
PKK-ն կարող է վերադառնալ Թուրքիա և սկսել մեծ պատերազմ. Ջեմալ Բայըք

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) քաղաքացիական թև «Քրդստանի համայնքների միության» (KCK) գործկոմի նախագահ Ջեմալ Բայըքն Իրաքից սպառնացել է Թուրքիայի իշխանություններին.
«Եթե ձախողվի քրդական հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ապա PKK-ն կարող է վերստին վերադառնալ Թուրքիա: Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը ոչ լրջորեն և երկակի է մոտենում խաղաղ կարգավորմանը և վախենում է ժողովրդավարությունից:
Հուսով եմ, որ խաղաղության գործընթացը չի տապալվի: Եթե ԱԶԿ-ը շարունակի գործել նույն կերպ, ապա հարավ (Հյուսիսային Իրաք) բերված զորամիավորումները կարող են վերադառնալ հյուսիս (Թուրքիա): Այդ ժամանակ իսկապես կարող է սկսվել մեծ պատերազմ: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը PKK-ին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ ընդգծելով, որ ցայժմ Թուրքիայի տարածքը լքել է PKK-ականների միայն 20 տոկոսը, այն էլ՝ հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ: Ի դեպ, PKK-ն այժմ ստեղծում է արհեստավարժ բանակ: