Բաժիններ՝

Արաքս գյուղում ոչ ջուր կա, ոչ գազ

Սահմանամերձ Արաքս գյուղում անհրաժեշտություն չի առաջանում հարցնելու, թե բնակիչներն ի՞նչ խնդիրներ ունեն: Գյուղացիները հավաքվում են, ու, իրար հերթ չտալով, պատմում պրոբլեմների մասին: Խնդիրները շատ են ու բոլորն էլ առաջնահերթ: Կառավարությունում այդ խնդիրներին ծանոթ են վաղուց, սակայն ոչ քայլ են ձեռնարկում, ոչ էլ հույս տալիս, որ առաջիկայում կլուծվեն դրանք:

Արաքսի հողերը դեռ խորհրդային տարիներին հայտնի էին իրենց բերրիությամբ: «Գյուղացուն ոչ մի գործ չէր մնում անելու, մեր կողմերում չգիտեին` պարարտանյութն ինչ ա: Սերմը գցեցիր, գոմաղբը բոլ-բոլ տվեցիր, ջուր արեցիր, էդ ա, աշնանը բերքը լիուլի կլիներ»,- հիշում է Սամվել պապիկը` երանի տալով «էն թվերին»:

Այսօր Արաքսի հողերի 80 տոկոսը չի մշակվում: Գյուղում բոլորն էլ հող ունեն, սակայն տարեցտարի հողագործությունից հրաժարվողների թիվն ավելի է աճում: Սյս տարի ընդամենը 10 հեկտար ցորեն է ցանվել: «Ինչի՞ մենակ ցորեն, ստեղ պոմիդոր էլ է աճում, վարունգ էլ, բիբար էլ, պտղատու ծառեր էլ, բայց ջուր չկա, հողը ջուր ա ուզում, ամռան շոգին հողը ծարավից ճաքում է, քիչ է մնում` գոռա` ասի, ինձ ջուր տվեք»,- իրավիճակը պատկերավոր ներկայացնում է հողագործ Մուրադը, որ արդեն չորս տարի է՝ հրաժարվել է հողագործությունից:

Թե ինչո՞ւ ջուր չկա՝ ոչ ոք հստակ չգիտի: Գյուղացիների խոսքերով, ջրի պատասխանատուները հայտարարում են, թե ջուրը բոլորին չի հասնում, պետք է հերթագրվել, սակայն հողը հերթագրում չի հարցնում: «Պետք է իր ժամանակին ջրես, հողագործությունն էլ իր կանոններն ունի, կա հստակ սահմանում, թե որքան ժամանակը մեկ պետք է ջրես, որ հողը բերք տա»,- ասում է նախկինում բրիգադիր Վոլոդյան, ով արդեն վեց տարի շինարարության վրա է աշխատում: Բահն էլ է մոռացել, հողի լեզուն էլ ու սկսել է իրեն ոչ հոգեհարազատ գործով զբաղվել: Գյուղում մնալ՝ Վոլոդյան չի ուզում: Որդին ընտանիքի հետ Կրասնոդարում է, ինքն էլ է ուզում տեղափոխվել, բայց դեռ չի համարձակվում վերջնական որոշում կայացնել: Վոլոդյային այսօր գյուղում պահում է կնոջ գերեզմանն ու ծիրանի այգին: Հսկայական ծիրանի այգի ունի, որը ջրի բացակայության պաճառով չորանում է: «Որ նայում եմ՝  ոնց են չորացել թառամել, լացս գալիս է, երեխուս նման պահել եմ, որ ճյուղ տան, բողբոջ տան, հիմա սենց չորացել-մնացել են»,- գրեթե լացելով ասում է Վոլոդյան:

Կարդացեք նաև

Այն գյուղացիներն, ովքեր հնարավորություն ունեն, իրենց բակերում խորքային հորեր են փորել ու արտեզյան ջուրն օգտագործելով՝ կարողանում են տնամեձ հողամասերը մշակել: Ստացված բերքը հազիվ բավականացնում է ընտանիքի անդամներին:

Գյուղը նաև գազիֆիկացված չէ: Ձմռանն ով՝ ինչպես կարողանում է տունը տաքացնում է: «Գյուղացիների մեծ մասն աթարով ա տաքացնում, հատուկենտ ընտանիքներ կան, որ փայտ են վառում»,- ասում է տիկին Գյուլնարան ու հավելում, որ գյուղում աթար թխում են բացառապես կանայք: «Արդեն սովորել ենք էս կյանքին, որ դժգոհենք ի՞նչ պետք ա անենք, մեզ ո՞վ պետք ա բանի տեղ դնի: Մի օր լավ, մի օր վատ՝ յոլա ենք գնում»,- ասում է Գյուլնարայի հարևանուհին` Մետաքսյան:

Մի օր լավ, մի օր վատ՝ յոլա են գնում նաև գյուղի փոքրիկները: Միակ կառույցը, որ կարող է փոխել փոքրիկների դժգույն առօրյան` մանկապարտեզն է, բայց այն էլ համարվել է վթարային: Տանիքն ու պատուհանները ջարդված են, պատերը` ճաքած: Մարզպետարանից խոստացել են, որ պետք է նոր մանկապարտեզ կառուցեն, բայց թե ե՞րբ` հայտնի չէ: Մինչ այդ, գյուղի փոքրիկների մի մասը ամեն օր հարևան Ջրառատ գյուղի մանկապարտեզն է հաճախում: Մյուս մասն էլ սպասում է դպրոցին: Գյուղի միակ միջնակարգ դպրոցը թեպետ վթարային չէ, սակայն բարեկեցիկ վիճակում էլ չէ: Կառույցը չի ջեռուցվում ու տարվա վեց ամիսն աշակերտները պարապմունքներն անցկացնում են սառնամանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս