Հայերի և այլոց դեմ պայքարին միանում է նաև Ժիրինովսկին
Ռուսաստանի Պետդումայի ЛДПР խմբակցության պատգամավորները օրակարգ են մտցրել միգրանտների արտաքսման մասին օրենքի նախագիծ։ Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, օրինագծում առաջարկվում է Ռուսաստանի տարածքում առանց իրավունքի աշխատող օտարերկրյա քաղաքացիներին ոչ միայն տուգանել, այլև պարտադիր կարգով արտաքսել երկրից։
Ներկայումս այդ իրավախախտման համար համար նախատեսվում է տուգանք և արտաքսման հնարավորություն։
Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Սակայն դա արվում է խիստ ընտրանքային եղանակով։ Այսպես, կոմունիստական կուսակցության խմբակցությունն արդեն օրակարգ էր մտցրել նախագիծ, որով վերացվում էր առանց վիզայի ՌԴ ժամանած անձանց՝ պարզեցված կարգով աշխատանքի անցնելու կարգը։ Սակայն այդ խստացումը չի վերաբերվում Բելառուսի և Ղազախստանի (Մաքսային միության անդամների) քաղաքացիներին։
Դժվար չէ կռահել, որ այս և նման տիպի մյուս քայլերը հիմնականում ուղղված են այն երկրների դեմ, ովքեր չեն ցանկանում միանալ Մաքսային միությանը։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ուկրաինային և Հայաստանին։ Այսօր Ռուսաստանում մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան, որոնց մի զգալի մասը այդ երկրում աշխատում է անօրինական հիմունքներով։ Այս ամենի վերաբերյալ ՌԴ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ բավականին թափանցիկ ակնարկներ են անում՝ հնարավոր բացասական հետևանքների մասին։