
ՇՀԿ-ն մտադիր է ընդլայնել կապերը ՀԱՊԿ-ի հետ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մտադիր է հետևողականորեն ընդլայնել բազմապլանային կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ:
Այս մասին հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը «Սոյուզնիկի: ՕԴԿԲ» («Դաշնակիցներ։ ՀԱՊԿ») հրատարակությանը հարցազրույցում:
«Մտադիր ենք այսուհետ էլ հետևողականորեն ընդլայնել բազմապլանային կապերը (ՀԱՊԿ-ի հետ): ՇՀԿ-ն բաց կազմակերպություն է՝ պատրաստ փոխշահավետ համագործակցության բոլոր միջազգային կառույցների հետ, որոնք կիսում են մեր նպատակներն ու սկզբունքները», – ընդգծել է նա պարբերականի կայքում հրապարակված հարցազրույցում:
Երմեկբաևի խոսքով՝ ՇՀԿ-ն և ՀԱՊԿ-ը շարունակում են աշխատանքն իրենց փոխգործակցության իրավական բազայի թարմացման ուղղությամբ:
«Կանոնավոր կերպով անցկացնում ենք բարձաստիճան պաշտոնատար անձանց հանդիպումներ ՀԱՊԿ-ԱՊՀ-ՇՀԿ ձևաչափով: ՇՀԿ քարտուղարության ներկայացուցիչները հրավիրվում են որպես դիտորդներ ՀԱՊԿ-ի հովանու ներքո անցկացվող զորավարժություններին», – հավելել է ՇՀԿ գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել է Երմեկբաևը, ՇՀԿ-ն ակտիվ է գործում նաև տարածաշրջանային ուղղությամբ: ՀԱՊԿ-ից բացի, նրա վաղեմի գործընկերների թվում են նաև Անկախ Պետությունների Համագործակցությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժովը և այլ տարածաշրջանային միավորումներ։
«ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունն այդ շարքում հատկանշական է», – նշել է նա