Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործը դատարանում է
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրյալի աթոռին է հայտնվել Դ. Թամրազյանը:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Դ. Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մ. Հունանյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մ. Հունանյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է նրա վարձակալած բնակարան, ասել, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը:
«Իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մ. Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս»,- նշված է մեղադրական եղզրակացության մեջ:
Դ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 185-րդ հոդվածներ): Դ. Թամրազյանը կալանավորված է: Քրեական գործը նախապես մակագրվել էր դատավոր Վազգեն Ռշտունուն, սակայն նրա լիազորությունները դադարեցվել էին: Այժմ գործը քննելու է դատավոր Դավիթ Բալայանը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: