողմից իրագործված 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների ցեղասպանության 100-րդ տարելիցից:

(Թուրքիայի իշխանություններին) բարյացակամ տրամադրված գիտնականներն արդեն իսկ արել են ամեն ինչ՝ մոռացության մատնելու համար 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում թուրքական զորքերի կողմից հազարավոր արաբների մասնակցության փաստը: Այժմ էլ նրանք փորձում են ներկայացնել, թե հայ հրետանավոր սպա, կապիտան Սարգիս Թորոսյանը, ով պարգևատրվել է Գալիպոլիի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար, կեղծել է իր ինքնակենսագրությունը:

Մինչդեռ փաստ է, որ կապիտան Սարգիս Թորոսյանը ցուցաբերած խիզախության համար մեդալներ է ստացել անձամբ Էնվեր փաշայի կողմից, ով ռազմական նախարարն էր և Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ անձը:

Գալիպոլիիի ամենամեծ հերոսն է համարվում Մուսթաֆա Քեմալը, ով որպես Աթաթուրք՝ հիմնադրեց ժամանակակից Թուրքիան: Սակայն Թուրքիայի ամենաազդեցիկ պատմաբանների մի մասի կողմից Թորոսյանի կենսագրության կեղծումը ստիպում է «ժամանակակից» բառն առնել չակերտների մեջ:

Այժմ այդ գիտնականներն անգամ պնդում են, թե հայ կապիտանն ինքն է հորինել Էնվեր փաշայից երկու մեդալ ստանալը: Եվ այնուամենայնիվ, թուրք ամենաանկեղծ պատմաբաններից Թաներ Աքչամը, ով ամբողջովին ընդունում է 1915 թվականի ցեղասպանության եղելությունը, ԱՄՆ-ում փնտրել է Թորոսյանի ընտանիքին, ծանոթացել է նրա թոռնուհու հետ և զննել է օսմանյան երկու մեդալները, որոնցից մեկի վրա եղել է անձամբ Էնվերի բնօրինակ ստորագրությունը:

Մենք բոլորս տեղյակ ենք, որ Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին: Բայց ինչպե՞ս Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին, երբ նա նախկինի նման հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը, ինչը բնորոշվում է նաև արդեն վաղուց մահացած օսմանյան սպայի (Թորոսյանի) վրա սկանդալային հարձակմամբ:

Որքան էլ որ Թուրքիայի կառավարությունը 2015 թվականին հնչեցնի Գալիպոլիի թմբուկները, միևնույն է՝ Թորոսյանի ուրվականը շրջելու է 1915 թվականի մարտադաշտերում: Նրա «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունն առաջին անգամ հրատարակվեց 1947 թվականին, Բոստոնում:

Դարդանելի նեղուցում և Գալիպոլիի (թուրքերեն` Գելիբոլու) թերակղզում դաշնակցային զորքերի ափհանում ձեռնարկելու նախաձեռնողի դերում հանդես է եկել Ուինսթոն Չերչիլը՝ նպատակ հետապնդելով գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլը: Սակայն ութամսյա մարտերի հետևանքով անգլո-ֆրանսիական զորքերը պարտվեցին և հեռացան 1916 թվականի հունվարին:

Ստամբուլի Bilgi համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր Այհան Աքթարը «Դարդանելից մինչև Պաղեստին» գիրքն ուսումնասիրել է 20 տարի անց և ապշել է 1915 թվականին Թուրքիայի կողմից հայ բնակչությանը ոչնչացնելու փորձի համար, քանի որ հայ սպաները կռվել են օսմանյան բանակում:

Գրքում Թորոսյանը պատմում է ոչ միայն Գալիպոլիի ճակատամարտին իր մասնակցության մասին, այլև այն բոլոր ճակատամարտերի մասին մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ նա արդեն իսկ գտնվել է Սիրիայի ու Պաղեստինի ճակատներում: Ապա նա անցել է դաշնակիցների կողմը և պատերազմի ավարտից հետո ֆրանսիական զորքերի հետ մուտք է գործել Կիլիկիա: Այստեղից նա հեռացել է ԱՄՆ, ուր և մահացել է:

Պրոֆեսոր Աքթարը, տեսնելով, որ իր գործընկերները չեն ցանկանում ճանաչել օսմանյան բանակի կազմում հայերի ու արաբների պատերազմելը, որոշում է այդ գիրքը հրատարակել թուրքերենով:

Գրքի հրատարակումից հետո «Սաբանջը» համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը 13 թերթային սյունակ է գրել Taraf թերթում` փորձելով ապացուցել, որ գիրքը երևակայության արդյունք է, իսկ Թորոսյանը ստախոս է:

Աքթարի կարծիքով՝ դա «կերպարի սպանություն» է: Աքթարը նաև նշել է, որ թեև Էնվեր փաշան (Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդը) տեղի նահանգապետներին հրամայել էր չաքսորել սպաների ընտանիքներին, այնուամենայնիվ Թորոսյանի ընտանիքն աքսորվել է Սիրիական անապատ:

Օսմանյան բանակի ավելի ցածրաստիճան զինվորական կոչում ունեցողները նախ զինաթափվեցին, ապա սպանվեցին ցեղասպանության ֆոնին, որի ժամանակ կանանց կանոնավոր բռնաբարում էին թուրք զինվորները, ժանդարմներն ու նրանց քուրդ ու չերքեզ զինյալները: Չերչիլն այդ զանգվածային սպանությունները որակել է որպես «Հոլոքոսթ»:

Թաներ Աքչամին ապշեցրել են Թորոսյանի գրքի թուրքերենով հրատարակվելուց հետո ստացված արձագանքները: Քննադատներից մեկն անգամ պնդել է, թե հայ սպան ընդհանրապես գոյություն էլ չի ունեցել: Աքթարը պնդում է, որ Գալիպոլիի ճակատամարտում կարևոր դեր են խաղացել նաև քրիստոնյաներն ու արաբները:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկու տարի առաջ Գալիպոլիում ունեցած ելույթում պարզորոշ ներկայացրեց, թե Թուրքիան ինչպես է պատրաստվում 2015 թվականին.

«Մենք պատրաստվում ենք 2015 թվականը հայտնի դարձնել համայն աշխարհին, բայց ոչ որպես ցեղասպանության տարելից, ինչպես պնդում են ոմանք, այլ՝ որպես ազգի փառավոր դիմադրության, այլ կերպ ասած՝ Գալիպոլիի մեր պաշտպանության հիշատակի տարի»: Այդպիսով, թուրքական ազգայնականությունը պատրաստվում է պատմությանը հաղթել մի քանի տարում:

ANZAC-ի (բրիտանական զորքերի կազմում օսմանյան բանակի դեմ կռված Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զորքերի անվանումը) զոհված վետերանների սերունդները, ովքեր 2015 թվականին պիտի այցելեն Գալիպոլի, պետք է իրենց հյուրընկալող թուրքերին հարցնեն, թե ինչու նրանք չեն հարգում այն քաջ արաբների և հայերի, այդ թվում նաև Թորոսյանի հիշատակը, ովքեր կռվել են Օսմանյան կայսրության կողմում»:

Հիշեցնենք, որ Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» գիրքն օրեր առաջ հրատարակվեց նաև հայերենով: Գրքում Թորոսյանը պատմում է, որ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլում, որոշել է վրեժխնդիր լինել թուրքերից և Պաղեստինյան ճակատում անցնել դաշնակիցների կողմը, քանի որ մինչ այդ հավատարմորեն ծառայել է Օսմանյան կայսրությանը, Դարդանելի օպերացիայի ժամանակ աչքի է ընկել անգլո-ֆրանսիական ռազմանավերի կործանմամբ, սակայն դա չի խանգարել, որ թուրքական իշխանություններն աքսորեն նրա ընտանիքին, որի ճանապարհին զոհվել են նրա ծնողները:

Թորոսյանը նաև վստահեցնում է, որ 1915 թվականին անգլո-ֆրանսիական ռազմանավերն ու ափհանված զորքերը պարզապես չցանկացան գրավել Ստամբուլը, առաջ չշարժվեցին Դարդանելից դեպի Բոսֆոր, որի այն կողմում կանգնած էր ռուսական ռազմածովային նավատորմը, որն իր հերթին պետք է Սև ծովից մտներ Ստամբուլ: Թորոսյանի կարծիքով՝ Անգլիան և Ֆրանսիան սարսափում էին Ստամբուլը ռուսներին հանձնելու մտքից:

Տեսանյութեր

Լրահոս