Բաժիններ՝

Գազայում սովից և թերսնուցումից մահացածների թիվը մոտենում է 150-ի

Գազայի հատվածում սովի և թերսնուցման զոհերի թիվը հասել է 147-ի, հայտարարել է պաղեստինյան անկլավի աշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

«Գազայի հատվածում սովը շարունակվում է ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Վիրավորներն ու հիվանդները տառապում են ծանր թերսնուցումից, որը կարող է հանգեցնել նրանց մահվան», – նշել է նա։

Գազայի բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական բանակի կրակոցներից հուլիսի 25-ի լուսաբացից ի վեր 43 մարդ է զոհվել, որոնցից 9՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ։ 

«Բոլոր անցակետերի բացումը և օգնության զանգվածային մուտքը միակ միջոցն են Գազայի հատվածի բնակչության շրջանում սովի հետագա վատթարացումից խուսափելու համար», – հայտարարել է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA)։

Գործակալության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածն օրական կարիք ունի անհրաժեշտ պարագաներով լի առնվազն 500-600 բեռնատարի։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին՝ հորդորելով վերադարձնել պատանդներին։

«Ես շատ հստակ և ամենայն լրջությամբ ասում եմ, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին, ապա դժոխքի դարպասները կբացվեն Գազայում», – հայտարարել է Կացը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 59 821-ի, վիրավորվել է 144 951 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031