Աղվան Վարդանյան. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը` ԱԺ հայտարարությունների ժամին.
«2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ: Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:
1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն` և’ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և’ բարոյահոգեբանական առումներով:
2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի` բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:
3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ:
Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:
4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:
5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:
6. 2014 թվականի հունվարից և’ պետական, և’ մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձն ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:
7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ: Այսքանը արձանագրելով՝ մենք վերահաստատում ենք երեք բան. ա. Վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: բ. Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են:
Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով: գ. Մենք շարունակելու ենք սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու ենք նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով:
Մեզ հատկապես ոգևորում է գիտակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժեքներ ստեղծող երիտասարադության առկայությունը այս շարժման մեջ: Եվ վերջինը` հարգելի’ քաղաքական մեծամասնություն, դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը»: