Իրանին անհանգստացնում է Արևմուտքի ակտիվությունն ու առաջարկներն ապաշրջափակման գործընթացում

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները վերջին օրերին Սյունիքի մարզով անցնող ճանապարհի կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի մասին ակտիվորեն դիրքորոշումներ են հայտնում: Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն աշխարհաքաղաքական սխեմա է, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից՝ ի վնաս Իրանի ազգային անվտանգության և ռազմավարական կապերի։ Վելայաթիի հայտարարությունը հրապարակել է իրանական Tasnim-ը։ Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ, նվիրված Շեյխ Սաֆի Ալ-Դին Արդաբիլու հիշատակին, Վելայաթին ասել է, որ Իրանի թշնամիները, մասնավորապես՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը, նպատակ ունեն թուլացնել իրանական ինքնության հիմքերը՝ վնաս հասցնելով ազգային անվտանգությանը։

«Այս համատեքստում, «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը հետապնդվում են՝ որպես ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակն է թուլացնել դիմադրության առանցքը, խզել Իրանի կապը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել Իրանի և Ռուսաստանի վրա տարածաշրջանի հարավում»,- հայտարարել է Վելայաթին։

Նա ընդգծել է, որ Իրանի ազգային անվտանգությունը կարմիր գիծ է, և նշել, որ Իրանն ի սկզբանե հստակ և վճռականորեն դեմ է արտահայտվել նման նախագծերին, այդ թվում՝ զորք տեղակայելով սահմաններին և վարժանքներ անցկացնելով։

Վելայաթին շեշտել է, որ այս նախագիծը ոչ միայն ամերիկյան ռազմավարության մաս է՝ Ուկրաինայից ճնշումը Կովկաս տեղափոխելու նպատակով, այլև ունի ՆԱՏՕ-ի և որոշ պանթյուրքիստական շարժումների աջակցությունը։

Կարդացեք նաև

«Այսօր էլ թշնամին ձգտում է ներթափանցել Իրանի աշխարհաքաղաքական խորքը՝ թվացյալ տնտեսական, բայց իրականում՝ անջատողական նախագծերի քողի տակ»,- ասել է Վելայաթին։

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ ասել է, թե Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը: Ըստ նրա, Թեհրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է մնում: Բաղային ասել է, թե Իրանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, տրանսպորտային կապերի ընդլայնմանը՝ տնտեսական զարգացման օգտին, եթե դրանք չեն ազդում երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վրա և չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։

Ավելի վաղ Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացում ամերիկյան առաջարկի մասին խոսակցությունների ֆոնին ԻԻՀ-ն ինտենսիվացրեց նաև հեռախոսազանգերը  ռեգիոն տարբեր մակարդակներով:

168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Իրանը, իհարկե, չի փոխել ու չի փոխի իր դիրքորոշումները Հարավային Կովկասում իր նախանշած ուղենիշների հարցում: Սակայն, ըստ նրա, այդ դիրքորոշումը պաշտպանելու ռեսուրսը պետք է բավականացնի:

«Պետք է ասել, որ տևական ժամանակ նաև Իրանի ջանքերիշնորհիվ, ըստ իս, հաջողվել է ռեգիոնում բարդացնել Ադրբեջանի ու նրա դաշնակիցների ընթացքը դեպի նրանց թուրանական միջանցքի երազանք: Սակայն ժամանակը գնում է, աշխարհաքաղաքական իրրավիճակն անընդհատ փոխվում է՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Իրանի ու ռեգիոնալ մյուս դերակատարների շուրջ:

Տեղի ունեցավ Իրանի դեմ Իսրայել-ԱՄՆ հարձակումը, Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր եղանակներով թե փորձում են ճնշումներ բանեցնել Իրանի նկատմամբ, թե համագործակցել, և հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական բարդ կացությունը, միշտ չէ, որ Իրանը կարող է կտրուկ լինել այս հարաբերություններում: Սա ամենևի չին նշանակում, թե Իրանը փոխելու է մոտեցումը, սակայն ցանկանում եմ ասել, որ դիրքորոշումը, ցանկությունը և իրական ազդեցությունը, ռեսուրսը տարբեր կատեգորիաներ են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում: Ուստի մի բան է հայտարարելը, մեկ այլ բան՝ մասնակցել և ազդել գործընթացների նկատմամբ»,- ասաց վերլուծաբանը:

Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը ևս շատ հայտարարություններ է անում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, սակայն Ռուսաստանի ազդեցությունն ու այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու ցանկություն չկա:

«Չնայած ներկայումս աշխարհում Ուկրաինան է ակտիվ պատերազմական կետ, սակայն Արևմուտքն Իսրայելի ձեռքով մեծ աշխատանք է տանում Իրանի դեմ: Եթե Իրան-ԱՄՆ բանակցությունները հաջողվեն, զուտ ներռեգիոնալ մակարդակում Իրանի դիրքորոշումները կամրապնդվեն, իսկ հակառակ պարագայում՝ ճնշումը կշարունակի մեծանալ: Բացի այդ, չգիտենք, թե երբ և ինչ մասշտաբի ռազմական գործողություններ կլինեն Իրանի ու Իսրայելի միջև, հետևաբար՝ Իրանի դիրքորոշումներն անկեղծ են, հետևողական ու կարծր, սակայն ազդեցության ռեսուրսը փոքր է:

Թեև Իրանը հետևողական ու զգույշ քաղաքականությամբ ձգտում է չսրել, բանակցել ու պայմանավորվել նաև Հարավային Կովկասում փոխընդունելի լուծումների հարցում, սակայն բուն բանակցողն Իրանը չէ, այլ Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Հայաստանը նաև Արևմուտքի հետ է համագործակցում, որոնք առաջ են մղում իրենց շահերը Հարավային Կովկասում, որոնք Իրանի շահերի հետ հակասության մեջ են: Ուստի այս կոնֆիգուրացիան մեծ բարդություններ է ստեղծում  ռեգիոնի համար: Իրանը պայքարում է, եթե լինեն այս հարցում այլ դաշնակիցներ և ՀՀ-ից ամուր դիրքորոշում, ապա հնարավոր է դիմակայել ճնշումներին այս հարցով: Սակայն, ինչպես երևում է, Արևմուտքն է ներկայումս ձգտում նաև ազդեցության, սա այդ փուլն է, դրանով են բացատրվում Իրանից հայտարարությունները»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս