
ԿՀՎ-ն ամերիկացի սենատորներին կներկայացնի Սիրիայում քիմիական զենքի կիրառվելն ապացուցող տեսանյութեր

Ամերիկյան The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) սենատորներին ցուցադրելու է տեսանյութեր, որոնք ապացուցում են Սիրիիայում քիմիական զենքի կիրառվելը:
Այս մասին երեկ հայտարարել է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Դիան Ֆայնշտայնը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենսդիրներից պահանջել է հավանության արժանացնել Սիրիային ռազմական հարված հասցնելը՝ կապված օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման հետ:
Ֆայնշտայնի խոսքերով՝ ԿՀՎ-ը մշակել է մոտ 170 տեսանյութ և ներկայացրել է դրանցից 13-ը, որոնցում ավելի հստակ են երևում զարին գազի կիրառման հետևանքները: Սենատորի խոսքերով՝ դա սարսափելի տեսանյութ է և բավական է՝ իրեն համոզելու համար: Նա չի բացառել, որ այդ տեսանյութերը կարող են տրամադրվել նաև Ներկայացուցիչների պալատի անդամներին:
ԱՄՆ կոնգրեսը ներկայումս գտնվում է արձակուրդի մեջ և հավաքվելու է հաջորդ շաբաթ: