
Փաշինյանը պատերազմի հիմք չի տեսնում, իսկ Ալիևն այն ընդամենը դուրս է դրել օրակարգից. Ո՞ր դեպքում այն օրակարգ կմտնի

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի և էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը:
Հիշեցնենք, որ Բաքվից ժամանակ առ ժամանակ հասկացրել են, որ քանի դեռ սահմանազատման և սահմանագծման գործընթացը վերջնագծին չի մոտեցել, սահմանների ճանաչման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացված է: Բացի այդ, ըստ էության, Ադրբեջանը չի հրաժարվել սպառնալիքի լեզվից՝ լինի դա ուղի՞ղ, թե՞ դիվանագիտական հնարքներով:
Վերջին թարմ օրինակն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում տեղ գտած ձևակերպումներն են: Օրինակ, նա հայտարարել է.
«Երբեմն պետությունները խաղաղության պայմանագրեր են կնքում միայն թղթի վրա, բայց խաղաղություն այդտեղ գոյություն չի ունենում։ Հարավային Կովկասում հակառակ իրավիճակն է։ Գետնի վրա իրական խաղաղություն կա, այսինքն, ռազմական բախումները և էսկալացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս օրակարգային չեն։ Իհարկե, կան դեռ առանձին վիճելի պահեր, ինչը բնական է։ Իսկ դրա համար կա երկխոսություն և դիվանագիտություն։ Մենք պատրաստ ենք խաղաղության հաստատմանը և ամբողջ տարածաշրջանի տրանսֆորմացիային։ Խաղաղության համաձայնագրի տեքստը մշակվել է Բաքվում և ներկայացվել հայկական կողմին, և արդեն մեծամասամբ համաձայնեցված է»:
Այսինքն, Ալիևի օգնականի խոսքից կարելի է հասկանալ, որ ոչ թե էսկալացիայի կամ ռազմական բախումների հիմք չկա, այլ այդ ճանապարհով վիճելի հարցերի լուծումն այս պահին օրակարգային չի, քանի որ դեռ փորձ է արվում դիվանագիտական ճանապարհով հասնել դրանց լուծմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ ՄԽ լուծարում, փախստականների վերադարձ, ՀՀ-ում «ռևանշիստական» տրամադրությունների չեզոքացում:
«Կան հստակ դետալներ, որոնք կարգավորում են պահանջում: Առաջին հերթին՝ ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Սահմանադրությունը դա ցանկացած երկրի ներքին գործն է, եթե, իհարկե, այնտեղ հիշատակում չկա այլ երկրի և նրա կոնկրետ տարածքի հետ կապված:
Մենք ցանկանում ենք խաղաղություն կնքել ոչ թե միայն Հայաստանի կառավարության հետ, այլ նաև հայ ժողովրդի: Եվ մենք ուզում ենք տեսնել, որ հենց հայ ժողովուրդն է սահմանադրական փոփոխությունների արդյունքում հրաժարվում Ադրբեջանի նկատմամբ ցանկացած տարածքային պահանջից,- ասել է Հաջիևը և հավելել,- Պետք է մեծ զգոնությամբ վերաբերվել հայ հասարակության մեջ ռևանշիզմի նոր ալիքին: Մենք արդեն տեսնում ենք փորձեր, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում նոր ստատուս-քվոն: Մենք արձանագրում ենք փորձեր նոր իրողությունները խարխլելու: Եվ մենք հետևում ենք, թե ինչպես է հայ երիտասարդությունը գաղափարական «վերամշակման» ենթարկվում՝ նոր պատերազմի և կոնֆրոնտացիայի նպատակով: Դա անընդունելի է: Ուստի ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա իր սեփական հասարակության վրա: Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումը կարևոր քայլ է դառնալու նմանօրինակ տենդենցներին վերջ տալու համար»:
Այսինքն, Ալիևը բավարար պահանջ-հիմքեր է առաջ քաշում, որոնց չկատարման դեպքում էսկալացիան, թեկուզև՝ լոկալ, կարող է դառնալ օրակարգային հարց, հատկապես, երբ Ալիևը չի ասում, թե հիմքեր չկան, ավելին՝ նա հիշեցնում է դեպքեր, երբ խաղաղության պայմանագրերը թղթի վրա են մնացել և գետնի վրա իրականություն չեն դարձել: Նույն պատկերն է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին «պատճառված» վնասների դեպքում:
Հաջիևը նույն հարցազրույցում ներկայացրել է 30 տարիների կտրվածքով վնասների փոխհատուցման չափը, որը գնահատվել է ՄԱԿ-ի կիրառած մեթոդոլոգիայով, և որը Հայաստանից ինչ-որ պահի կարող են պահանջել: Խոսքը մոտ 150 միլիարդ դոլարի մասին է: Այս պահին, ըստ Հաջիևի, փոխհատուցման հարցն ընդգրկված չէ երկկողմ բանակցությունների օրակարգում:
Այսինքն՝ և՛ վնասների փոխհատուցումը, և՛ էսկալացիան ու ռազմական բախումները Բաքուն ոչ թե բացառում է, այլ ասում, որ տվյալ պահին օրակարգում չկան: Իսկ մինչև այս Նիկոլ Փաշինյանը «տնային աշխատանք» ունի կատարելու, որպեսզի Ադրբեջանի համար «երկաթբետոնե» փաստաթուղթ ընդունվի, որի դեպքում խնդիրներ չեն առաջանա իրենց համար, եթե մի օր Հայաստանը չկառավարի Փաշինյանն ու նրա վարչակազմը:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է դե յուրե զրկված լինի քաղաքական, պատմական և ռազմական արդարության վերականգնման ցանկացած փաստաթղթային լեգիտիմ պահանջի իրավունքից, ինչին դեմ չէ Նիկոլ Փաշինյանը, դրանում գործնականում վաղուց ենք համոզվել:
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի սահմանադրության մեջ շարունակելու է մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ-սպառնալիքը, իսկ ադրբեջանական երիտասարդությունը դաստիարակվել է հայատյացությամբ և աղավաղված պատմությամբ:
Հիշեցնենք նաև Բաքվի «դատավարության» մասին, որտեղ «տուժողներ» են գործուղվում և Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզվում:
Այնպես որ, եթե անգամ էսկալացիայի համար հիմք չկա, ապա Բաքուն դրանք կգտնի, իսկ քաղաքական օրակարգը միշտ էլ ենթակա է փոփոխման, այնպես, ինչպես տարիների ընթացքում իր արտաքին քաղաքական օրակարգն ու խոսույթն է փոխել Նիկոլ Փաշինյանը: