Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծել է Եկատերինբուրգի նորակառույց եկեղեցին
Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է Եկատերինբուրգի նորակառույց Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը: Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության, Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:
Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Վեհափառ Հայրապետը «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք է գործել նորակառույց տաճար:
Օծման արարողությանը ներկա են եղել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Եկեղեցու օծման առիթով հայ համայնքին շնորհավորել է Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը` իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլ միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայել է Ս. Հարության սրբապատկեր:
Տաճարի օծման առիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցել է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:
Օծման արարողությունն ամփոփվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: «Աստվածահաճո և եկեղեցաշեն ձեռնարկումները կյանքի են կոչվում Բարձրյալն Աստծո զորակցությամբ, և աշխարհի չորս ծագերում վեր հառնած մեր եկեղեցիներն ու տաճարները` որպես փրկության տապաններ, նաև ամուր հիմքն են ազգային-հոգևոր ինքնության, մխիթարության, հույսի և ապավինության: Սրբալույս մյուռոնով օծյալ մեր եկեղեցիներում հավատքով համախումբ և անսասան են մնում հայորդիք` որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի…: Որպես քրիստոնյա ազգ` մեր Տիրոջ վարդապետությամբ, առաքյալների ու մարգարեների վեմի վրա հաստատված տաճար լինելով, կառուցել ենք նաև քարակերտ տաճարներ ու եկեղեցիներ, որպեսզի այստեղ մշտամրմունջ աղոթենք Երկնավորին, և մեր եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնություններով զորացնենք հոգևոր-եկեղեցական կյանքը, ամուր պահենք աստվածասիրությունը, ազգանվիրումն ու հայրենանվիրումը»,- իր խոսքում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նորակառույց եկեղեցուն նվիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միածին Որդու Ս. Իջման պատկերը: Իսկ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակը, որով Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու բարերար Մասիս Նազարյանին շնորհվել է Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան:
Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան:
Հոկտեմբերի 12-ի առավոտյան Եկատերինբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը։