Ինչու սկսեցին ցուցմունքներ տալ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալները
Հոկտեմբերի 8-ին «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում գործով 3 ամբաստանյալները հանդես եկան անակնկալ հայտարարություններով:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունքներ տալ, «ճիշտը բացահայտել»: Նրա միջնորդությամբ դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին: Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է մարմնական վնասվածքներ պատճառել գործով տուժող Վահե Ավետյանին: Ըստ ամբաստանյալի` ինքն է վիճել Վ. Ավետյանի հետ.
«Իրան կողքից ոչ մեկը, մեր տղերքից ոչ մեկը ձեռք չի տվել: Ինչ եղել է, իր վնասվածքները սաղ ես եմ հասցրել: Ու ի սկզբանե ասեմ` ես միտում չեմ ունեցել իրան այդպես ծանր դրության մեջ, այս վիճակի մեջ գցելու, մեզ էլ` հետը: Ամեն դեպքում, ուզում եմ նշել դատարանին, որ ես միտում չեմ ունեցել: Ստեղ ոչ ոք էս տղերքից մեղավոր չէ, մեղք չունեն: Թե ինչու եմ հիմա ասում դատարանին, որովհետևգ ես էլ իմ խղճի առաջ մաքուր լինելու համար: Անմեղ տղերք են դատվում: Ինչ եղել է, ես եմ արել, դիտավորություն չեմ ունեցել»: Դատարանում ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին նաև գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանն ու Արթուր Բաբլոյանը: Գարիկ Մարգարյանն ասաց, որ ինքը դեպքի օրը հարվածներ է հասցրել տուժող Արտակ Բայադյանին: Արթուր Բաբլոյանի խոսքով էլ` ինքը հարվածել է Գարիկ Սողոմոնյանին: Նշենք, որ այս երկու ամբաստանյալներն էլ դատաքննության ընթացքում հրաժարվել էին ցուցմունքներ տալուց:
«168 Ժամի» հետ զրույցում գործով տուժողի իրավահաջորդի և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչու ամբաստանյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ տվեցին հենց հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում. «Դա կարող էր լինել ինչպես մեր ճառից հետո, այնպես էլ դրանից շատ ավելի առաջ կամ մի քանի նիստ հետո` մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը: Չնայած, իմ կարծիքով՝ կան մի քանի խնդիրներ, որոնք այդ որոշումը կայացնելիս հաշվի էին առնվել: Դրանցից ամենաէականն, իմ կարծիքով, հասարակական մեծ ուշադրության անկումն էր, որը հնարավոր դարձավ մեկ տարուց ավելի դատաքննության ընթացքի և դեղին մամուլի շնորհիվ, այսինքն՝ մարեց և հետևողականորեն շեղվեց հասարակության հետաքրքրությունը դրա նկատմամբ, և առաջացավ հնարավորություն տարբեր փաստաբանական, իրավական մանյովրների համար: Սա է հիմնական պատճառն` ըստ իս»:
Տիգրան Եգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀՀ ազգային ժողովի` ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու որոշման ընդունումը կապվա՞ծ է ամբաստանյալների ցուցմունքների հետ: «Նախ և առաջ` անհասկանալի է ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու իմաստը, սիմվոլիկան: Նույն տրամաբանությամբ կարելի է համաներում հայտարարել, օրինակ` նաև 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Առավել ևս անհասկանալի է նման հաճախականությունը համաներումների և դրանք որպես մարդասիրության արքայական դրսևորումներ ներկայացնելը, և անհասկանալի է, թե մինչև երբ պետք է այս կերպ սրբագրվեն դատավճիռները: Իհարկե, համաներումը նշանակություն ունի, իհարկե այդ գործողությունները փոխկապակցված են, բայց շատ ավելի կարևոր է հանցանքների համակցության հանգամանքը վերացնելը: Այսինքն` այս գործողությամբ պատիժն անհատականացնելու հնարավորություն ստեղծվեց, ինչի մասին մենք խոսում էինք դեռևս նախաքննության ընթացքում: Այդ ժամանակվանից խոսում էինք, զգուշացնում էինք, որ այսպիսի վտանգներ կան, ահազանգում էինք նախաքննական մարմիններին, միջնորդություններ էինք ներկայացնում, դատախազին բողոքներ էինք գրում այս իրավիճակից խուսափելու համար, որովհետև այն մեղադրանքը, եթե կարելի է այդպես անվանել, որը դատարան բերեց Դատախազությունը, կոլեկտիվ պատասխանատվության հայտը, իհարկե, դատարանում ոչ մի քննադատության չէր դիմանալու, որովհետև պատժի անհատականացման սկզբունքի հիման վրա է մեր երկրում գործում արդարադատությունը:
Եվ այս պարագայում, երբ մենք վերացնում ենք հանցագործությունների համակցությունը, ամեն անձի կողմից կատարված արարքն ավելի նվազ ծանրությամբ է որակվում, ավելի հեշտ է լինում նրա նկատմամբ կիրառել մեղմացուցիչ հանգամանքներ, և առանձին հոդվածով դատապարտվելու պարագայում նաև ավելի դյուրին է հետագայում պատժից պայմանականորեն ազատելու հարցը: Եվ այստեղ ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել հետևյալ հանգամանքին. ամբաստանյալներից յուրաքանչյուրը ստանձնեց իր մեղավորությունը կոնկրետ տուժողի հասցված վնասվածքների հարցում, և ընտրվեցին այն տուժողները, որոնք, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, հաստատված մարմնական վնասվածքներ ունեին:
Քանի որ Արկադի Աղաջանյանի և Էդգար Նիկոյանի կապակցությամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այդպիսի արձանագրություն չէր պարունակում, այսինքն` նրանց կողմից վնասվածք ստանալու փաստի վերաբերյալ արձանագրություններ չկային, ամբաստանյալները որոշեցին չստանձնել նրանց ծեծի ենթարկելու հանգամանքը: Ստացվում է նաև, որ Արման Խաչատրյանն ու Արման Բաղդասարյանը, ըստ Արթուր Բաբլոյանի, Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի, առհասարակ հանցագործությանը որևէ մասնակցություն չեն ունեցել: Հետևաբար` դերերի այս բաժանումը և պատասխանատվության առանձին մասերի ստանձնումն էապես թեթևացնում է պաշտպանության կողմի և ամբաստանյալների վիճակը:
Օրինակ` եթե Գարիկ Մարգարյանը դատապարտվի Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու և միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու համար, իսկ Արթուր Բաբլոյանը` Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու համար, ապա նրանց նկատմամբ համաներման ակտի կիրառվելու դեպքում նրանք դատարանի դահլիճից ազատ կարձակվեն: Նորայր Հայրապետյանը, ով այս պարագայում մեղադրվելու է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա մեղադրանքի ծավալից նախ դուրս է մնում հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելու ծանրացնող հանգամանքը, և դա կրկին էապես թեթևացնում է նրա կատարած արարքը, և թեթև է լինելու նաև պատիժը: 5-10 տարի միջակայքում, եթե նվազում է մեկ ծանրացնող հանգամանք, դատարանը համապատասխանաբար պետք է ավելի մեղմ պատիժ նշանակի: Բացի այդ` նրա նկատմամբ կիրառվելու է նաև համաներումը:
Եվ, օրինակ, եթե այդ ողջ նվազեցումների հետևանքով Նորայր Հայրապետյանի վերջնական պատիժը կազմի մոտ 6 տարի, հաշվի առնելով նաև այն, որ ծանր հանցագործության դեպքում ինքը պատժի մեկ երկրորդը կրելու պարագայում հնարավորություն կունենա ազատ արձակվելու (արդեն մեկուկես տարի է` նա նախնական կալանքի մեջ է, ինչը հաշվարկվելու է` որպես պատժի կրում), ստացվում է` մոտ մեկուկես տարի պատիժը կրելուց հետո նա ազատ կարձակվի: Այսինքն` այս ողջ իրավական ընթացակարգերը կիրառվեցին, որպեսզի կյանքի իրավունքի խախտման գործով, այսինքն` Հայաստանի Հանրապետության քաղաքացու, զինված ուժերի սպայի, զինվորական բժշկի կյանքի իրավունքը խախտելու գործով ազատազրկման ձևով պատիժ կրի մեկ անձ և ընդամենը 3 տարի: Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում այս ամենը»:
Տիգրան Եգորյանն ասաց, որ ամբաստանյալների ինքնախոստովանական ցուցմունքներ տալը նախապես ծրագրված էր. «Ես կարծում եմ, որ նաև հասարակության մեծ մասի համար է դա ակնհայտ, որ, այո՛, պլանավորված, ծրագրավորված ցուցմունքներ էին, ընդ որում, որոշ կետերում կատարման մակարդակը պատշաճ չէր»:
Տիգրան Եգորյանից հետաքրքրվեցինք նաև` արդյոք դատելով մեկ տարի ընթացող դատական գործընթացից` հնարավոր համարո՞ւմ է, որ դատարանն արժանահավատ համարի ամբաստանյալների ցուցմունքները, վերաորակի նրանց արարքները և կիրառի նաև համաներման մասին որոշումը. «Ես դա շատ հավանական եմ համարում: Ես կարծում եմ, որ դատավճռի եզրահանգումներ, վերլուծություններ, իրավական դիրքորոշում բաժնում մենք հնարավորություն կունենանք ընթերցել այսպիսի ձևակերպումներ. քանի որ այն կասկածները, որոնք կապված էին ամբաստանյալների կողմից փոխադարձ համաձայնությամբ կամ առանց դրա, համակատարմամբ, այս արարքները կատարելու կապակցությամբ չհաստատվեցին, չփարատվեցին, հետևաբար` Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալների, իսկ այն հանգամանքը, որ, օրինակ՝ Վահե Ավետյանին ծեծի է ենթարկել միայն Նորայր Հայրապետյանը, հաստատվեց և Նորայր Հայրապետյանի, և Արթուր Բաբլոյանի և Գարիկ Մարգարյանի ցուցմունքներով, սա արժանահավատ է: Եվ այդպես, իմ կարծիքով, մյուս ցուցմունքները կգնահատվեն»:
Գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյանի` ցուցմունքներ տալու ցանկությունն իր համար անակնկալ էր: Փաստաբանի խոսքով` ցուցմունքներ տալու Ն. Հայրապետյանի ցանկությունը բացարձակապես չի կարող կապվել համաներման մասին որոշման հետ. «Եթե այդ խոսակցությունները վերաբերում են Նորայրին, ուրեմն անլուրջ են, որովհետև այն չափով, որքանով որ հիմա համաներումը կարող էր տարածվել իր վրա, այս ցուցմունքի դեպքում այս պահի դրությամբ որևէ կերպ որևէ փոփոխություն չի կարող լինել: Իր համար համաներումը որպես շարժառիթ դիտելը բացարձակապես տեղին չէ»:
Երեմ Սարգսյանի խոսքով` լրատվամիջոցներից մեկում ինքը լսել է գործով տուժողների ներկայացուցչի տեսակետը, որ պաշտպանության կողմն ամեն ինչ պետք է անի դատական նիստերն արագացնելու, մինչև դեկտեմբերի 25-ն այն ավարտելու համար` կապված համաներման ժամկետի հետ: «Համաներման տրամաբանությունը բացարձակապես այն չէ, որ դեկտեմբերի 25-ից հետո համաներում չի կիրառվելու: Խոսքն այս պահի դրությամբ այն մարդկանց մասին է, ում նկատմամբ համաներումը պետք է կիրառվի: Օրենսդիրը հստակ ժամկետ է սահմանել, որ դա շատ չուշացնեն: Բայց, եթե այս պահի դրությամբ կա որևէ մեկը, որը հանցանք է կատարել, եթե նույնիսկ այդ հանցանքը հինգ տարի հետո էլ բացահայտվի, եթե համաներման ակտը կիրառելի լինի նրա նկատմամբ, ապա այս համաներումը պետք է կիրառվի»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ցուցմունք տված ամբաստանյալներից յուրաքանչյուրը տարանջատեց, թե կոնկրետ ում է հարվածել, պաշտպանն ասաց. «Եթե խոսքը տարանջատման մասին է, նման նպատակ, որ ցուցմունք տալով տարանջատում լինի, չի կարող լինել, բայց ընդհանուր պաշտպանության կողմի պայքարը հիմնված է եղել հենց նրա վրա, որ տարանջատում պետք է լինի: Այս պարագայում չտարանջատել, թե ով ինչ է արել, ու բոլորին նույն հոդվածով դատապարտել, աբսուրդ է»: Խոսելով իր պաշտպանյալի արարքի վերաորակման հնարավորության մասին` Երեմ Սարգսյանն ասաց. «Համենայն դեպս, եթե այսօրվա նախաքննական մարմնի տրամաբանությանը նայեինք, եթե Նորայրը հարվածել է, այդ վնասվածքների հետևանքով Վահե Ավետյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել ու մահացել, այս դեպքում նորից, ըստ էության, Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը պահպանվում է»: Ըստ Երեմ Սարգսյանի, օրենքի համաձայն` դատաքննության ավարտից հետո մեղադրողն, ով արդեն հանդես է եկել ճառով, պետք է կրկին հանդես գա ճառով. նա կարող է իր ներկայացրած ճառը պնդել, ինչպես նաև նոր հանգամանքներ ավելացնել:
Իսկ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, կարծիք հայտնելով տեղի ունեցածի մասին, ասաց. «Այդ գործընթացն ի սկզբանե ավելի շատ նման է ներկայացման, քան ռեալ դատական կամ նախաքննական գործընթացի: Ասեմ` ինչու եմ դա ասում: Հստակեցնեմ, որ կան առնվազն երկու հիմքեր, որոնք ինձ այդպես բնութագրելու հնարավորություն են տալիս: Առաջինը` այն, որ այնպիսի օբյեկտում, որտեղ կան նկարահանման հարմարանքներ, և որևէ տեղ դա այդպես էլ չցուցադրվեց և չհայտնաբերվեց, ոչ թե կասկածելի է, այլ ես կարծում եմ, որ դա պարզապես ապացուցում է այն հանգամանքը, որ դրանք կան և խոսում են այն ռեալ իրավիճակի մասին, որն իրականում եղել է և լրիվ հակասում է այն վարկածին, որը թեկուզ ի սկզբանե է ասվել: Երկրորդը` այդ վայրում, որտեղ անմարդկային և ոհմակային միջոցով տեղի է ունեցել հայկական բանակի սպայի սպանությունը, եղած հետքերի ջնջումն է: Եվ դա կարող է մինչև անգամ դիտվել` որպես հանցագործություն:
Հիմա այդ երկու դրվագները խոսում են այն մասին, որ դա իրոք ավելի շատ ներկայացում է, քան նախաքննություն կամ դատական գործընթաց: Ինչ վերաբերում է այդ ներկայացման առկա փուլին, ապա կարելի է ասել, որ դա ավելի շատ խոսում է ցինիզմի մասին, այդ գործընթացում ընդգրկված մարդկանց մասին, քան ընդհանրապես օրինականության մասին: Եթե դա անգամ կապվում է այս համաներման հետ, ես պետք է ասեմ, որ զարմանում եմ: Համաներում չպետք է տարածվի այնպիսի գործերի վրա, որոնց բնութագիրն այն է, ինչ արդեն ես տվեցի, կամ թեկուզ այն բնութագրերով, որ տրված է մինչ այսօր նախաքննական մարմինների կողմից:
Այսպիսի գործողությունները, որոնց հետևանքով, փաստորեն, մահ կա, և կան ծանր ֆիզիկական վնասվածքներ, որոնք հասցվել են այդ անձանց, չեմ կարծում, որ դա պետք է ընկնի համաներման մեջ: Եթե հանկարծ այդպիսի ավարտ ունենա, ապա այլևս չպիտի խոսենք դատական արդարադատության մասին, այլ պարզապես անարդարադատության մասին»: Լ. Ալավերդյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր համարում է տարբերակը, որ դատարանը արժանահավատ կհամարի ամբաստանյալների ցուցմունքները, կվերաորակի նրանց արարքները, ինչի արդյունքում կամ կկրճատվի պատժաչափը, կամ նրանք ազատ կարձակվեն: «Գործընթացի տրամաբանությունը ինձ թույլ չի տալիս բացառել այդպիսի որևէ ավարտ: Ես չեմ կարողանում բացառել որևէ անօրինական և տվյալ դեպքում` ոչ համարժեք գնահատական, այդ թվում և` դատարանի կողմից»,- ասաց Լ. Ալավերդյանը:
«168 Ժամ»



