Ձկնարդյունաբերության աճի վերաբերյալ ԱՎԾ տվյալները սուտ են. Արթուր Աթոյան
Այս տարվա օգոստոսին 2012 թ. օգոստոսի համեմատ Հայաստանում ձկնարդյունաբերության աճը կազմել է 23.2%, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 83.5%: Բացարձակ արժեքով 2013 թ. հունվար-օգոստոսին ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 11 մլրդ 595.3 մլն դրամ, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ավելի է 32.7%-ով: Սա՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով:
Մինչդեռ 168.am-ի հետ զրույցում Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը նշեց, որ չի հավատում ԱՎԾ ցուցանիշներին, քանի որ հայտնի չէ, թե վիճակագիրները որտեղից են այդ տվյալները վերցնում, եթե հենց ձկնարտադրողներից ոչ մի տեղեկություն չեն խնդրում:
«Դրանք սուտ թվեր են, իրենք պարապ նստած են, անելիք չունեն, թվեր են նկարում: Ոլորտում աճ չկա, հակառակը՝ այս տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն է փակվել: Արտադրական պայմաններ չկան, ջուր չկա, արտադրողները տոկոսադրույքները չեն կարողանում փակել, ձկան կերը միջազգային շուկայում թանկացել է, եկամուտ չի ապահովվում: Ավելին՝ ձկնաբուծական տնտեսությունների առջև նոր պարտավորություններ են դնում, որոնք փոքր ու միջինների համար չափազանց դժվար իրագործելի է ու շատերը փակվում են»,- ասաց Ա.Աթոյանը: