
«Այս պահին ընկերությունը ներգրավված չէ որևէ բանակցությունում». Թեհմինա Վարդանյանը՝ «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության կողմից ՀԷՑ-ը գնելու մասին

Մի քանի անգամ մամուլն արդեն գրել է, որ «ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը և դառնալ ընկերության սեփականատերը։ Չնայած այս մասին լուրերը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Գրիգոր Տեր-Ղազարյանը, սակայն Սևանում անցկացվող «Ստարտափ Սամի» միջոցառմանը Ռոմանոս Պետրոսյանի հետ միասին մասնակցելուց հետո, այդ գրառումն այլևս նրա էջում չկա։
«ՋԻ ԹԻ ԲԻ» ընկերության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն անդրադառնալով տարածվող այս լուրերին՝ նշեց, որ չի կարող մեկնաբանել Գրիգոր Տեր-Ղազարյանի անձնական շփումներն ու անձնական գործունեությունը։
«Ինչ վերաբերում է որ «Ջի Թի Բի» հոլդինգին, ապա այս պահին որևէ բանակցությունում ընկերությունը ներգրավված չէ, որևէ քննարկման մեջ չկա։ Իսկ պարոն Տեր-Ղազարյանի շարժն ինքս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա ճիշտ չէ։
Կրկնում եմ՝ ընկերությունում որևէ քննարկում տեղի չի ունեցել՝ այս պահի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թեհմինա Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երբ կալանավորվեց գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է ՀԷՑ-ն ազգայնացնել։ Իսկ օրեր անց հայտարարեց, որ ընկերության ազգայնացման պլանը պատրաստ է։ Անմիջապես նախագիծ ներկայացվեց ԱԺ, որը շտապ կերպով ՔՊ-ական պատգամավորները 2 ընթերցմամբ ընդունեցին։
Այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 18-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ։