Բաժիններ՝

Կինը ներեց ամուսնուն. ընտանեկան բռնության հերթական գործը կարճվել է

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է ընտանեկան բռնության հերթական գործը՝ դադարեցնելով կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ամուսնու՝ Սամվել Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սամվել Ավագյանը մեղադրվում էր կնոջը երկու դրվագով բռնության ենթարկելու մեջ։ Ըստ քրեական գործի նյութերի, 2013 թվականի մայիսի 4-ին ժամը 10:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ավագյանը բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը՝ երկու անգամ բռունցքով հարվածելով նրա գլխին, իսկ վերջինիս վայր ընկնելուց հետո էլ մեկ անգամ էլ ոտքով հարվածելով որովայնին։

Մեկ այլ դեպք էլ գրանցվել էր դրանից օրեր առաջ՝ 2013 թվականի ապրիլի 29-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում իր առանձնատանը, դարձյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ավագյանը կրկին ծեծի է ենթարկել կնոջը՝ բռունցքով հարվածելով գլխին։

Երկու դրվագի համար էլ նախաքննական մարմինը կնոջ հետ բռունցքներով հարաբերվող Ավագյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հուլիսի 4-ին գործն ուղարկել դատարան։ Իսկ 2013 թվականի հուլիսի 31-ի դատական նիստում տուժողը հայտարարել է, որ հաշտվել է ամուսնու` ամբաստանյալ Սամվել Ավագյանի հետ՝ խնդրելով նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ քրեական oրենuգրքի 118-րդ հոդվածով նախատեuված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կաuկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաuտանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման, իսկ սույն գործով տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ՝ դատարանը դադարեցրել է Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս