Բաժիններ՝

Վարորդները չեն ցանկանում Դողս գյուղի անունն անգամ լսել

«Մի անգամ մեր գյուղ եկողը երկրորդ անգամ էլ ռիսկ չի անի գա»,- ասում է Դողս համայնքի գյուղապետ Մեսրոպ Ադամյանը: Թե՛ դեպի գյուղ տանող, թե՛ գյուղամիջյան ճանապարհները սարսափելի վիճակում են: Ըստ գյուղի տարեցների, վերջին անգամ գյուղի ճանապարհները նորոգվել են 30-40 տարի առաջ: Գյուղի երթուղային տաքսին դժվարությամբ է աշխատում, իսկ ուսանողական ավտոբուսի վարորդը հրաժարվում է մտնել գյուղ:

«Մեղադրելու բան չկա, ամեն անգամ գյուղ մտնել-դուրս գալուց պետք է մեքենան տանի վարպետի մոտ: Դրա համար էլ հրաժարվում են: Գյուղացիները չեն ցանկանում իրենց մեքենաները վարել, ուր մնաց ավտոբուսի վարորդները»,- ասում է գյուղապետը` ավելացնելով, որ արդյունքում տուժել են գյուղի 15 ուսանողները: Առաջ ուսանողական ավտոբուսն անցնում էր մի քանի գյուղերով և ուսանողներին տանում Երևան: «Այժմ ճանապարհների պատճառով ուսանողական ավտոբուսի վարորդները Դողսի անունն անգամ չեն ցանկանում լսել»,- ասում է Ադամյանը:

Doxs (2)

Մարզպետարանում ու կառավարությունում տեղյակ են գյուղի ճանապարհների մասին: Ադամյանը մի քանի անգամ խնդիրը ներկայացրել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, վերջինս էլ նրան հավաստիացրել է, թե հարցը բարձրացրել է նաև կառավարությունում: Բարձրացնելը մի հարց է, խնդրի լուծումը` մեկ այլ: Կառավարությունում կիսել են դողսեցիների մտահոգությունն ու պատասխանել, որ այս պահին կառավարությունում գումար չկա ճանապարհների նորոգման համար: «Երբ գումար լինի՝ անպայման հարցով կզբաղվենք»,- որպեսզի դողսեցիներն  ավելի շատ չհիասթափվեն՝ հայտարարել են կառավարությունից:

Կարդացեք նաև

Համաձայն օրենքի, գյուղամիջյան ճանապարհները պետք է նորոգվեն գյուղապետարանին հատկացված բյուջեի միջոցներով: «Մի երեք-չորս տարի էդ գումարին պետք է ձեռք չտաս, որ կարողանաս գյուղի ճանապարհները նորոգել»,- ասում է Ադամյանը` նշելով, որ կառավարությունում դրա մասին էլ են տեղյակ:

Բացի գյուղամիջյան ճանապարհներից Դողսում այլ խնդիրներ էլ կան: Մշակույթի պալատը շատ վատ վիճակում է, իսկ մանկապարտեզ չկա:

«Տարեկան 10-12 երեխա է ծնվում: Էդ երեխեքի համար ոչ մի հետաքրքրություն չկա, ամբողջ օրը փողոցներում, հողերի մեջ, շատ վատ է: Բացի այդ, եթե երեխաները տանն են, ծնողներից գոնե մեկը պետք է մնա տանը, որ նրանցով զբաղվի, դա նշանակում է, որ ընտանիքը չի կարողանում լիարժեք աշխատել, հող մշակել, անասուն պահել ու չի կարողանում տան խնդիրերը հոգալ: Սակայն դա հարցի մի կողմն է: Մանկապարտեզի առկայությունը նախ և առաջ կօգնի մեր մանուկներին զարգանալ, կրթվել, փոխել առօրյան, կտրվել կեղտից ու փոշուց: Ցավոք, այսօր մենք այդ հնարավորությունը չունենք, որ կարողանանք փոխել մեր փոքրիկների առօրյան և նրանց ավելի գեղեցիկ ապագա խոստանանք»,-ասում է գյուղապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս