
Շարժական կլինիկան կգործի Ազատության հրապարակում

Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է: ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ օրվա շրջանակում Երևանում և այլ քաղաքներում կազմակերպվում է հանրային միջոցառում՝ ուղղված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։ Կգործեն շարժական բուժախտորոշիչ կլինիկաներ, որտեղ անվճար կանցկացեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման հետազոտություններ։ Դրանք լինելու են անանուն։
Հուլիսի 28-ին շարժական կլինիկան կգործի Ազատության հրապարակում, ժամը 14:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հուլիսի 29-ին կլինիկան կգործի Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, ժամը 12:30-17:30-ն ընկած ժամանակահատվածում։
Հուլիսի 30-ին շարժական կլինիկան կգործի Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ Արցախ պուրակի մոտակայքում, ժամը 12:30-17:30-ն ընկած ժամանակահատվածում։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է և նպաստում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը։
«Այն կանխարգելիչ նշանակության կարևոր միջոցում է։ Մեր նպատակն է հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլում։ Ինչպես գիտենք, հեպատիտների պարագայում հիվանդությունը սկզբնական շրջանում ընթանում է առանց ախտանիշների, հետևաբար շատ կարևոր է ժամանակին հետազոտվելը»,-ասաց Արմեն Օհանյանը։
Բոլոր ցանկացողները անկախ ազգությունից, քաղաքացիությունից կարող են դիմել, անվճար հետազոտվել, սակայն Արմեն Օհանյանը նշեց, որ իրենց թիրախը ռիսկի խմբերն են։
«Հիմնական ռիսկի խմբերն են անկանոն սեռական վարքագիծ ունեցողները, ներերակային թմրամիջոցներ օգտագործողները, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, արյան փոխներարկում ստացածները, վիրահատական միջամտությունների ենթարկվածները։ Ասեմ, որ ռիսկային են նաև մատնահարդարի, ատամնաբույժի ծառայություններից օգտվողները»,-ասաց Արմեն Օհանյանը։
ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ հեպատիտներ Ց-ի պարագայում բուժման լուրջ հաջողություններ ունեն։ 2020 թվականից մեկնարկել է մի ծրագիր, որի շրջանակում ամբողջությամբ անվճար տրամադրվում են անհրաժեշտ դեղեր։
«Եթե սկզբնական շրջանում քիչ թվով մարդիկ էին դիմում, հետո արդեն նրանց թիվն ավելացավ։ Եվ արդեն 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենք 3 300 բուժում ստացած բուժառու։ Նրանց 95 տոկոսի մոտ արձանագրվել է բուժում, ամբողջապես բուժվել են ու վարում են լիարժեք կյանք։ Դրան հանգեցնում է հիվանդության շուտ հայտնաբերումն ու անհրաժեշտ դեղերը ժամանակին հասցնելը»,-ասաց Մարինե Հարությունյանը։
Պետության կողմից տրամադրվում են բավական թանկարժեք վերջին սերնդի դեղեր։ Ժամանակին դեղերի թանկարժեք լինելու հանգամանքով պայմանավորված՝ շատերը չեն շարունակել բուժումը։ Ահա այսօր այդ առումով խնդիրը լուծված է և արդյունքները տեսանելի են։ Հեպատիտ Բ-ի պարագայում կա պատվաստանյութ, որը ստանում են նորածինները։ Մինչև 18 տարեկան երեխաների մոտ հեպատիտ Բ-ի դեպքեր չեն արձանագրվում։