Գյուղացուն ձեռք չի տալիս հողի մշակումը
Կոտայք մարզի Կոտայք գյուղն ունի ավելի քան 2000 բնակիչ: Աբովյան քաղաքից՝ 5, իսկ մայրաքաղաքից 22 կմ հեռավորության վրա գտնվող գյուղն ունի դպրոց, եկեղեցի, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան: Կոտայք գյուղը հայտնի է իր «ՍՕՍ» մանկական գյուղով: Առաջին հայացքից՝ կոկիկ, մաքուր ու կազմակերպված համայնքն ունի հսկայական խնդիրներ:
Գյուղապետ Սահակ Հարությունյանը գյուղի միակ, էական խնդիրն է համարում ոռոգման հարցը. «Ոռոգման ջուրը գյուղի կողքով է անցնում, բայց պետությունն այնքան թանկ է վաճառում այն գյուղացուն, որ վերջինս ի վիճակի չէ գյուղատնտեսությամբ զբաղվել»,- ասաց գյուղապետը:
Գյուղն ամայանում է, և գյուղացին անգամ չի կարողանում անասնապահությամբ զբաղվել, որովհետև դաշտերում կանաչ խոտ գոյություն չունի:
168.am-ի հետ զրույցի ընթացքում գյուղապետը իր հողակտորի օրինակով նվազագույն արժեքներով հաշվարկ է կատարում և թվերով ցույց տալիս, թե որքան վնաս է կրում գյուղացին հողը մշակելիս: «Ոռոգումը ամենացավալի խնդիրն է: Այս հարցով օրերով կամ մարզպետարանում, կամ ջրային տնտեսություններում եմ լինում, բայց ոչ մի լուծում»,- ասում է նա:
Սահակ Հովհաննիսյանը նշում է, որ այս խնդիրը նաև հարակից գյուղերին է վերաբերում,և այս հարցում պետությունը պետք է արմատական փոփոխությունների դիմի. «Ես երկու տարբերակ եմ տեսնում՝ կամ ոռոգման ջուրը պետք է գյուղացուն անվճար տրվի, կամ՝ շատ ցածր գներով, այլապես իմաստ չկա գյուղատնտեսությամբ զբաղվելու մասին մտածել»:
Կոտայքի գյուղաբնակները համակարծիք են գյուղապետի հետ. «Հիմա գյուղացին քաղաքացուց չի տարբերվում: Քաղաքացու պես ամեն ինչ խանութից ենք առնում: Դե որ տենց ա՝ էլ խի՞ ենք գյուղում ապրում: Հենա կամաց.կամաց գյուղից գնում են»:
Գազի թանկացումը չի շրջանցել նաև գյուղաբնակներին: Գոմաղբը չորացնում են, որպեսզի ձմռանը այրելով տաքանան: Գյուղացիները կատակում են, թե ամբողջ աշխարհը առաջ է գնում, իրենք՝ հետ:
Կոտայք գյուղի խնդիրներին զուգահեռ՝ լավ գործեր կան արված, որոնց մասին գյուղացիները հպարտությամբ ու երախտիքով են խոսում:
Խոսքը՝ «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության և «ՍՕՍ» մանկական գյուղի մասին է:
Մանկական գյուղի մանկապարտեզը հրաշալի պայմաններ է ստեղծել ոչ միայն «ՍՕՍ» մանկական գյուղի, այլև հարակից գյուղերի երեխաների համար: Մանկապարտեզում զարգացնող, կրթող նորագույն ծրագրեր են մշակված երեխաների համար: Իսկ ահա «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Կոտայք գյուղի մշակույթի տունը վերանորոգելու համար տրամադրել է 10 միլիոն դրամ:
Մշակույթի տունը գրեթե պատրաստ է շահագործման, կազմակերպությունը նաև ապահովելու է նորագույն տեխնիկայով ու գույքով: «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը համայնքը զարգացնող տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկին ականատես եղավ 168.am-ը: Խոսքը՝ բակային ճամբարի մասին է, ուր դպրոցահասակ երեխաները նորագույն տեխնիկայով հագեցած ուսումնական սենյակում խաղերի միջոցով գիտելիքներ են ստանում: