Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանի մտավախությունների մասին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը խորհրդարանում և թույլ չտալ, որ իրեն մոտենան իշխող խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջին, ասել է, թե պետք է վախենալ ոչ թե Հանրապետականի բռունցքներից, այլ Հանրապետականի սկզբունքներից:
«Ինչպե՞ս եք պատկերանում. հանկարծ Գալուստ Սահակյանը պիտի բռունցքներով հարվածներ հասցնի Զարուհի Փոստանջյանին: Կհերոսանա Զարուհին, կանվանարկվի Գալուստ Սահակյանը», – ասել է նա` նշելով, այդուհանդերձ, որ նման ցանկություն «բնականաբար» կա:
Ըստ նրա՝ Փոստանջյանը նախ այն գործիչը չէ, որի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն, և իրենք էլ այն ուժը չեն, որ գնան այդ ճանապարհով:
«Ոչ թե պիտի վախենալ Հանրապետական բռունցքներից, որը բացառված է, այլ պիտի վախենալ Հանրապետական սկզբունքներից: Իսկ ինչ վերաբերում է անձնական վախի խնդիրներին, դա, բնականաբար, չի կարող ունենալ, առավել ևս Գալուստ Սահակյանի կողմից, որովհետեւ Գալուստ Սահակյանը վաղուց ճանաչել, ընկերություն է արել իր ամուսնու հոր հետ, ապա շատ մոտիկ հարաբերությունների մեջ է իր ամուսնու հետ», – հայտարարել է նա:
Հարցին, թե իր գործընկերներին կոչ կանի՞ արդյոք ձեռնպահ մնալ հետագա վիրավորանքներից, Սահակյանը պատասխանել է. «Կոչ անելու որևէ խնդիր չկա, որովհետև արդեն ձեռնպահ են, արդեն որևէ մեկը չի հիշում Զարուհի Փոստանջյանին: Այնպես որ, չեմ կարծում այդտեղ վախի գործոն կա: Այդտեղ ցանկություն կա այդ վախի պրոցեսը օգտագործել, քաղաքական իմիջի խնդիրները լուծել այդ ճանապարհով: Մենք այդ ամեն ինչը հասկանում ենք և թույլատրում ենք. թող ավելի շատ վախենա, բայց ավելի բարձր քաղաքական գործիչ դառնա»:
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Առաքել Մովսիսյանը (ՀՀԿ), ով Զարուհի Փոստանջյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լսելով Փոստանջյանի մտավախությունների մասին, կրկին վիրավորական (ոչ հրապարակելի) արտահայտություններ է թույլ տվել կին պատգամավորի հասցեին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: