
Ալթայում Փաշինյանի ու ընտանիքի կեցության ծախսերը հոգացել է ռուսական կողմը

Օրերս Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետությունում էր։ Աննա Հակոբյանն այցի շրջանակում անգամ ֆոտոսեսիա էր կազմակերպել «Մանժերոկ» լեռնային հանգստավայրից։
Այդ կուրորտային կոմպլեքսի ընտանեկան շալե քոթեջում մեկօրյա կեցության ծախսը 2 չափահասի և 1 երեխայի պարագայում, ըստ հանգստավայրի էջում առկա ամրագրման հաշվարկի, 430.000 ռուբլի է։
Ամեն դեպքում, 168․am-ը Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանինց գրավոր հարցմամբ հետաքրքրվել է՝ ինչքա՞ն է արժեցել Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների երկօրյա կեցությունը, ո՞վ է հոգացել ծախսերը՝ հրավիրո՞ղ կողմը, թե՞ ՀՀ քաղաքացիները՝ վճարած հարկերից։
Ի պատասխան՝ կառավարությունից մեզ տեղեկացրել են՝ «այցի շրջանակում վարչապետի և ընտանիքի կեցության համար ՀՀ պետբյուջեից միջոցներ չեն ծախսվել․ ծախսերը հոգացել է հրավիրող կողմը»։
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում մասնակցել էր Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։