
«Լևոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի, որ ասում է. նա Փաշինյանին ավելի լավ է ճանաչում». Թևան Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ միակ բանը, որ Փաշինյանը հետևողական անում է, հայ ազգի, ՀՀ-ի նկատմամբ հարվածների շարունակական լինելն է:
«Երբ ասում է՝ արձակուրդ եմ գնում, միանգամից աչքիս գալիս է այն հոլիվուդյան բեմադրությունը, երբ ասում էր՝ հրաժարական եմ տվել: Գնում ես, պայմանավորվում ես, ասում ես՝ թեկնածու չեք առաջադրում, ես երկու անգամ առաջադրվում եմ, չեմ ընտրվում, գնում ենք ընտրությունների: Դա հրաժարական չէ. հրաժարականն այն է, երբ ասում ես՝ ես գնացի, այլ ոչ թե բեմադրություն անել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ այս տրամաբանությամբ, հիմա ի՞նչ բեմադրություն է սպասվում, նա պատասխանեց. «Արձակուրդում ստատուսներն է թարգելու գրե՞լ, թե՞ գործողություններ չի անելու: Ամեն ինչ էլ սպասեք, բացասական բոլոր երևույթներն ակնկալեք»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն ու վարչապետը տարբեր են, նա հետևյալն ասաց. «ՀՀ-ն՝ այլ երևույթ, գործող իշխանությունները՝ այլ. Հաջորդ անգամ, երբ փորձեն ասել, որ խոսում են ՀՀ-ի անունից, ասեք՝ ցույց տվեք այդ վկայությունը: Նույնիսկ իրենց սոցիոլոգիական հարցումներով 13 տոկոս վստահություն ունեն: Ո՞նց կարող է 87 տոկոսը ձեզ չվստահել, ու դուք ասեք՝ իրենց անունից խոսում ենք; Իսկ ինքն ասում էր՝ եթե ժողովուրդը ինձ չվստահի, կհեռանամ, հեռանո՞ւմ է: Բայց ժողովուրդը եթե ցանկանա, նա մի օր էլ իշխանության չի մնա: Ժողովուրդը մի անգամ փորձեց ուրախանալ Վարդավառի օրը, ինքը ո՞նց ներկայացրեց՝ բոլորը երջանիկ են, ուշքները գնում է, որ իրենց տունը չկա, բիզնեսը չկա, հայրենիքի մի մասը չկա: Ի՞նչ տարբերություն՝ նա արձակուրդում է, թե ոչ, նա իր գործողությունները միշտ անելու է: Հիմնավորումներ է գտնելու նրա համար, որ ասի՝ ես արձակուրդում էի, քաղաքացի էի, պաշտոնյա չէի…»:
Հարցին՝ բախումների կտանի՞ Էջմիածնում, նա պատասխանեց. «Դե, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իրեն ավելի լավ է ճանաչում, երկու անգամ անընդմեջ ասում է, երևի մի բան գիտի, որ՝ պատրաստ է ամեն ինչի: Այստեղ այլ խնդիր է, որ եթե մեկը ցանկանում է ինձ բախման տանել, ես գնո՞ւմ եմ այդ բախմանը: Ի՞նչ է նշանակում՝ կտանի: Եթե ոստիկանին հրաման է տալիս, նա գիտի, որ անօրինական հրաման է, ինչո՞ւ է կատարում»:
Անդրադառանալով Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին, նա ընդգծեց. «Թշնամին ցանկանում է Սյունիքը գրավել և ասել է՝ վերցնելու եմ: Միջազգային կոնսենսուս, որ այդտեղ պետք է լինի ճանապարհ, բոլորի կողմից կա: Ամբողջ խնդիրը վերահսկողության պայքարն է, այն էլ մի քանի երկրներ թղթերով են ապահովել իրենց համար, իրենց պատկերացումներով. Ռուսաստանը՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, ԱՄՆ-ը՝ գրավոր այդ առաջարկն անելով, ստանալով համաձայնությունները: Մամուլում դիվանագետների հայտարարություններն անիմաստ տեղը չեն եղել: Այն, որ այս թուլացած վիճակում Իրանն իր դիրքորոշումը շարունակում է, դա լավ գիտի:
Այդ երկրները հատուկ ծառայություններ ունեն և ինձանից ու ձեզանից 100 անգամ լավ տեղեկացված են, բայց մի բան՝ ե՞րբ է թշնամուն հարմար լինելու, որ խաղաղությամբ դա բացի: Ինչ-որ մի ձևով խաղաղ բացելը նշանակելու է այն, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է ընդունեն, որ վերահսկողությունը կատարվելու է այլ երկրի կողմից, կլինի ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իրանը, Չինաստանը, ի՞նչ տարբերություն, այդ դեպքում նաև իրենցը չի լինելու: Դրա համար Ադրբեջանի և Թուրքիայի համար միակ ընդունելի տարբերակն այն է, որ դա չլինի ուրիշներինը, լինի իրենցը: Կա՞ սցենար, որով Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հաստատել իրենց սեփական վերահսկողությունը, ոչ թե դա լինի ռուսական, ամերիկյան, չինական կամ այլ. Ուժային գործողությունը: Դրա համար այս ամենը ձգձգվում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում