Մատուցողուհու սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել գործով մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դ. Թամրազյանի հարազատները նշեցին, որ փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում չէ: Սակայն դատավոր Դավիթ Բալայանն ասաց, որ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին չի տեղեկացրել իր բացակայության պատճառների մասին: Իսկ Դավիթ Թամրազյանն ասաց, որ ցանկանում է միջնորդություն ներկայացնել:

Նախագահող դատավորը, սակայն, ասաց, թե դատական նիստը չի սկսվել, ուստի  ամբաստանյալն այս պահին չի կարող միջնորդություն ներկայացնել: Դատավորը որոշում կայացրեց գործի քննությունը հետաձգելու մասին:

Դատավոր Դավիթ Բալայանն ասաց նաև, որ դատարանը գրությամբ կդիմի ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ նշելով, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ոչ միայն չի ներկայացել դատական նիստին, այլև դրա մասին տեղյակ չի պահել դատարանին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել սպանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար: «Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս