Ջոզեֆ Քեմբել. Հազարադեմ հերոսը գրքից
Սկիզբը այստեղ.
3. Գերբնական հովանավորությունը
«Երդվում եմ Ալլահով, օ իմ տիրուհի, քեզ կարելի է հասկանալ,- պատասխանեց նա,- բայց կա և մյուս կողմը, որը հարկ է հաշվի առնել. բանն այն է, որ կնոջը տրվածը տարբերվում է տղամարդու տվածից: Երդվում եմ Ալլահի հզորությամբ, քեզ սրտամոտ արքայազնը գեղեցկությամբ, հմայքով, նրբագեղությամբ և կատարելությամբ ամենից շատ նման է իմ սիրեցյալին, ասես նրանք ստեղծված են գեղեցկության նույն չափումներով»:
Լույսը խամրեց Մայմունի աչքերում, երբ նա այդ խոսքերը լսեց, և նա այնպիսի ուժով թևով խփեց Դախնաշի գլխին, որ համարյա թե նրա կյանքը խլեց: «Ես երդվում եմ քեզ իմ սիրո հիասքանչ տեսքի լույսով, օ ատելի,- հրամայեց նա,- տեղնուտեղը գնա ու այստեղ բեր քո սիրեցյալին, ում դու այդքան քնքուշ ու խելահեղ սիրում ես, և անմիջապես վերադարձիր, որպեսզի մենք կարողանանք նրանց իրար կողքի դնել ու նայել նրանց, կողք կողքի քնած, և այնժամ պարզ կլինի, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ ու հիասքանչ»:
Եվ այսպես, շնորհիվ կատարվող ինչ-որ բանի մի ոլորտում, որ հասու չէր արքայազնին, կյանքին հակառակող Կամար ալ-Զամանի ճակատագիրը սկսեց ընթանալ ինքնիրեն, առանց նրա գիտակցական կամքի որևէ միջամտության:
4. Առաջին շեմի հաղթահարումը
Ուղեկցվող իրեն ուղղորդող և օգնող իր ճակատագրի անձնավորումներով, հերոսն առաջ է գնում իր արկածի մեջ մինչև այն պահը, որ գալիս է «շեմի պահապանի» մոտ, որ կանգնած է թագավորության մուտքի մոտ, ուր իշխում են ինչ-որ բարձրագույն ուժեր: Այդպիսի պահապանները պահպանում են աշխարհը չորս կողմերից, ինչպես նաև վերից ու վարից, նրանք որոշում են ներկայի սահմանները կամ հերոսի կյանքի հորիզոնը: Նրանց հետևում խավարն է, անհայտն ու վտանգը, քանի որ ծնողական հոգածությունից դուրս երեխայի համար փռված է վտանգը, իսկ հասարակության պաշպանությունից դուրս թաքնված է վտանգը ցեղի անդամի համար:
Սովորական մարդն ավելին քան բավարարված է այն բանով, որ մնում է նշված սահմանների տարածքներում, նա նույնիսկ հպարտանում է դրանով, և հասարակական կարծիքը նրան բոլոր հիմքերը տալիս է խուսափելու առ անհայտը դույզն-ինչ քայլ անելուց: Այդպես, նավազներին Կոլումբոսի նավերի վրա, ովքեր համարձակվում էին դուրս պրծնել միջնադարյան բանականության հորիզոններից և ելնել, ինչպես իրենք էին համարում, անմահ գոյության անափ օվկիանոսը, որ շրջապատում է տիեզերքը, սկիզբ և վերջ չունեցող դիցաբանական օձի նման, որ կծում է իր պոչը, հարկ էր առաջ քշել, ինչպես երեխաներին, խորամանկությամբ և համոզելով, երբ նրանք վախենում էին հեքիաթային Լևիաթաններից, ջրահարսերից, վիշապներից և խորխորատների այլ հրեշավոր էակներից:
Ժողովրդական դիցաբանությունը ուխտադրուժ և վտանգավոր արարածներով է բնակեցնում բոլոր անմարդաբնակ վայրերը, որ ցեղի առօրյա կյանքից հեռու են ընկած: Այսպես, օրինակ, հոտենտոտները նկարագրում են հսկա-մարդակերի, ում երբեմն կարելի է հանդիպել թփուտներում և ավազների մեջ: Նրա աչքերը տեղադրված են ոտնաթաթի վերնամասում, այդ պատճառով, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում, նա պիտի չորեքթաթ կանգնի և մի ոտքը վեր բարձրացնի: Այդժամ նրա աչքը տեսնում է այն, ինչ կատարվում է հետևում, իսկ մնացած ժամանակ այն ուղղված է երկինք: Այդ հրեշը հետապնդում է մարդկանց, իր մատների պես երկար ու սարսափելի ատամներով նրանց պատառոտում է: Ասվում է նաև, որ այդ արարածները խմբերով են որսի ելնում: Հոտենտոտների մյուս երևութական էակն է Խայ-ուրին, որ առաջ է ընթանում՝ թռչկոտելով թփուտների վրայով, դրանք շրջանցելու փոխարեն:
Վտանգավոր միոտանի, միձեռանի և միկողանի արարած` կեսմարդ, անտեսանելի, եթե նրա կողքից նայես, պատահում է աշխարհի շատ մասերում: Կենտրոնական Աֆրիկայում գոյություն ունի հավատալիք, որ այդպիսի կեսմարդը իրեն հանդիպողին այսպես է ասում. «Քանի որ մենք հանդիպել ենք, արի կռվենք»: Եթե նրան հաղթում ես, նա պաղատում է. «Մի՛ սպանիր ինձ: Ես քեզ բազում դեղամիջոցներ ցույց կտամ»,- և այդ ժամանակ հաջողակ մարդը դառնում է հմուտ բուժարար: Բայց եթե հաղթում է կեսմարդը (ում կոչում են Չիրուվի «առեղծվածային արարած), նրա զոհը մահանում է:
Անհայտի ոլորտները (անապատը, ջունգլին, ծովի խորքերը, հեռավոր երկիրը և այլն) բաց դաշտ են անգիտակցականի բովանդակության պրոյեկցիայի համար: Այդ պատճառով արյունապիղծ լիբիդոն և անհատի ու նրա հասարակությանն հայրասպան դեստրուդոն արտացոլվում են կերպարներում, որոնք ենթադրում են բռնության սպառնալիքը և երևակայական վտանգավոր հաճույքը ոչ միայն հսկա-մարդակերների կերպարներում, այլ նաև առեղծվածային գաղթակղիչ, կարոտաբաղձ գեղեցկության սիրենների տեսքով: Ռուս գյուղացիներին, օրինակ, հայտնի են անտառների ինչ-որ «վայրի կանայք», որոնք ապրում են լեռնային անձավներում, ուր տնային տնտեսություն են վարում, ինչպես սովորական մարդիկ: Դրանք կառուցիկ կանայք են՝ մեծ, լայն գլխով, երկար հյուսերով ու մազածածկ մարմնով: Երբ նրանք վազում կամ կերակրում են իրենց երեխաներին, իրենց կրծքերը մեջքի հետևն են գցում: Նրանք խմբերով են ման գալիս, արմատներից պատրաստված լուծույթների օգնությամբ կարող են անտեսանելի դառնալ: Նրանք ձգտում են պարերով ուժասպառ անել կամ մինչ ի մահ խտուտ տալ յուրաքանչյուրին, ով միայնակ հայտնվում է անտառում, և յուրաքանչյուրը, ով պատահաբար նրանց պարերով խաղի (որը չի կարելի տեսնել) վկան է դառնում, մահանում է:
Մյուս կողմից, մարդկանց, ովքեր իրենց համար ուտելիք են թողնում, նրանք ցորեն են հնձում, գործում են, խնամում են նրանց երեխաներին և տունը կարգի են բերում, եթե աղջնակը իրենց մանվածքի համար կանեփ է մաքրում, նրանք նրան տերևներ են տալիս, որոնք վերածվում են ոսկու: Նրանք հաճույքով սիրեկաններ են ընտրում մարդկանց շրջանում, շատ հաճախ ամուսնանում են գյուղացի պատանիների հետ և հիասքանչ կնոջ համբավ ունեն: Բայց, ինչպես և բոլոր գերբնական կանայք, նրանք մեկ էլ անհետ կորչում են, հենց որ ամուսինը փոքր-ինչ մեղանչում է ամուսնական պարտքի մասին նրանց էքսցենտրիկ պատկերացումների դեմ:
Եվս մի օրինակ, որն արտացոլում է վտանգավոր չար էակի կապը գաղթակղման տարրով, ռուսական «Ծեր Ջրոգին է»:
Նա կարող է հմտորեն իր տեսքը փոխել և, ըստ հավատալիքի, խեղդում է մարդկանց, ովքեր լողում են կեսգիշերին կամ կեսօրին: Անօժիտներին կամ խեղդված աղջիկներին նա կնության է վերցնում: Նա դժբախտ կանանց իր ուռկանը քաշելու առանձնահատուկ շնորհք ունի: Նա սիրում է լուսնյակ գիշերներին պարել: Եվ միշտ, երբ նրա կինը պատրաստվում է ծննդաբերել, նա ուղևորվում է գյուղ տատմոր հետևից: Բայց նրան կարելի է ճանաչել նրա շորերի ծայրից կաթկթող ջրից: Նա ճաղատ է, տակառի նմանվող փոր ունի, կլորիկ այտեր, կանաչ հագուստ և եղեգից պատրաստված բարձրագագաթ գլխարկ, բայց նա կարող է հայտնվել նաև բարետես պատանու տեսքով կամ գյուղում շատ հայտնի ինչ-որ մարդու տեսքով: Այդ Ջրոգին ափին ուժեղ չէ, բայց իր տարերքի մեջ նա հավասարը չունի: Նա ապրում է գետերի ու լճերի խորքերում՝ գերադասելով ջրաղացներին մոտ տեղերը: Օրվա ընթացքում նա թաքնվում է, ինչպես իշխանը կամ լոսոսը, բայց գիշերով մակերես ելնում, և թապլտկում ու թպրտում է, հանց ձուկ, քշելով իր ստորջրյա հոտը, ոչխարներին ու ձիերին, ափին արածելու, կամ էլ բարձրանում է ջրաղացի պտտանիվի վերնամասը և առանց շտապելու սանրում է իր կանաչ վարսերն ու մորուքը:
Գարնանը, արթնանալով իր երկար քնից, նա ջարդում է գետի երկայնքով մեկ ընկած սառույցները՝ իրար վրա կուտակելով վիթխարի սառցաբեկորները, նա, ի զվարճանս իրեն, ջարդում է ջրաղացի անիվները: Բայց երբ լավ տրամադրություն է ունենում, քշում է ձկների վտառը ձկնորսների ուռկանները կամ զգուշացնում է մոտալուտ ջրհեղեղների մասին: Տատմորը, որ հետևում է իրեն, նա առատորեն վարձատրում է ոսկով ու արծաթով: Նրա հիասքանչ աղջիկները՝ բարձրահասակ, դժգույն ու տրտմերանգ, թափանցիկ կանաչ զգեստներ հագած, չարչարում ու տանջում են խեղդվածներին: Նրանք սիրում են նստել ծառերի ճյուղերի վրա ու գեղեցիկ երգում են:
Արկադական Պան աստվածը վտանգավորր էակի ամենահայտնի դասական օրինակն է, որ բնակվում է մարդկային բնակչության պահպանված տարածքից անմիջապես այն կողմ: Նրա լատինական կրկնակներն էին Սիլվանն ու Ֆավնը: Նա հորինել է հովվասրինգը և նվագում էր պարող հավերժահարսերի համար, իսկ նրա ուղեկիցներն էին սատիրները: Մարդիկ, որ պատահաբար հայտնվում էին նրա տիրույթներում համակում էր հանակարծահաս վախը («պանիկան»), և այդ ժամանակ ցանկացած մանրուք` կոտրվող ճյուղը, տերևի շրշյունը, բանականությունը լցնում էր երևակայական վտանգով:
Սակայն Պանը ներողամիտ էր նրանց հանդեպ, ովքեր երկրպագում էին իրեն, և նրանց նվիրում էր աստվածային բնության բարիքները, և առողջություն էր պարգևում բոլորին, ովքեր պատշաճ կերպով էին վերաբերվում նրա բուժման սրբավայրերին: Նա նաև իմաստնություն էր ընծայում` Կենտրոնացման, Տիեզերքի Կենտրոնի իմաստնություն, քանզի շեմի հաղթահարումը առաջին քայլն է դեպի տիեզերական ակունքի սրբազան ոլորտը: Լիկաոն լեռան վրա մարգարեանում էր հավերժահարս Էրատոն, ում ոգեշնչում էր Պանը, ճիշտ նույնպես, ինչպես Ապոլոնը Դելփիքի գուշակուհուն: Պլուտարքոսը նկարագրում է Պանի օրգիաստական ծեսերը` Կիբելայի մոլեգնության, Դիոնիսոսի բաքոսական խելահեղության մուսաների ներշնչած, բանաստեղծական ինքնամոռացման, Արես (Մարս) աստծո ռազմական խելագարության հետ մեկտեղ, նաև ամենից խելահեղ, սիրո խելագար կրքով, որպես աստվածային «ներշնչանքի», որ ճնշում է բանականությունը և ազատագրում է խավարի քանդիչ-արարիչ ուժերը:
«Երազում տեսա, ասում է միջին տարիքի, ամուսնացած մի մարդ,- որ ես ուզում եմ մի զարմանալի այգի ընկնել: Բայց դրա առաջ կանգնած էր մի պահակ, ով ինձ չէր թույլատրում մտնել, ես այգում տեսա իմ ընկերուհի ֆրոյլեն Էլզային, նա ուզում էր ցանկապատի տակից ձեռքն ինձ մեկնել: Բայց պահակը խանգարեց դրան, նա ձեռքիցս բռնեց ու ինձ տուն տարավ:
Ողջամիտ եղեք, վերջապես,- ասաց նա:- Դուք գիտեք, որ դա չպետք է անեք»:
Այս երազը բացահայտում է առաջինի նշանակությունը կամ շեմի պահապանի պահպանող տեսակետը: Ավելի լավ է մարտահրավեր չնետել սահմանված տարածքների հսկիչի դեմ: Եվ այդուհանդերձ, լոկ անցնելով այդ սահմանները և արթնացնելով այդ ուժի այլ՝ դեստրուկտիվ տեսանկյունը, մարդը, ողջ կամ մահվանից հետո, անցնում է իրականի նոր ոլորտ: Անդամանյան կղզիների պիգմեյների լեզվով oko-jimu-ն («երազողը», «նա, ով խոսում է անուրջների միջից») հատկանշում է այն խորապես հարգալից և վախ ներշնչող անհատներին, ովքեր տարբերվում են իրենց ժամանակակիցներից գերբնական ունակությունների առկայությամբ, որոնք հնարավոր է ձեռք բերել միայն ոգիներին հանդիպելուց հետո` անմիջականորեն ջունգլիներում, արտասովոր երազում կամ մահվան միջոցով և կյանք վերադառնալով: Միշտ և ամենուր արկածը անցումն է այն սահմանից, որ հայտնին բաժանում է անհայտից, ուժերը, որոնք կեցած են սահմանին, վտանգավոր են, նրանց հետ գործ ունենալը վտանգավոր է, սակայն նրանց առջև, ովքեր վստահություն և խիզախություն ունեն, այդ վտանգը նահանջում է:
Բանկս կղզիներում, եթե պատանին մայրամուտի մոտ ձկնորսությունից վերադառնալիս պատահաբար քարերի վրա տեսնում է «աղջկա, ում գլուխը պատված է ծաղիկներով, որ նրան են կանչում լեռան ստորոտից, որի կողքով է անցնում հենց նրա արահետը, և պատանին այդ աղջկան նմանեցնում է իր գյուղից կամ թե կողքի գյուղից ինչ-որ աղջկա, պատանին կարկամած կանգ է առնում և մտածում է, որ նա երևի թե ջրահարս է, նա ավելի ուշադիր է զննում և նկատում է, որ նրա դաստակներն ու ծնկները այն կողմի վրա չեն թեքվում, և հասկանում է նրա ճշմարիտ էությունը, և պատանին փախչում է: Եթե նրան հաջողվում է գայթակղիչին հարվածել վիշապի ծառի ճյուղով, ապա ձեռք է բերում սեփական ձևը և օձի վերածված հեռու է սողում»: Բայց հենց այդ նույն օձերը, որ այդքան ուժգին սարսափ են հարուցում, ըստ հավատալիքի, մտերիմ ընկերներ են դառնում նրանց համար, ովքեր նրանց հետ հարաբերությունների մեջ են մտնում: Այդպիսի դևերի հետ, միաժամանակ վտանգ ներկայացնող և մոգական ուժի շնորհատուների, վիճակված է հանդիպելու յուրաքանչյուր հերոսի, ով թեկուզ և դույզն-ինչ դուրս է գալիս իր ավանդույթի սահմաններից:
Երկու ցայտուն արևելյան սյուժե մեզ կօգնեն բացատրելու այդ բարդ անցման անմիանշանակությունը և կցուցանեն, թե ինչպես, չնայած այն բանին, որ ճշմարիտ հոգեբանական պատրաստվածության դեմ բոլոր սարսափները պիտի նահանջեն, արկած որոնողի չափազանց հանդուգն քայլերին կարող է հետևել խայտառակ պարտությունը:
Առաջին պատմությունը Բենարեսից քարավան տանողի մասին է, ով համարձակվել էր իր առատորեն բարձած քարավանը հինգ հարյուր սայլերով տանել դևերի անջուր անապատը: Նախօրոք իմանալով վտանգի մասին՝ նա կանխատեսորեն բարձել էր սայլերի վրա ջրով լի վիթխարի կավե կժեր, այնպես որ, սառը դատելով, նրա անապատը կտրել-անցնելու շանսերը շատ մեծ էին: Բայց երբ նա կես ճանապարհն անցավ, այդ անապատում բնակվող հսկա-մարդակերը մտածեց. «Ես կստիպեմ այս մարդկանց խմել այն ջուրը, որ նրանք բերել են իրենց հետ»: Եվ նա արարեց հայացքը շոյող մի սայլակ, որը լցված էր ճեփ-ճերմակ ցլիկներով և կեղտով պատված անիվներով, և այդպես հայտնվեց մեր քարավանի առաջ: Նրա առջևից ու հետևից քայլում էին դևերը: Նրանց գլուխներն ու հագուստները թաց էին, իսկ իրենք պատված էին սպիտակ ու կապույտ ջրաշուշաններով, ձեռքերի մեջ բռնել էին լոտոսի ճերմակ ու կարմիր փնջեր և ծամում էին շուշանների մսոտ ցողունները, որոնցից հոսում էին ջրի ու կեղտի կաթիլները: Եվ երբ դևի քարավանն ու խումբը տարբեր կողմերի վրա ցրվեցին, որպեսզի միմյանց ճանապարհ տան, հսկա-մարդակերը ընկերաբար ողջունեց քարավանատիրոջը: «Դուք ո՞ւր եք ուղևորվում»,- սիրալիր հարցրեց նա: Ինչին քարավանի ուղեկցորդը պատասխանեց. «Պարոն, մենք գալիս ենք Բենարեսից: Բայց ես տեսնում եմ, որ դուք գնում եք կապույտ ու ճերմակ ջրաշուշաններով և լոտոսի սպիտակ ու կարմիր ծաղիկներով պատված»:
Եվ հսկա-մարդակերն ասաց. «Դու տեսնո՞ւմ ես այն ծառերի կանաչ ժապավենը: Դրա հետևում համատարած ջուր է, անընդհատ անձրև է գալիս, բոլոր ջրափոսերը լեցուն են անձրևով, և ամենուր լճեր են, որ պատված են լոտոսի ճերմակ ու կարմիր ծաղիկներով»: Եվ այնուհետև, մինչ նրա կողքով մեկը մյուսի հետևից ընթանում էին սայլակները, հսկա-մարդակերը հետաքրքրվեց. «Իսկ ի՞նչ ապրանք է այս սայլակում: Վերջիններս շատ դանդաղ են ընթանում, և ի՞նչ ապրանք է դրանց վրա»: «Դրանց վրա ջուր է»,- պատասխանեց ուղեկցորդը:
«Դուք, իհարկե, ողջամիտ եք վարվել, ձեզ հետ ջուր վերցնելով, բայց հիմա դուք արդեն ձեզ ծանրաբեռնելու կարիք չունեք: Ջուրը պարպեք, կավե կժերը կտոր-կտոր արեք և թեթև ճամփա ընկեք»: Հսկա-մարդակերը գնաց իր ճամփով և, տեսադաշտից կորչելով, մեկեն վերադարձավ մարդակերների իր քաղաքը:
Իսկ քարավանի անմիտ ուղեկցորդը իր տխմարության պատճառով ականջ դրեց մարդակերի խորհրդին, ջարդեց կավե կժերը և սայլերն առաջ ուղարկեց: Իսկ առջևում ոչ մի կաթիլ ջուր չկար: Նրա մարդիկ ծարավից տոչորվում էին: Նրանք քայլում էին մինչև մայրամուտ, իսկ հետո սայլակները լծից հանեցին, շրջանաձև դրեցին, իսկ ցլերին կապեցին անիվներին:
Ցլերի համար ջուր չկար, ոչ էլ ջրիկ վարսակ, ոչ էլ եփած բրինձ մարդկանց համար: Ուժասպառ մարդիկ փռվեցին տարբեր տեղեր ու քնեցին: Կեսգիշերին իրենց քաղաքից եկան հսկա-մարդակերները, բոլոր մարդկանց ու ցլերին կոտորեցին, կրծեցին նրանց մսերը՝ թողնելով լոկ ոսկորները, որից հետո հեռացան: Մարդկանց ու կենդանիների ոսկորները այդպես թափված մնացին, իսկ հինգ հարյուր կառքերը բեռնված կանգնած էին:
Երկրորդ պատմությունը այլ կարգի է: Այն պատմում է պատանի արքայազնի մասին, ով հենց նոր է ավարտել ռազմարվեստի ուսուցումը աշխարհով մեկ հայտնի ուսուցչի մոտ: Որպես առանձնանշան ստանալով Հինգ Զենքերի Արքայազնը տիտղոսը՝ նա իր ուսուցչից ստացավ հինգ տեսակի զենք, գլուխ տվեց և այդ կերպ զինված քայլեց ճանապարհով, որը տանում էր դեպի իր արքա հոր քաղաքը: Նրա ճանապարհին ինչ-որ անտառ էր: Մարդիկ արքայազնին նախազգուշացրին. «Պարոն, այդ անտառը մի՛ մտեք,- ասացին նրանք,- այնտեղ ապրում է Կպչուն Մազեր անունով հսկա-մարդակերը, ով ում տեսնում՝ սպանում է»:
Սակայն արքայազնը ինքնավստահ ու անվախ էր, ինչպես բաշով առյուծը: Նա մտավ անտառ՝ ոչնչի վրա ուշք չդարձնելով: Երբ նա հասավ անտառի խորքերը, հայտնվեց հենց ինքը՝ հսկա-մարդակերը: Նա հառնեց արքայազնի առաջ հանկարծ, բարձրահասակ հանց արմավենի, իսկ գլուխն այնքան մեծ էր, ինչպես զանգակատուն հիշեցնող կտուրով ամառային տնակը, վիթխարի աչքերով, հանց զոհագավեր, և երկու ժանիքներով, այնքան մեծ, ինչպես հսկայական սոխի գլուխները: Նա գիշանգղի կտուց ուներ, նրա փորը պուտերով էր ծածկված, նրա ձեռքերն ու ոտքերը մուգ կանաչ գույնի էին: «Դու ո՞ւր ես ուղևորվում»,- խստորեն ասաց նա:- Կա՛նգ առ: Դու իմ ավարն ես»:
Հինգ Զենքերի Արքայազնը առանց որևէ վախի պատասխանեց՝ իր հմտության և վարպետության լիակատար գիտակցությամբ: «Մարդակեր,- ասաց նա,- ես գիտեի՝ ինչ եմ անում, երբ մտա այս անտառը: Մինչև հարձակվելը լավ մտածիր, քանզի իմ թունավոր նետը կշամփրի քո մարմինը, և դու տեղում շունչդ կփչես»:
Այսպես սպառնալով մարդակերին՝ արքայազնը ձգեց իր թունավոր նետը և բաց թողեց այն: Այն կպավ հենց մարդակերի մազերին, նա բոլոր նետերը իր վրայից թափ տվեց, և դրանք թափվեցին նրա ոտքերի առաջ, իսկ ինքը մոտեցավ երիտասարդ արքայազնին:
Հինգ Զենքերի Արքայազնը սպառնաց հսկա-մարդակերին երկրորդ անգամ և, հանելով իր սուրը, վարպետորեն հարվածեց նրան: Սուրը փակչեց հենց մարդակերի մազերին: Այդժամ նա նրան հարվածեց տեգով, բայց դա էլ փակչեց նրա մազերին: Տեսնելով դա՝ արքայազնը մարդակերին հարվածեց մականով, որը նույնպես կպավ նրա մազերին:
Տեսնելով, որ մականը նույնպես կպավ նրա մազերին, արքայազնն ասաց. «Պարո՛ն մարդակեր, դու նախկինում երբեք իմ մասին չես լսել: Ես Հինգ Զենքերի Արքայազնն եմ: Երբ ես մտա այս անտառը, ես հույսը միայն ինձ վրա էի դրել: Եվ ես հիմա քեզ կջարդեմ ու փոշու կվերածեմ»: Այդպես ազդարարելով իր պատրաստակամությունը՝ նա բարձր ճչոցով նրան աջ ձեռքով հարվածեց: Եվ նրա ձեռքը կպավ մարդակերի մազերին: Նա նրան ձախ ձեռքով հարվածեց: Բայց այն էլ կպավ նրա մազերին: Նա խփեց աջ ոտքով: Այն նույնպես կպավ: Նա հարվածեց ձախ ոտքով, բայց այն էլ կպավ: Այդժամ արքայազնը մտածեց. «Ես նրան կհարվածեմ գլխով և նրան կփոշիացնեմ»: Եվ նա հսկային գլխով խփեց: Բայց այն նույնպես կպավ մարդակերի մազերին:
Հինգ Զենքերի Արքայազնը հինգ անգամ ծուղակն ընկավ և, մարմնի հինգ մասերով կպած նրա մազերին, կախվել էր հսկա-մարդակերից: Սակայն, չնայած այդ ամենին, նա խիզախությունը չէր կորցրել: Ինչ վերաբերում է հսկա-մարդակերին, ապա նա մտածեց. սա սովորական մարդ չէ, սա ազնվական ծնունդ է, սա առյուծ է, ոչ թե մարդ: Քանզի, թեպետ այնպիսի հսկա-մարդակերը, ինչպիսին ես եմ, բռնել է նրան, բայց նա չի դողում ու չի սարսռում: Այս ողջ ընթացքում, որ ես սպասում եմ ճամփորդների այս ճանապարհի վրա, ինձ դեռ երբեք չի պատահել նրա նման մի մարդ: Ինչո՞ւ, ասացեք խնդրեմ, նա չի վախենում»: Չհամարձակվելով ուտել արքայազնին՝ նա հարցրեց. «Պատանի՛, դու ինչո՞ւ չես վախենում: Ինչո՞ւ դու չես դողում մահվան սարսափից»:
«Իսկ ինչո՞ւ, մարդակեր, ես պիտի վախենամ: Չէ՞ որ ամենայն կյանք ունի իր վախճանը: Եվ ամեն ինչից զատ, ես փորիս մեջ մի զենք էլ եմ կրում` կայծակի հարվածը: Եթե դու ինձ ուտես, ապա այդ զենքը չես կարող մարսել: Այն կպայթեցնի քո ներքին օրգանները և կսպանի քեզ: Այդ դեպքում մենք երկուսս էլ կզոհվենք: Ահա թե ինչու ես չեմ վախենում»:
Ընթերցողը պիտի հասկանա, որ Հինգ Զենքերի Արքայազնը նկատի ուներ Իմացության Զենքը, որն իր ներսում էր: Իրականում այդ երիտասարդ հերոսը այլ մեկը չէր, քան Ապագա Բուդդան իր նախորդ մարմնավորման մեջ:
«Այս պատանին ճիշտ է ասում»,- մտածեց մարդակերը՝ մահվան սարսափը սրտում: «Իմ փորը չի կարող մարսել նույնիսկ այսքան փոքրիկ մարդ-առյուծի մարմինը: Ես նրան բաց կթողնեմ»: Եվ նա բաց թողեց Հինգ Զենքերի Արքայազնին: Ապագա Բուդդան շարադրեց իր ուսմունքը, նրան ենթարկեցրեց իրեն, համոզեց զոհել իր հետաքրքրությունները, իսկ այնուհետև վերածեց ոգու, որն իրավունք ուներ անտառում ընծաներ ընդունելու: Հիշեցնելով հսկա-մարդակերին, որ նա պիտի ուշադիր լինի, պատանին լքեց անտառը և, հազիվ այնտեղից դուրս գալով, այդ ողջ պատմությունը պատմեց մարդկանց, որից հետո իր ճամփով գնաց:
Ինքն իրենով խորհրդանշելով աշխարհը, որին մեզ կապում են հինգ զգայարանները, և որից անհնար է հրաժարվել ֆիզիկական օրգանների գործողություններով, հսկա-մարդակերը ենթարկվեց լոկ այնժամ, երբ Ապագա Բուդդան, մնալով առանց իր անցողիկ տիտղոսի հինգ զենքերի և ֆիզիկական բնույթի պաշտպանության, դիմեց անուն չունեցող և անտեսանելի վեցերորդին` անդրանցական սկզբունքի իմացության աստվածային կայծակի հարվածին, ինչը անուն ու ձև ունեցող բոլոր բաների ոլորտից անդին է: Եվ իրավիճակը մեկեն փոխվեց: Նա արդեն ոչ թե բռնված էր, այլ` ազատագրված, և նա ինքն իրեն լիովին ազատ էր զգում: Հրեշի ուժը զգացական աշխարհից ցրվեց, իսկ նա ինքն ընտրեց ինքնահրաժարման ուղին: Զերծ մնալով իր հետաքրքրություններից՝ նա հաղորդակցվեց աստվածայինին:
«Դրախտի Դարպասները», որ թաքցնում են Աստծուն մարդկային աչքից, Նիկոլայ Կուզացին նկարագրում է որպես «Հակադրությունների միավորման» համադրում, իսկ դրախտի շեմը պահպանում է «Բանականության վսեմագույն ոգին, որը պահպանում է ուղին, մինչև որ պարտություն կրի»: Հակադրությունների զույգերը (գոյություն և անգոյություն, մահ և կյանք, գեղեցկություն և այլանդակություն, չարիք և բարիք և մնացած այլ հակադրությունները, որ զգացողությունները ենթարկում են հույսին ու վախին, իսկ գործողության օրգանները` ինքնապահպանմանն ու գրավմանը) հենց նույն Սիմպլեգադայի բախվող ժայռերն են, որոնք ճամփորդներին սպառնում են անխուսափելի մահվամբ, բայց դրանց միջով միշտ անցնում են հերոսները: Այդ թեման հայտնի է ողջ աշխարհում:
Ինչպես զոհաբերության ծուխը բարձրանում է առ երկինք արևային դռան միջով, այդպես էլ հերոսը, ազատվելով էգոյից, անցնում է աշխարհի պատերի միջով, իր էգոն նա թողնում է հսկա-մարդակերի մազերի մեջ, իսկ ինքը առաջ է գնում:
5. Կետաձկան որովայնում (հատվածաբար)
Գաղափարն այն մասին, թե մոգական շեմի հաղթահարումը անցումն է առ վերածնման ոլորտ, խորհրդանշվում է ողջ աշխարհով մեկ տարածված կետաձկան որովայնի տեսքով արգանդում: Հերոսը, այն բանի փոխարեն, որ իրեն ենթարկի շեմը պահպանող ուժը, կուլ է գնում և ընկնում է անհայտ մի վայր՝ ներկայանալով որպես մեռյալ:
Միսխո-Նախման, Բոլոր
ձկների Արքան,
Ցասկոտ դուրս թռավ ծովից,
Եվ շողալով Արև լույսի
ներքո, նա
Երախը բացեց և կուլ տվեց
Թե նավը և թե Հայավաթին:
Էսկիմոսները պատմում են խորամանկ հերոս Ագռավի մասին. մի անգամ, ափին նստած և հագուստը չորացնելիս, նա տեսավ կետաձկան էգին, որ վեհաշուք մոտենում էր ափին: Նա գոչեց. «Թանկագի՛նս, մյուս անգամ, որ դուրս գաս, որ օդ շնչես, բերանդ բաց և աչքերդ փակիր»: Հետո նա արագորեն ագռավի վերածվեց, հավաքեց կրակ անելու համար նախատեսված փայտերը և թռավ ջրի վրայով: Էգ կետաձուկը մակերևույթի վրա ելավ: Նա այնպես արեց, ինչպես իրեն ասվել էր: Ագռավը նրա բաց արած երախի միջով սուրաց հենց որովայնի մեջ: Ցնցված էգ կետաձուկը բերանը փակեց և փողի ձայն արձակեց: Նրա ներսի Ագռավը կեցավ ու սկսեց շուրջբոլորը զննել:
Զուլուսները մի պատմություն ունեն երկու երեխաների ու նրանց մոր մասին, որոնց կուլ է տվել փիղը: Երբ կինն ընկնում է կենդանու փորը, «նա տեսավ անտառներ ու մեծ գետեր և շատ բարձունքներ, մի կողմից ահագին ժայռեր էին, նաև շատ մարդիկ կային, որ այնտեղ իրենց գյուղն էին կառուցել, և շատ շներ կային, և շատ հոտեր, և այդ ամենը փղի փորի մեջ էր»:
Իռլանդական հերոս Ֆին Մակ Կուլին կուլ էր տվել անորոշ ֆորմայի մի հրեշ, որը կելտական աշխարհում հայտնի է որպես peist: Փոքրիկ գերմանուհի Կարմիր Գլխարկին կուլ էր տվել գայլը: Պոլինեզիացիների սիրելի հերոս Մաուին կուլ էր տվել նրա նախատատ Խայնուի-տե-պոն: Եվ ողջ հունական պանթեոնը, բացառությամբ լոկ Զևսի, կուլ էր տվել նրանց բոլորի հայր Քրոնոսը:
Հունական հերոս Հերակլեսը, որ կանգ է առնում Տրոյայում, տունդարձի ճանապարհին, Ամազոնուհիների թագուհու ժապավենով, իմանում է, որ քաղաքին հանգիստ չի տալիս մի հրեշ, ում ուղարկել է ծովային աստված Պոսեյդոնը: Հրեշը ափ էր ելնում ու մարդկանց խժռում: Որպես քավիչ զոհ արքան հրամայում է ծովային ժայռերի վրա գամել իր աղջկան՝ հիասքանչ Հեսիոնին: Հիանալի հերոսը համաձայնում է փրկել նրան: Իր ժամին հրեշը դուրս է գալիս ծովից և բացում է իր վիթխարի երախը: Հերակլեսը նետվում է նրա կոկորդի վրա, նրա փորի միջով իրեն ճանապարհ է բացում և մեռած հրեշի միջից անվնաս դուրս գալիս:
Այս տարածված թեման շեշտում է, որ շեմի անցումը ինքնակործանման ձև է: Սիմպլեգադայի թեմայի հետ նմանությունը ակնհայտ է: Բայց այստեղ, դուրս գալու փոխարեն, տեսանելի աշխարհի շրջանակներից դուրս, հերոսը, որպեսզի նորից ծնվի, դեպի ներս է գնում: Անհետացումը համապատասխանում է հավատացյալի տաճար մտնելուն, ուր նա հիշում է, թե ով և ինչ է ինքը, և հատկապես` աճյունափոշի, եթե, իհարկե, նա անմահ չէ: Տաճարի ներսը, կետաձկան որովայնը և աշխարհի սահմաններից դուրս աստվածային երկիրը միևնույն բանն է: Այդ պատճառով էլ մոտեցումներն ու մուտքերը տաճար պահպանվում են վիթխարի ֆանտաստիկ կերպարներով, որ տեղադրված են երկու կողմերում` վիշապներով, առյուծներով, մերկացրած սրերով վիշապներին սպանողներով, չարագույժ թզուկներով և թևավոր ցլերով:
Դրանք շեմի պահապաններն են, որ կոչված են այն բանի համար, որ քշեն բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն հանդիպելու ներսում բարձրագույն մնջանքին: Նրանք ցուցանում են այն փաստը, որ ճշմարիտ հավատացյալը տաճար մտնելու պահին վերափոխում է ապրում: Նրա աշխարհիկ բնույթը մնում է դրսում, նա դեն է նետում այն, ինչպես օձը՝ կաշին: Գտնվելով ներսում՝ նա, կարելի է ասել, մահանում է ժամանակի հանդեպ և վերադառնում է դեպի Աշխարհի Արգանդը, Տիեզերքի կենտրոնը, Երկրային Դրախտը: Այն փաստը, որ յուրաքանչյուրը կարող է ֆիզիկապես անցնել շեմի պահապանների կողքով, նրանց նշանակութունը չի փոքրացնում, քանզի եթե ինքնակոչը ունակ չէ հաղորդակցվելու սրբություն սրբոցին, կնշանակի, ըստ էության, նա դրսում է մնացել:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ