Կապիտանը բուժքրոջ առաջխաղացման համար կաշառք է պահանջել
ՀՀ ՊՆ N զորամասի կադրերի շարային և համալրման բաժանմունքի պետ, կոչումով կապիտան Վահե Օհանյանը խաբեությամբ մեծ գումար հափշտակելու համար Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով։
Ըստ «Փաստինֆո»-ի Վահե Օհանյանը, ծանոթանալով նույն զորամասի վնասվածքաբանական բաժանմունքի հերթապահ բուժքույր՝ Ռ.Կարապետյանի ամուսնու՝ Հ.Աճեմյանի հետ, խոստացել է աջակցել վերջինիս կնոջն ավագ բուժքրոջ հաստիքում նշանակելու գործում և պահանջել 2000 ԱՄՆ դոլար։ Կապիտանը գումարը ստացել է ու հափշտակել, իսկ գործն այդպես էլ առաջ չի շարժվել։ Տարբեր մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրված կապիտանին նախաքաննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասին 2 և 5 –րդ կետերով՝ խարդախությամբ գումար հափշտակելու համար։ Մեղադրանքն ընդունել է նաեւ մեղադրյալը դատարանին խնդրելով կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը բավարարվել է։
Վ.Օհանյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներման ակտը եւ ազատվել նշանակված պատժից։