
ԱՄՆ-ն Չինաստանի դեմ երեք օրինագիծ է պատրաստում․ Reuters

Միացյալ Նահանգների Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորներն այս շաբաթ երեք օրինագիծ կներկայացնեն, որոնք ուղղված են Չինաստանի վրա ճնշումն ուժեղացնելուն։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
«ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ իրեն թուլություն ցուցաբերել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և այն ագրեսիայի առջև, որը նա ցուցաբերում է ամբողջ աշխարհում», – հայտարարել է Օրեգոն նահանգից դեմոկրատ սենատոր Ջեֆ Մերքլին։
Օրինագծերից մեկի շրջանակներում առաջարկվում է արգելել ԱՄՆ մուտքը Չինաստանի ներկայիս և նախկին պաշտոնյաներին, ովքեր, իբր, «մասնակցել են ույղուրների բռնի հայրենադարձությանը»։ Մյուս օրինագիծը նպատակ ունի աջակցել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի այն երկրներին, «որոնք պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ են պահպանում Թայվանի հետ» և նախատեսում է «Թայբեյի հետ համագործակցության խորացմանն ուղղված այլ քայլեր»։ Երրորդ փաստաթուղթն «ուղղված է միջազգային ճնշումների դեմ պայքարին»։
Գործակալությունը հիշեցնում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգները և Չինաստանը Ստոկհոլմում կքննարկեն առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերի երկարաձգումը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առևտրի հարցերին առաջնահերթություն տալու ձգտումը անհանգստություն է առաջացրել Կոնգրեսի «բազեների» շրջանում։ «Նրանք մտահոգված են, որ անվտանգության հարցերին ավելի քիչ ուշադրություն կդարձվի», – գրում է Reuters-ը։