Բաժիններ՝

Լևոն Բարսեղյան. «Օդում, ջրում և ցամաքում, ես ու իմ պես մտածողներն ամեն ինչ անելու ենք այդ ծառերը պահպանելու համար»

Օրերս Գյումրիում քաղաքի մի շարք խնդիրների հետ կապված տեղի ունեցավ նախադեպը չունեցող հանրային քննարկում: Քննարկումն իր ձևաչափով առաջինն էր, քանզի մինչ օրս քաղաքացիների կարծիքը պարզապես «բանի տեղ չէին դնում»: Վերջապես սայլը տեղից շարժվեց: Հանրային քննարկումը տեղի ունեցավ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնում: Քննարկման դրված հիմնական հարցերը երեքն էին. Վարդանանց հրապարակի եղևնիների հետագա ճակատագիրը, որը վերջին շրջանում քաղաքում քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել, Գյումրիի  օրհներգի ընտրության հարցը և Գյումրիի կարգախոսի ընտրության չափորոշիչների քննարկումը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու հերթական նիստից առաջ ավագանիներին առաջարկել էր նշյալ հարցերը ներկայացնել հանրային քննարկման: Ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների` վերջիններս նշված հարցերի շուրջ ոչ մի հստակ դիրքորոշում չեն բարձրաձայնել` հարցը թողնելով հանրության որոշմանը, որի վերլուծությամբ էլ կկայացվի հստակ որոշում:

Gyumriii5

Օրակարգի առաջին ու թերևս հիմնական հարցի ներկայացման շրջանակներում Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն իր խոսքում նշեց, որ հրապարակի եղևնիների հետագա ճակատագրի հետ կապված` քաղաքապետարանը ստացել է բազմաթիվ առաջարկներ և ՛ համաքաղաքացիների, և ՛ հասարակական  կազմակերպությունների կողմից. «Եղևնիների հարցը քաղաքաշինական, բնապահպանական և կենսամիջավայրի փոփոխության հետ կապված հարց է, հետևաբար քաղաքապետը, առաջնորդվելով օրենքի տառով, կազմակերպել է հանրային քննարկում: Օգոստոսի 9-ից սկսած Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվել էր համապատասխան հարցում` «Համաձա՞յն եք Վարդանանց հրապարակի եղևնիները փոխարինել դեկորատիվ այլ միջոցներով»:

Կարդացեք նաև

Gyumriii2

Հարցման արդյունքներով՝  հարցման 1026 մասնակիցների 51.3 տոկոսը դեմ է եղևնիների տեղափոխմանը, իսկ 48.7 տոկոսը` կողմ: Բացի այդ, քննարկումներ են եղել նաև «Ասպարեզ» ակումբում, «Շրջապատ» շաբաթաթերթում, և կարելի է ասել, որ կարծիքները բավականին տարբեր են»,-ասաց նա:
Հարցումներին դեմ քվեարկող անձանց հիմնական  փաստարկները կապված են այն հանգամանքի հետ, որ քաղաքում դեռևս հազարավոր չլուծված խնդիրներ կան, Գյումրիում անօթևանների և անապահով ընտանիքների թիվն ամենանամեծն է երկրում, և այդ իսկ պատճառով՝  նպատակահարմար չէ հիմա, այս պահին քննարկել եղևնիների հարցը, կամ բյուջեից գումարներ տրամադրել դրանց տեղափոխման համար:

Gyumriii4

Մի շարք բնապահպանների կարծիքով՝ այդ եղևնիներն ուղղակի անհնար է տեղափոխել՝ դրանց բարձրության ու մեծության պատճառով: Բացի այդ, կարծիքներ հնչեցին, որ եղևնիներն արդեն ծեր են, տգեղ և խանգարում են հրապարակի ընդհանուր տեսքին, մասնավորապես՝ հրապարակի երկու եկեղեցիների` Սուրբ Յոթ Վերքի և Ամենափրկչի ընդհանուր տեսքին: Այս կարծիքին ի պատասխան բնապահպանները նշեցին, որ եղևնիների միջին տարիքը 150-200-ն է, ուստի այս պարագայում քննարկել եղևնիների` «տարիքով» լինելու հարցն, ուղղակի անհեթեթ է: «Հարիր չէ ՞ նման եղևնիներ ունենալ հրապարակում: Իսկ հարի ՞ր է, որ հրապարակում մուրացկաններ լինեն»,-ասում էին  բնապահպաններն ու քննարկմանը ներկա գտնվող մի շարք համաքաղաքացիներ: Իհարկե, հարիր չէ: Սակայն, չգիտես ինչո՞ւ, օրհասական հարցերը  միշտ երկրորդական տեղում են, այնպես, ինչպես երկրորդական փողոցներն են անտեսվում, ինչպես մեծաթիվ անօթևաններն են անտեսվում,  ինչպես անտեսվում է արտագաղթի ու աղքատության ամենաբարձր մակարդակն ունենալու հիմնախնդիրը:

Gyumriii3Հարցերի շուրջ իրենց կարծիքներն արտահայտեցին մի շարք համաքաղաքացիներ: Մասնավորապես, «Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանն իր խոսքում նշեց, որ գովելի է նման հանրային քննարկումների կազմակերպումը, և հուսով է, որ համայնքի  մյուս կարևոր հիմնախնդիրների շուրջ ևս նման հանրային քննարկումներ կկազմակերպվեն. «Վերջին 10 տարվա ընթացքում եղևնիների հարցով նման քննարկումներ եղել են: Կարծում եմ, որ այս պահին էական չէ անդրադառնալ հրապարակին: Հրապարակն արդեն նորմալ վիճակի բերված է: Պետք է հրապարակը հանգիստ թողնենք և անցնենք քաղաքի ծայրամասերին, տնակային ավաններին, որտեղ ահավոր վիճակ է: Քննարկումներ են պետք այդ  տնակային ավանները, թաղամասերն ու  փողոցները վերականգնելու համար: Կարծես եղևնիների ցավ է պատել: Եղևնիներին հանգիստ թողնենք գոնե առաջիկա 5 տարիներին, դրանից հետո, երբ ամբողջ քաղաքը տեսքի գա, նոր կանդրադառնանք հրապարակի տեսքը կարգավորելու կամ նմանատիպ այլ հարցերին: Խնդրում եմ, որ մենք, ի վերջո, քաղաքի կենտրոնից դուրս գանք, որովհետև մենք նմանվում ենք Հայաստանի իշխանություններին, որն ամեն ինչ կենտրոնացնում է մայրաքաղաքում: Հուսով ենք, որ այս քննարկման շնորհիվ վերջակետ կդրվի եղևնիների ու նաև հրապարակի հարցին և մենք կանդրադառնանք քաղաքի մյուս մասերին, հատկապես տնակային ավանին»:
Քննարկման ընթարցում պարզվեց, որ քաղաքապետարանին` եղևնիների հետագա ճակատագրի, այսինքն՝ ամենայն հավանականությամբ վերջիններիս հատման հետ կապված քաղաքապետարանին առաջարկ ներկայացրած միակ կազմակերպությունը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն էր, որը ներկայումս տեղակայված է Գյումրիի քաղաքապետարանի շենքում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հարցով դիմեց ներկաներին. «Կա՞  «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչ դահլիճում: Չկա: Եթե ես մի առաջարկ եմ անում՝ անպայման գալիս եմ դա պաշտպանելու, չէ՞»:

Բանկի ներկայացուցիչներն այդպես էլ չէին ներկայացել քննարկմանն այն դեպքում, երբ վերջիններիս հրավեր ուղարկվել էր: Եղևնիների տեղափոխման հետ կապված Լ. Բարսեղյանը նշեց. «Եթե «գեղեցիկի» մասին սահմանում գիտեք, ասեք, սաղ հարցերը կլուծվեն: Չկա նման սահմանում: Եթե որևէ մեկը գտնում է, որ ծառերը խանգարում են շենքին, ապա շենքը 5  մետր հետ տարեք:  Մի՛ կտրեք այդ ծառերը: Մեր քաղաքն այնպիսի պրոբլեմների մեջ է, ինչպիսիք չունի Հայաստանի որևիցե այլ բնակավայր: Բնակչության 15 տոկոսն անօթևան է, 48 տոկոսն աղքատ է` պաշտոնական տվյալներով, փողոցների 80 տոկոսն ավերակ է: Հարկավոր է 60-80 միլիարդ դրամ, որպեսզի փողոցները խելքի գան: Մեր բյուջեն 3.2 միլիարդ դրամ է: Ու էլի մի շարք խնդիրներ` գործազրկություն, աղքատություն, և այլն: Ժողովուրդ ջան, էս հարցն էն հարցը չէ… օդում, ջրում և ցամաքում ես ու իմ պես մտածողներն ամեն ինչ անելու ենք այդ ծառերը պահպանելու համար»:
Քննարկման վերջում Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն իր խոսքում ներկայացրեց օրակարգի առաջին հարցի վերաբերյալ վերջնական որոշումը, այն է` եղևնիները մնում են իրենց տեղում: Օրակարգի մնացած երկու հարցերն էլ հետագա քննարկման են ենթարկվելու:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս