
«Օֆշորի գործով» հրապարակման ենթակա նորություներ չկան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորի գործով քննությունը դեռ ընթանում է, ամեն ինչ նորմալ է և հրապարակման ենթակա նորություներ չկան: 168.am-ի հարցմանն ի պատասխան` այսպիսի գրություն է տրամադրել ՀՀ ոստիկանության՝ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ուղղված դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն և կցվել վարչության վարույթում քննվող քրեական գործին` համատեղ ընթացքը լուծելու համար:
Նույն քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով Կիպրոսի դատախազությանն ուղարկվել են միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություններ` Կիպրոսի տարածքում համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու խնդրանքով, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:
«Քրեական գործով նախաքննությունն ընթանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ, որի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` քրեական գործով նախաքննության արդյունավետության ապահովման և գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության համար»,- նշել են ոստիկանությունից: