«Հանքդ մեղրով կտրեմ» կամ հայկական մեղրի անհաջողության գաղտնիքը
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներում աչքովս ընկավ բավական հետաքրքիր մի միջոցառում։ Բնապահպան ակտիվիստները մեղրի ու հատապտուղների աճուրդ էին կազմակերպել։ «Փրկենք Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Թեղուտից բերել են Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էին Երևանում:
«Մեղրի և հատապտուղների փառատոն» կոչվող այս միջոցառումը, ինչ խոսք, բավական գեղեցիկ էր։ Սակայն դա հենց այնպես, ուրախ ժամանց չէր։ Բնապահպանները, պարզվում է, ՀՀ տնտեսության և մասնավորապես, արտահանման փոփոխությունների սեփական մոդելն են մշակել։ Նրանք համոզված են, որ բնության բարիքներով ու հատկապես մեղրով հնարավոր է փոխարինել պղինձն ու երկաթը, որոնք ՀՀ արտահանման ողնաշարն են։ Ինչպես նշել էին կազմակերպիչները՝ սա այլընտրանքային բիզնես զարգացնելու առաջին նախադրյալն է:
Ո՞րն է այս լավատեսության հիմքը։ Նշվում է, որ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական լավ նախադրյալներ, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի համային ու որակական բացառիկ հատկանիշներով, բազմաթիվ բույսերից ստացված նեկտարի ու մեղրահումքի հանգամանքով: Մեր երկրի բազմատեսակ, ինչպես նաև վայրի հարուստ բուսականությունը հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ մեղր: Մեղր արտադրելը տեխնոլոգիապես բարդ պրոցես չէ, մեծ ներդրումներ չի պահանջում։ Դրանով կարող է զբաղվել ցանկացած ոք։ Եվ վերջապես, քանի որ մեղրը թանկարժեք սննդամթերք է, ապա այն կարող է այնքան հասույթ ապահովել, որ փոխարինի հանքարդյունաբերությանը։
Առաջին հայացքից շատ տրամաբանական մոտեցում է։ Հետաքրքիր է արդեն նրանով, որ մեր բնապահպանները, հանքերի դեմ «չորով» պայքարելու փոխարեն, առաջարկում են տնտեսական այլընտրանք։
Կեղտոտ հանքանյութը մեղրով փոխարինելն, իհարկե, գայթակղիչ միտք է։ Սակայն որքանո՞վ է դա հիմնավորված։ Երբ փորձում ես գտնել այս հարցի պատասխանը, առաջանում են ավելի պարզ հարցեր, որոնց պատասխանը, սակայն, գտնել հնարավոր չէ։ Օրինակ՝ ամենապարզ և ամենակարևոր հարցը՝ քանի՞ մեղվաընտանիք կա Հայաստանում, և տարեկան որքա՞ն մեղր է արտադրվում մեր երկրում։ Թվերը խիստ հակասական են։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Հայաստանում այսօր հաշվվում է շուրջ 500 հազար մեղվաընտանիք, արտադրվում է 3,5-4 հազար տոննա մեղր: Մինչդեռ Հայաստանի Մեղվաբույծների ազգային միավորում ՀԿ նախագահ Թելման Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղվաընտանիքների թիվը Հայաստանում շուրջ 200 հազար է, իսկ տարեկան արտադրվում է մոտավորապես 1000 տոննա մեղր։ Կարճ ասած՝ ելակետային տվյալները վստահելի և բավարար չեն լուրջ վերլուծություն անելու համար։ Իսկ որքա՞ն մեղր է արտահանվել։ Այստեղ արդեն տվյալներ կարելի է գտնել։
ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2012 թվականին արտահանվել է ընդամենը 4.3 տոննա մեղր՝ 32.2 հազար դոլար մաքսային արժեքով (կգ-ը՝ 7.5 դոլար կամ 3000 դրամ)։ Նախորդ տարի՝ 2011-ին, արտահանվել է 18.1 տոննա մեղր։ Այսինքն՝ հայկական մեղրը գրեթե չի արտահանվում, ամբողջությամբ սպառվում է ներսում։ Ու ծնվում է ամենամեծ հարցը՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ մեր մեղրն ունի «աննկարագրելի որակական և համային հատկություններ»։
Մինչև հարցին պատասխանելը, նշենք, որ մեղրի ամենամեծ շուկան Եվրամիությունն է։ ԵՄ-ին հաջորդում են ԱՄՆ-ը, Ճապոնիան և մյուս երկրները։ Իսկ Հայաստանն իր չնչին քանակությունը գրեթե ամբողջությամբ արտահանում է Ռուսաստան։ Հետաքրքրվողների համար ավելացնենք նաև, որ մեղրի խոշորագույն մատակարարներն են Չինաստանը (39%), Արգենտինան, Կանադան, Բրազիլիան, Ուրուգվայը և Մեքսիկան։
Հիմա գալիս ենք ամենահետաքրքիր պահին։ Գիտե՞ք՝ ինչ գնով է Եվրոպան չինական մեղր գնում՝ 1 կիլոգրամը 2.3-2.4 դոլարով (շուրջ 1000 դրամ)։ Արգենտինական մեղրը վաճառվում է միջինը 3 դոլարով։ ԱՄՆ-ում չինական և այլ ծագման մեղրը վաճառվում է միջինը 3.5 դոլարով։ Այսինքն՝ մեղրի միջազգային գները 2-3 անգամ ցածր են հայաստանյան մեղրի գներից։
Ընդ որում, հայկական մեղրի որակական ու համային հատկությունները գերագնահատել չի կարելի. եվրոպացիները շատ բծախնդիր են իրենց կողմից սպառվող ապրանքների հարցում, հատկապես երբ խոսքը վերաբերում է սննդին։
Կարճ ասած՝ որքան էլ ցավալի լինի, հայկական մեղրը այս պահին մրցունակ չէ միջազգային շուկայում, և անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ արտահանման մեջ մետաղները փոխարինել էկոլոգիապես մաքուր մեղրով։
Այսքանից հետո առաջանում է հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանում մեղրը թանկ։ Չէ՞ որ, ինչպես նշվեց, մեղրի արտադրության համար կան բոլոր նախադրյալները՝ թե՛ բնակլիմայական պայմանների, թե՛ աշխատուժի, թե՛ առկա բազայի և մյուս առումներով։
Այս հարցի պատասխանը կարելի է գտել նույն Թելման Նազարյանի դիտարկումներում։ Նա կարծում է, որ «ադամանդը թողած՝ պետք չէ ոսկու ետևից ընկնել։ Այսինքն՝ բացի մեղրից, պետք է արտադրել այլ մեղվամթերքներ՝ մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվամոմ և այլն։
Դրանք իրենց արժեքով գերազանցում են սովորական մեղրին։ Եվ եթե մեղրին զուգահեռ արտադրվում են նաև դրանք (ինչպես անում են մեղրի խոշոր մատակարար երկրներում), ապա սովորական մեղրի ինքնարժեքը ավտոմատ իջնում է։ Լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաև մայրաբուծությանը։ Թ. Նազարյանի խոսքերով՝ վերջին 15 տարիների ընթացքում մայրաբուծություն չկատարվելու հետևանքով մեղվաընտանիքները դարձել են սակավ բերքատու` 25-30 կգ միջին բերքի փոխարեն ստացվում է 5-10կգ:
Այսինքն՝ մեղր արտադրել որպես հոբբի կարելի է։ Սակայն այն արտահանման գերակա ուղղություն դարձնելու համար լուրջ մոտեցում է պետք՝ ներդրումներ, մասնագիտական, տեխնիկական և խորհրդատվական աջակցություն։
Այս ամենին հավելենք նաև, որ մեղրի խոշորագույն շուկաների դռները (օրինակ՝ Եվրամիության) փակ են Հայաստանի առջև։ Եվրամիության երկրներ արտահանելու համար Հայաստանը չունի ԵՄ չափանիշներով զինված լաբորատորիա, և չի կարող իր մեղրը ԵՄ արտահանել:
Եվ վերջապես, անգամ լավագույն ժամանակներում, երբ Հայաստանում հաշվվել է շուրջ 300 հազար մեղվաընտանիք, իսկ բերքատվությունը եղել է շատ ավելի բարձր, քան հիմա, հայկական մեղրը սպառվել է հիմնականում Հայաստանում։ Այսինքն՝ մեղրի քանակությունը բավարար չէ արտահանելու համար։
Մեծ հաշվով, այս կարճ էքսկուրսը կարելի էր և չկատարել։ Ի վերջո, բնական է՝ եթե ինչ-որ բանի պահանջարկը կա, և այդ «ինչ-որ բանը» հնարավոր է արտադրել, ապա շուկայական տնտեսության մեջ շատ արագ ծնվում է նաև առաջարկը։ Այսինքն՝ եթե հայկական մեղրն իրոք հնարավոր լիներ վաճառել արտերկրում, ապա Հայաստանում փեթակների թիվը կգերազանցեր բնակչության թվին։ Դրա համար որևէ կողմնակի աջակցության կամ միջամտության կարիք չէր լինի։ Ավելացնենք նաև, որ մասնագետների կարծիքով՝ մեղրի բերքատվության վրա ազդում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները։ Օրինակ՝ բջջային կապը կամ Wi-Fi-ը։ Այնպես որ, եթե ցանկություն կա մեղուներին գոնե չխանգարելու, ապա հարկավոր է որոշ ժամանակով կտրվել սմարթֆոններից ու «այփադներից»։