Բաժիններ՝

«Որևէ զբոսաշրջիկ այդ դխկլը-շխկըլըից չի կարող կողմնորոշվել` ինքը Ադրբեջանո՞ւմ է, թե՞ Հայաստանում»

Նկարիչ Տիգրան Ասատրյանի ստեղծագործություններն արտացոլում են ոչ միայն ներկան, այլև՝ անցյալի հիշողություններն ու ապագայի հեռանկարները: Նա այն նկարիչներից է, ով իլյուզիաներից վերացած որսում է իրական կերպարները՝ փորձելով դիմանկարների ամեն մի գծի ու գույնի միջոցով ներկայացնել որևէ խնդիր: Անդրադառնալով քաղաքային մշակույթին և պետական մշակութային քաղաքականությանը, նա ասում է. «Մեր երկրում պետք է լինեն անկախ քաղաքական հայացքներ ունեցող մտավորականներ, որոնք կկարողանան երկրի վերնախավին ճիշտ, իմաստուն խորհուրդներ տալ: Հիմա եթե նախագահն ունի այդ խորհրդատուներն, ապա նրանք շատ վատն են ու իրենց վատ խորհուրդներ են տալիս:

Եթե պետական տոնակատարությունների համերգների ժամանակ հնչում է ռաբիս երաժշտություն, ապա դա նշանակում է, որ ռաբիսն ու անճաշակությունը խրախուսվում է պետական մակարդակով՝ պետական իշխանության հովանավորչությամբ: Չկա այն խելոք մարդն, ով կասի՝ անջատեք էդ տաշի-տուշին, մենք Տիգրան Մանսուրյան ունեցող ազգ ենք»,- ասում է Տ. Ասատրյանը՝ ավելացնելով, որ մայրաքաղաքի, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունն ուղղակի «ծախված շակալի ձեռագիր է»՝ գումարները շորթելու արդյունքում կառուցված ճարտարապետական անգրագիտություն: Ի դեպ, Տ. Ասատրյանը Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում դասավանդում է գծանկար և գեղանկար առարկաները: «Hi-artonline» նախագծի` Դանիայում կազմակերպվող ցուցահանդեսին, որը նվիրվելու է անկախության տոնին, կներկայացվեն նաև Տ. Ասատրյանի չորս ստեղծագործությունները:

Tigran Avetisyan (5)

– Նկարչությունը խոսելու, արտահայտվելու ձև է, և նկարիչն իր ասելիքն այդ կերպ է արտահայտում: Իմ խոսքերը նկարներս են, ու նկարչությունն ինձ համար անբացատրելի մի բան է, որն ինձ հետ ծնվել է: Եթե արյան ախտորոշում անեն՝ կարող է արյանս մեջ նկարչության էլեմենտներ հայտնաբերեն (ծիծաղում է,-Լ.Ս.):

Կարդացեք նաև

– Այնպիսի տպավորություն է, կարծես հայ նկարիչներն ապրում են մի տարածքում, որը Հայաստանը չէ՝ իր խնդիրներով, քաղաքական, քաղաքացիական լարվածությամբ: Շատ քիչ արվեստագետներ կան, ովքեր ունեն դիրքորոշում և քաղաքացիական կարծիք՝ մեր երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

– Ձեր կարծիքով՝ նկարը, նկարչությունը դիրքորոշում կամ ասելիք չէ՞: Նկարիչն ինքն իր համար չի նկարում, այլ նկարում է հասարակության համար՝ իր նկարով արտահայտելով աշխարհայացք, կարծիք, այս կամ այն հարցի պատասխան:

– Բայց հասարակությունը հետաքրքրվա՞ծ է գեղանկարչությամբ: Դուք նկարում եք մի հասարակության համար, որն այսօր փողոցներում իրավունքի կռիվ է տալիս և արվեստ ընկալելու ժամանակ չունի՝ իր տարրական իրավունքները ռեալիզացնելու ամենօրյա պայքարի պատճառով:

Tigran Avetisyan (11)

Tigran Avetisyan (13)

Tigran Avetisyan (7)

– Ես էգոիստ մարդ չեմ ու սիրում եմ կիսվել: Կիսվում եմ ընկերների, ծանոթ-անծանոթների հետ: Ինձ այդպես դաստիարակել են, ու ես այսօր իմ ստեղծագործություններով կիսվում եմ բոլոր մարդկանց հետ: Այլ հարց է, որ հասարակությունն այսօր կենցաղի, օրվա խնդիրների լուծման հետևից է գնում: Կյանքը հոգսաշատ է և ցուցասրահներ հաճախելու, ժամանակ տրամադրելու, մտածելու, նկար ունենալու` մարդկանց ցանկությունը քիչ է: Բայց հավատացե՛ք, շարքային մարդուն հետաքրքիր է արվեստը, նույնիսկ՝ անհրաժեշտություն է: Վերջին տարիներին մենք շատ ենք խորացել «քյաբաբի» մեջ: Ես ամեն երեկո զբոսնում եմ Թումանյանի այգով. ձորից այնպիսի անհասկանալի, կիսաադրբեջանական երաժշտության ձայներ են գալիս, որ նույնիսկ դժվար է դրան գնահատական տալ: Ինչպե՞ս ակնկալենք, որ մարդկային այն հոսքը, որն ամեն իրիկուն այդ կիսաադրբեջանական երաժշտության ներքո քյաբաբ է ուտում՝ արվեստով հետաքրքրվի: Ի վերջո, արվեստին տրամադրելու ժամանակը մարդն անցկացնում է քյաբաբի միջավայրում: Այնուամենայնիվ, քաղաքում կան շատ ցուցասրահներ, որտեղ հետաքրքիր ցուցահանդեսներ լինում են, և հետաքրքրվող մարդը գտնում է արվեստի տարածքը:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հեռուստատեսության, մամուլի ամենօրյա լրահոսը սկսվում և ավարտվում է ինքնասպանության, սպանությունների, վթարների և արտառոց դեպքերի լրահոսով, մինչդեռ ամենօրյա լրատվության մեջ հազվադեպ կարելի է տեսնել մշակութային որևէ իրադարձության մասին տեղեկատվություն:

– Ճիշտն ասած՝ հեռուստացույց ընդհանրապես չեմ դիտում, իսկ թերթեր հազվադեպ եմ կարդում: Ինֆորմացիոն ներկայիս հոսքն ուղղակի հետաքրքիր է մարդու համար: Ինքնասպանությունները, արտառոց դեպքերի մասին տեղեկատվությունը մարդու հոգեբանությունն անմիջապես վերցնում է զուտ հետաքրքրասիրությունից ելնելով: Ինֆորմացիոն դաշտը բիզնես է, որը նախատեսված է մարդու հոգեբանության վրա ազդելու միջոցով շահույթ ստանալու համար:

Tigran Avetisyan (4)

Tigran Avetisyan (8)

Tigran Avetisyan (6)

– Ուզում եք ասել՝ մարդը մազոխի՞ստ է:

– Այո… օրինակ` տրանսպորտային միջոցով երթևեկում եք և ճանապարհին վթար եք տեսնում, նկատե՞լ եք, թե բոլորն ինչպես են շրջվում, որ այդ տեսարաններն իրենց աչքով տեսնեն: Չգիտեմ, դա սրտացավությո՞ւն է, թե՞ հետաքրքրասիրություն, բայց մարդը սիրում է, երբ շոկային իրավիճակներ է տեսնում: Այնպես որ, նման նյութերը գրավում են ինֆորմացիոն դաշտը, որովհետև բիզնես է: Մարդկանց արժեհամակարգը, հետաքրքրությունները ջարդվել, ընկել են ամենաներքևի աստիճան, դրա համար պետք է արվեստից շատ խոսել, մարդկանց սովորեցնել հետաքրքրվել արվեստով: Գիտե՞ք, այգում զբոսնելիս հաճախ փորձում եմ օտարերկրացու ականջով լսել այն երաժշտությունը, որը հնչում է Հրազդանի կիրճի օբյեկտներից: Հավատացե՛ք, որևէ զբոսաշրջիկ այդ տարածքով անցնելիս այդ դխկլը-շխկըլըից չի կարող կողմնորոշվել` ինքը Ադրբեջանո՞ւմ է, թե՞ Հայաստանում:

Tigran Avetisyan (9)

Անգամ կարող է մտածել, որ նույն ժողովուրդն են և անհասկանալի է, թե ինչո՞ւ են «իրար ուտում»: Դե արի բացատրիր, որ այստեղ Մեսրոպ Մաշտոց ու Նարեկացի կա, բայց հնչում է կիսաադրբեջանական երաժշտություն: Ընդհանրապես մեր հասարակությունն անմիջապես ընդօրինակում է կոստյումավոր պաշտոնյաներին: Եվրոպայի նման եթե Հայաստանում էլ պաշտոնյաները, բանկի կառավարիչները հեծանիվներով գնան աշխատանքի, հավատացե՛ք, հասարակության զգալի մասը ջիփ ունենալու մոլուցքով չի տառապի: Հայաստանում շարքային մարդը BMV ունենալու մասին է մտածում:

– Այսինքն՝ մեր քաղաքական էլիտա՞ն է հասարակությանն օրինակ ծառայողը:

– Այո, ընդ որում՝ քաղաքացիները ձգտում են ավելի շատ պաշտոնավորին նմանվել, քան արվեստագետին, որովհետև իրականում արվեստագետը նկարից բացի ոչինչ չունի: Ունի հարուստ ներաշխարհ, որով ջիփ չես գնի: Անկեղծ ասած՝ դա ինձ չի խանգարում, բայց ես լինելով այս երկրի քաղաքացի` ուզում եմ այլ կերպ տեսնել մեր երկիրը, մեր քաղաքացուն` իր արժեքներով ու աշխարհայացքով: Ժամանակին անկախության պայքարի համար նստացույցեր, եսիմինչացույցեր էինք անում, որովհետև ուրիշ Հայաստան էինք երազում:

Tigran Avetisyan (2)

Դիմանալով այդ դաժան տարիներին՝ մենք պայքարում էինք մեր երազանքի համար: Մի տեսակ իդեալական երկիր, հասարակարգ էինք սպասում: Մինչև հիմա սպասում ենք: Երազում էինք ինտելեկտուալ, օրինապաշտ մի հասարակության մասին, որին այսօր էլ սպասում ենք՝ հասկանալով, որ բնակչությունը դրսում է: Հասարակությունն այսօր ներսում չի, որովհետև 100 դոլար աշխատավարձ հավանաբար մեկ էլ՝ Սոմալիում են տալիս: Մենք պայքարում էինք նրա համար, որ մեր հասարակությունն առողջանա, բայց ստացվեց այնպես, որ ունեցանք մի հասարակություն, որտեղ օրենքի մարդն է առաջինն օրենք խախտում, որովհետև իրեն ամեն ինչ կարելի է: Հասարակությունը քրոնիկ հիվանդ է, մեծ մասը դրսում է, իսկ էս մի «թիքյան» փորձում է՝ ով ինչպես կարող է փախչել:

– Նախկինում քաղաքի տարբեր հատվածներում գոյություն ուներ բոհեմական կյանք, որտեղ արվեստագետները նաև քննարկումներ, բանավեճեր էին ունենում, հետաքրքիր զրույցներ էին կայանում, իսկ ավելի փոքր սերունդն ինչ-որ բան էր սովորում: Կա՞ այսօր բոհեմի մշակույթը:

– Անշուշտ՝ կա: Եթե կա նկարիչների, արվեստագետների միջավայր, ուրեմն՝ բոհեմական կյանք էլ կա: Իմ արվեստանոցի պատերը, եթե կարողանան խոսել, բոհեմի մասին այնքան հետաքրքիր դրվագներ կպատմեն: Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան պատկերացնում եք: Իմ արվեստանոց գալիս են հասարակության բոլոր շերտերը, և բիզնեսմեն մարդը գույնի, գծի վերաբերյալ էնպիսի հարցադրում կարող է անել, որ զարմանալի թվա: Հայ մարդն այսօր քաղաքականացված է, որովհետև իր սոցիալական ապահովվածության լուծումը տեսնում է քաղաքական բարեփոխումների, շարժումների մեջ:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս